Վիրավորանքով քողարկված ասելիքի բացակայություն

Aug 13, 2011 21:36

Մի քանի օր առաջ Հնչակյան կուսակցությունը մի հայտարարություն էր տարածլ՝ արձագանքելով ԱՍԱԼԱ-ի թեմայով իմ գրառումներին:
Այդ հայտարարությանը բովանդակային պատասխան չեմ տա, որովհտեւ սովոր չեմ իջնել հայհոյանքի եւ վիրավորանքի այդ մակարդակին:
Առավել եւս, որ սույն հայտարարությանը շատ դիպուկ պատասխանել է իմ լավ բարեկամ, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն՝ երկվա իր խմբագրականում:  «90-ականների կեսերին Հայաստանում կար այսպիսի «հրապարակախոս»՝ Եղիա Նաճարյան, որը ամեն շաբաթ միայնակ գրում էր իր հսկայածավալ թերթի՝ «Հնչակ Հայաստանի» բոլոր նյութերը: Դրանք համեմված էին ամենագռեհիկ, հայհոյախառն արտահայտություններով, որոնց հիմքում Բեյրութի Բուրջ Համուտ կոչվող հայկական թաղամասում տարածված բառապաշարն էր: Հանգուցյալ պարոն Նաճարյանն անչափ նվիրված էր առաջին նախագահին եւ ատելով ատում էր դաշնակցականներին, որոնց հետ նույն Բեյրութում, հավանաբար, ինչ-ինչ հաշիվներ ուներ: Հենց այդ երկու պատճառներով էլ նրան ոչ ոք կարգի չէր հրավիրում:
Թեեւ ո՛չ այն ժամանակվա, ո՛չ էլ այսօրվա հայկական մամուլը առանձին բարեկրթությամբ չի փայլում, այնուամենայնիվ, հայհոյանքների առումով «Հնչակը» անգերազանցելի է եւ, հուսով եմ, այդպիսին էլ կմնա: Իսկ հիշեցի ես նրան (ավելի ճիշտ, FB-ում Աննա Իսրայելյանը հիշեցրեց) այն պատճառով, որ վերջերս հրապարակվեց «Հնչակյան կուսակցության վարչություն» ստորագրված մի հայտարարություն, որը մեկին մեկ հիշեցնում է պարոն Նաճարյանի ոճը, ինչից կարելի է ենթադրել, որ հայտարարության հեղինակները որոշակի առնչություններ ունեն նույն թաղամասի լեզվամտածողության հետ: Հայտարարությունը, այսպես ասած, «անարգանքի սյունին է գամում» քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, որի տեսակետների հետ ես կարող եմ նաեւ համաձայն չլինել, սակայն նա, իմ կարծիքով, խնդիրները վերլուծում է հենց քաղաքագետի, ոչ թե այս կամ այն ուժի քարոզչի մոտեցումներով: Հնչակների հայտարարության մեջ պարոն Սուրենյանցի հասցեին օգտագործվում են՝ «նողկալի», «զազրելի», «կիսագրագետ», «հոգին 20 արծաթով վաճառած մի արարած», «թուրք եւ ազերի բաշիբոզուկներից չտարբերվող», «բարբաջանք», «ծախու խոսափող», «խիղճն ու հոգին սատանային վաճառած ստահակ» եւ այլ որակումներ: Հայհոյանքների այդ տարափի պատճառն այն է, որ քաղաքագետը ԱՍԱԼԱՆ անվանել է ահաբեկչական կառույց: Չխորանալով այդ բարդ եւ նուրբ թեմայի մեջ, ասեմ, որ այսօրվա՝ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի տեսանկյունից պարոն Սուրենյանցը, իմ կարծիքով, միանգամայն իրավացի է: Պետք է ուղղակի երեւույթը դիտել այն պատմական  իրողությունների համատեքստում, որոնք ձեւավորվել էին նախորդ դարի 60-70-ական թվականներին եւ արժանին մատուցել այդ տղաներին: Սակայն վերջին 20 տարում մենք ունենք պետություն եւ բանակ, եւ հայերի բոլոր հերոսություններն ու մաքառումները, ինձ թվում է, պետք է շաղկապված լինեն այդ երկու ինստիտուտներով: ԱՍԱԼԱ-ի այն ներկայացուցիչները, որոնց հետ ես պատիվ ունեմ ծանոթ լինելու, հենց այդպես են մտածում: Գիտեմ նաեւ, որ կա նույն կազմակերպության անունից ներկայացող մի խումբ, որ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին «դավաճան» է անվանում: Եվ, վերջապես, կան սփյուռքյան հնչակները, պարզվում է, Հռոմի պապից ավելի կաթոլիկ են եւ որոշել են հայհոյանքների ձեւով ի ցույց դնել իրենց հայրենասիրությունը»,- գրել է պարոն Աբրահամյանը:
Ի հավելումն ասվածի կատարեմ մի քանի պարզաբանում.
1. Հնչակյան անունով Հայաստանում հանդես է գալիս Վահան Շիրխանյանի ղեկավարած սակավամարդ խումբը, որն իրեն դուրս դրեց Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից եւ իբրեւ թե ներկայացնում է համահայկական հնչակյան կենտրոնին՝ Սեդրակ Աճեմյանի գլխավորությամբ: Թե ինչ բնավորություն ունի Շիրխանյանը, թողնում եմ հասարակության եւ նրան ճանաչողնրի դատին,
2. Հնչակայան անունով հանդես եկած այս խումբն ակնհայտորեն գովազդվելու կարիք է ունեցել՝ այս անգամ օգտագործելով իմ անունն ու առիթը: Ավելի լավ կլիներ՝ նրանք պատասխանեին այն հարցին, թե ինչո՞ւ ավանդական կուսակցություններն այդպես էլ չկայացան Երրորդ Հանրապետությունում: Միայն ՀՅԴ-ն սահմանափակ ներկայություն ունի խորհրդարանում, իսկ ՍԴՀԿ-ն եւ ՀՌԱԿ-ն անընդհատ պառակտվում են, ընդ որում «մրցակցության» պատճառ է հաճախ լինում այն, թե որ խումբն է տնօրինելու մայր կառույցից Հայաստան հոսող փողերը,
3. Հնչակայն կուսակցության հայտարարության առիթով՝ ես դատարանում պաշտպանելու եմ իմ պատիվն ու արժանապատվությունը: Սա էլ միայն այն բանի համար, որ քաղաքական պոռոտախոսությունը, ընդդիմախոսին անվանարկելու ավանդույթը դատապարտվի:

ՍԴՀԿ, քաղաքականություն, արձագանք, ես

Previous post Next post
Up