Աբո՛, էրեխեն քննության պիտի գնա:

Dec 13, 2011 21:22

Հուշերի գիրկն ընկա, մի դեպք հիշեցի:
93 թվականն էր: Տրանսպորտ չկար: Ավելի ճիշտ, ընդամենը մեկ ավտոբուս էր Սևանից գալիս Երևան: Իսկ ես քննության եմ: Առավոտյան ժամը յոթին պապայի հետ դուրս եկանք, և երբ հասանք ավտոկայան, լրիվ սյուռ տեսարան էր: Ավտոբուսի՝ դարն ապրած, փնթփնթան ու հոգնած ՊԱԶ-ի վարորդը, դռների մոտ կանգնած տարօրինակ սպորտային շարժումներ էր անում:

Մոտեցանք, պարզվեց, տոփանող-հրող է աշխատում: Մարդկանց հրում էր ներս, որ դռները փակվեին: Ու հո՛ չէր բարկանում: Բա հո հեշտ չէր յոթանասուն հոգուն տեղավորել երեսուն հոգու համար նախատեսված ՊԱԶ-ի մեջ:
Այդպես ջղային հրեց ու տոփանեց, դռները փակեց, քրտինքը սրբեց, եկավ առջևի դռներն էլ հերակլեսյան ճիգով վրա վրա բերեց, մեջքը շտկեց ու - բա բախ-  տեսավ մեզ:

-Տեղ չկա՛, - թափ տվեց ձեռքը, - ըսկի, դաժե մե սանտիմ տեղ չկա: Ֆսյո:
-Աբո՛, էրեխեն քննության պիտի գնա:
-Չէ՛, ախպեր, տեղ չկա՛:
Ու արագ արագ բարձրացավ, նստեց իր տեղը: Պապան տեղից չշարժվեց: Ոնց կանգնած էր ավտոբուսի դիմաց, շարունակեց կանգնել:
Աբոն մոտորը խոդի գցեց: Հայրս չշարժվեց: Աբոն գլուխը պատուհանից հանեց ու.
-Այ ախպեր, գյա ի՞նճ կարամ անեմ:
Հայրս ձեռքով, բա՝ իջի՛:
Աբոն՝ ծովագյուղցի խելոք համեստ ջղային, կոպիտ, բայց շա՛տ բարի Աբոն, փնթփնթալով  իջավ, պապան մոտեցավ վարորդի նստարանին ու ինձ մոտ կանչեց:

-Ախպեր, ի՞նչ ես անում, - մի տեսակ շշմեց խեղճ Աբոն:
-Ասեցի, էրեխեն քննության ա, - կարճ կապեց հայրս ու ինձ բարձրացրեց վերև:

Եթե հիշում եք, ՊԱԶ-ի վարորդների նստարանը սրահից բաժանված էր բարակ թափանցիկ պատով: Եվ այդ պատի ու վարորդի նստարանի միջև մի 40-50 սմ տարածք կար: Ես սուս փուս կանգնեցի նստարանի հետևը: Պապան իջավ, ինձ ձեռքով հրաժեշտ արեցս, սեղմեց Աբոյի ձեռքը, ասեց՝ "Դե հիմա նստիր ու քշի, նորմալ կքշես":
Խեղճ Աբոն քորեց գլուխը, նստեց:
Թեքվեց նայեց ինձ, նայեց հորս, թոթվեց ուսերը:
-Քշի՛, - ժպտաց հայրս:
Քշեց:

Ճանապարհին մեկ մեկ գլուխը շուռ էր տալիս ու կամաց հարցնում.
-Այ բալա, լա՞վ ես:
-Լավ եմ, Աբո ձյա, լավ եմ:
-Տեսա՞ր, հերդ գլխիս ինչ օյին բերեց, վաղը քո կայնած տեղը մի իրեք հոգի գուքա ու կկայնի, բա՛..

ես, 88

Previous post Next post
Up