Դանիել Վարուժան "Ցան"

Jan 26, 2011 18:35

Ցան

Սերմանո՛ղն է: Հաղթահասկ կկանգնի
Մայրամուտին շողերին մեջ ոսկեթույր:
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կտարածեն մերկություննին անպարույր:

Լի է ամբողջ ցորեններով աստղահատ
Խորունկ գոգնոցն: Հերկերն հերվան` ծարավի`
Կսպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
Արտերուն վրա` զերթ արշալույս կբացվի:

Մշա´կ, ցանե՛.- հանուն տանդ սեղանին
Թևիդ շարժումն անպարագի´ծ թող ըլլա.
Վաղը` նետած ցորեններդ այդ կթափին
Օրհնության պես թոռնիկներուդ գլխուն վրա:

Մշա´կ, ցանե՛.- հանուն նոթի թշվառին
Թող գոգնոցեդ կես չելլե ափդ բնավ.
Աղքատ մ’այսօր ճրագին մեջ տաճարին
Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:

Մշա´կ, ցանե՛.- հանուն Տիրոջ նշխարին
Թող մատերեդ հորդին սերմեր լուսեղեն.
Վաղը ամեն մեկ հասկի մեջ կաթնային
Պիտ’ հասուննա մաս մ’Հիսուսի մարմինեն:

Ցանե՛, ցանե՛. - նույնիսկ հեռու սահմանեն,
Աստղերու պես, ալիքներու պես ցանե՛:
Ծիտերն ինչ փույթ, թե հատիկներդ կավարեն.-
Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:

Լեցու´ր ակոսն, հորդե´ հերկերը բերրի,
Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին:
Օրը ահա կիրիկնանա.- կերկարի
Շուքը թևիդ հորիզոննե՛րն աստղային:

Դանիել Վարուժան

քնարերգություն, Դանիել Վարուժան, Հացին երգը

Previous post Next post
Up