(no subject)

Oct 01, 2012 12:54

Երիտասարդ, գեղեցիկ ու բութ մամուլյան դստերը բերել է կոսմետոլոգի մոտ, որ երեխայի ականջները ծակեն: Չէ՞ որ ականջօղը խիստ անհրաժեշտ բան է 5-ամյա երեխայի համար: Հրատապ անհրաժեշտություն, ես կասեի:

Մի ականջը ծակելուց հետո երեխան լացեց, գոռաց "էլ չեմ ուզում" ու, կներեք, հետ տվեց: Դրանից հետո սկսվեց 40-րոպեանոց մղձավանջը: "Սուս, հեսա գնում ենք", հետո երեխայի աչքերն է փակում ձեռքով ու բռնում գլուխը, որ մյուս ականջն էլ ծակեն: Ճվոց, հիստերիկ լաց ու դող ու հեկեկալով "չեեեեեմ ուզում": "Սուս, հեսա կծեծվես", ու նորից նույնը: 10 րոպե դադար, "որ հանգստանա" ու նորից ու նորից ու նորից:

Երբ երեխան հետ տվեց երկրորդ անգամ, երբ այցելուները, վարսավիրն ու կոսմետոլոգը մի քանի անգամ ասեցին. "պետք չէ երեխային էդ օրը գցել", նոր այդ բութ արարածը վեր կացավ, կատաղած սրբեց երեխայի արցունքները ու քարշ տալով տարավ: Չեմ զարմանա, որ տանը երեխան պատժվի մայրիկի հույսերը չարդարացնելու համար:

Եթե դա տեղի ունենար բժշկի կաբինետում, և երեխայի համար խիստ կարևոր ինչ-որ բժշկական միջամտություն լիներ, մի կերպ կընկալեի: Չնայած այս պարագայում նույնպես հազար ու մի տարբերակ կա երեխային այդ օրը չգցելու համար: Բայց հանո՞ւն ականջօղի: 5 տարեկան պարտեզ հաճախող երեխայի՞ն:

Կանանց մի տեսակ կա, որոնց ընկալման մեջ կինը միայն էգ է: Շաղակրատող, նազ ու տուզ անող, քսվող դզվող էգ: Նմանի ուղեղի մեջ մանկություն հասկացությունը չկա: Կա մեկ տարեկանից փոռիկավոր պլպլան շորեր հագցնելու և հարսանիքներով ու ծնունդներով երեխային քարշ տալու մոլագարություն: Խաղալ, նկարել, կարդալ, թանգարան բան... ի՞նչ կարիք կա, իսկ այ ասենք երեխային սովորեցնել պորտապար պարել, կամ կոկետություն անել, կամ մազերին մի տոննա փայլ և «ստռազներով շորիկներ»` святое дело! Նմանի երեխան իր համար ցուցափեղկ է: Ու այդ ցուցափեղկն համարձակվում է հրաժարվել նոր զարդից:

Որ փորձես բացատրել, որ այդ երեխայի կյանքում այնքան խրթին իրավիճակներ են լինելու, որ դեռ մի հարյուր անգամ պետք է երեխայիդ տանես, որ սրսկեն, արյուն վերցնեն, Աստված ոչ անի, բժշկական հազար ու մի միջամտություն է լինելու, ամեն անգամ է՞ս օրն ես գցելու, որ էդ անիմաստ ականջողն ես դեմ տվել, չի հասկանա, չի ընկալի ու մի բան էլ վրա կտա. «իմ երեխան է, քոնը չէ»:

Ատում եմ այս պահերը, երբ աչքիս առաջ երեխաներին անիմաստ պատժում են, ստորացնում են, խեղում` կաթիլ կաթիլ ձևավորելով հարազատ երեխայի ապագա բարդույթները:

Ատում եմ սեփական անզորությունը ծնողական “սիրո” այս դրսևորումներին ականատես լինելու ժամանակ:


մանուկներ, աբսուրդի թատրոն

Previous post Next post
Up