88: Շարունակություն:

Dec 13, 2011 20:23

UPD
Հայեր, ես որոշ տեքստային և բովանդակային փոփոխություններ եմ արել, ու մի քանի դրվագ ավելացրել: 88-89 թվականների դեպքերը հիշողությանս մեջ միախառնվել էին: Հիմա տարանջատել եմ:
Բայց այն հատվածները, որոնց արձագանքել եք, անփոփոխ են:)

Սկիզբն՝ այստեղ

88-ի ամառը շատ բուռն էր:
Ամեն օր որևէ նոր հոդված, նոր հրապարակում, պատմական որևէ փաստ: Թե Ռաֆայել Իշխանյանի, թե Արմեն Հովհաննիսյանի, թե Վազգեն Մանուկյանի և այլոց հոդվածներին մեծ անհամբերությամբ էինք սպասում: Այդ ժամանակ լույս տեսնող բոլոր թերթերը մեր տանը տեսակավորվում էին և գնում էին "արխիվ": Հայրս կտրականապես արգելել էր այդ թերթերին ձեռք տալ, և 90-ի սկզբին արդեն թերթերի սարեր էին գոյացել:

Իշխանյանի հետ կապված մի փաստ եմ հիշում, բայց դժվարանում եմ ասել, երբ էր, 88-ին թե՞ 89-ին: Հիշում եմ, որ Ռաֆայել Իշխանյանը կոտրել էր ոտքը և այդ մասին գրել էր "Պիոներ կանչը": Իսկ մենք դասարանում անհանգստացել էին, և ես զանգահարեցի "Պիոներ կանչի" խմբագրություն: Հարցրեցի Իշխանյանի մասին: Շատ բարեհամբույր պատասխանեցին, որ արդեն լավ է:

Եռուն, հետաքրքիր շրջան էր: Հեռուստատեսությամբ բավականին հետաքրքիր հաղորդումներ էին, բանավեճեր ու քննարկումներ: Հիշում եմ Ռոբերտ Մավիսակալյանի հաղորդումները, և մի հաղորդում կար, երիտասարդ տղաներ էին վարում, եթե չեմ սխալվում, հաղորդումը կոչվում էր "Արձագանք" (թե՞ "Անդրադարձ"): Շաբաթը մեկ օր, կարծեմ ուրբաթ երեկոյան:

Օգոստոս ամսին ԳԽ ընտրություններ էին: Եթե չեմ սխալվում, որոշ պատգամավորներ հրաժարվել էին մանդատներից, և այդ ընտրատարածքներում նոր ընտրություններ անցկացվեցին: Տեր-Պետրոսյանը անցավ Գերագույն Խորհուրդ, նաև Աշոտ Մանուչարյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը: Ոգևորված էինք, բա ո՛նց: "Ղարաբաղ" կոմիտեի տղաները խորհրդային տոտալիտար մեքենայի դեմ պայքարող մարտիկներն էին: Ու հիմա նրանք Գերագույն խորհրդում են, այդ կարծրացած պարտիականների կողքին..

Ամռանը մեր տանը հայտնվեցին Հ.Ա.Ա.Կ. կուսակցության (կիսագաղտնի կուսակցություն էր կարծեմ) բրոշյուրները: Բավականին ցածրորակ թղթի վրա տպված, հոդվածների մեծ մասը արևմտահայերեն: Հայրենասիրական բնույթի հոդվածներ էին, պատմական ակնարկներ: Մանավանդ առաջին հանրապետության մասին: Ռուսաստանից անկախանալու կոչեր: Այ դա զարմանալի էր: Որովհետև անկախության մասին ոչ ոք չէր մտածում: Համենայն դեպս իմ միջավայրում: Ու այդ բրոշյուրները  մի զավեշտալի պատմության մեջ ընկան: Արդեն հայկական դպրոցում թղթի թափոն էինք հավաքում, ես հին, խունացած թերթերի հետ մեկտեղ (Известия, Труд, կհիշե՞ք) մեխանիկորեն նույն տոպրակի մեջ դրեցի "Հ.Ա.Ա.Կ."-ի համարները, որոնք դեղնավուն թղթի վրա էին տպված: Երբ հասկացա, ինչ եմ արել, կապոցներն արդեն դպրոցի ձեղնահարկում էին, մուտքն էլ այնտեղ միայն աստիճաններով, այն էլ դրսից: Տնտեսվարին ասեցի, որ կարևոր փաստաթուղթ եմ թողել կապոցի մեջ, բարձրացա, խառնշտորեցի, գտա, ու հենց որ պիտի իջնեի, զանգը տվեց: Դե հո բալորի աչքի առաջ չէի իջնելու կտուրից: Լուռ արձանի պես նստեցի կտուրին, աշակերտների ու ուսուցիչների շշմած շշուկները լսելով, մինչև զանգը տվեց, բոլորը հեռացան, ու ես իջա:

Նոյեմբերին մեր ԳԽ որոշում ընդունեց, որ այսուհետ անցնելու են կենտրոնի այն որոշումները, որնց ԳԽ հավանություն կտա: Կարծեմ Մոսկվան բավականին սուր արձագանքեց, և Երևանում նորից պարետային ժամ մտցվեց: Սկսվեց աննորմալ տաք դեկտեմբերը:

Տաք եղանակն անհանգստացնում էր: Հողն էր տաք: Պատահել է, որ ձյուն չգար մինչև դեկտեմբեր, բայց ցուրտն ու քամին մշտական էին: Իսկ այդ օրերին այնքան տաք էր, կարծես գարնան շեմին էինք:

"Աման, երկրաշարժ չլինի": Մեծահասակների հիմնական անհանգստությունն էր: Իսկ մենք ինչ, մենք ուրախ էինք, որ տաք է, և որ Սևանին հատուկ "ղյամաթը" ուշանում է:

Դեկտեմբերի յոթին դպրոցում չեմ էլ հիշում ինչու, մեր դասերն ավարտվեցին շատ շուտ: Երրորդ դասից հետո մեզ տուն ուղարկեցին: Տղաները մնացին դասարանում “ղայիշ խաղալու”, ես ու ընկերուհիներս պատրաստվեցինք տուն գնալ: Դուրս գալուց առաջ աղջիկներից մեկը կանգ առավ և գլուխը բարձրացրեց վերև: Ես էլ զարմացած հայցքով հետևեցի իրեն: Հաջորդ պահին տրորում էի աչքերս, ծեփանների փոշին էր լցվել: Մինչ հասցրեցի ընկալել, ինչ է կատարվում, միջանցքի երկու կողմից վրա տվեց խառնված ու ճչացող աշակերտների ու ուսուցիչների ամբոխը: Ռուսական նորակառույց դպրոցում երկրաշարժը զգացվել էր շատ ավելի ուժեղ, և շատ ավելի շոշափելի հետքեր թողեց պատերին, քան մյուս դպրոցներում: Նորակառույց էր, "փառք" խորհրդային շինարարությանը..

Չեմ կարողանում ճիշտ բառեր ընտրել.. Չեմ կարողանում նկարագրել այդ մթագնած դեմքերը, տագնապը, սարսափը: Աղետ էր: Այդ մի քանի ժամը, որոնց ընթացքում գալիս ու գալիս էին լուրերը. Լենինականը չկա, Սպիտակը չկա: Շոկ: Մոլորվածություն:

Մի քանի օր չանցած, կարծեմ դեկտեմբերի 10-ին, ձերբակալեցին "Ղարաբաղ" կոմիտեի տղաներին: Հետո սկսվեց երեխաների ու ընտանիքների՝ խմբերով Ռուսաստան ուղարկելը: Անընդհատ խոսակցություններ էին պտտվում, որ երկրաշարժը պատահական չէր, որ բանակի գաղտնի հատուկ գործողությունների արդյունք էր, որ Գորբաչովը հենց երկրից գնում է, մի բան սարքում են, որ երեխաներին հատուկ են դուրս ուղարկում, որ "ռսանան", հետ չգան: Եվ այլն, և այլն, և այլն:

Ես չեմ էլ ուզում քննարկել այդ լուրերն ու ֆանտաստիկ տեսությունները: Պարզապես փաստում եմ, որ այդ օրերին դա ասվում էր անընդհատ ու ամենուր: Ու հավատում էր մեծամասնությունը: Մոսկվայից այդ ժամանակ ամեն ինչ հավատալու էր: Եթե վաղը սովետական զորքը գրոհեր, երևի ոչ ոք չէր զարմանա:

Երկրաշարժից մնացած ամենատհաճ - չեմ ասում ամենացավոտ, դա այլ թեմա է - ամենատհաճ զգացողությունը դա աղետի գոտի եկած օգնության հափշտակումներն ու թռցնելն էր, որտեղ՝ գաղտնի, որտեղ՝ բացեիբաց: Այս զգացողությունն էլ ավելի սաստկացավ այս տարվա Ֆուկուսիմայի դեպքերից հետո: Ճապոնացիների ծայրահեղ բարոյական պահվածքը և դիակապտության բացակայությունը մի կողմից առաջացնում էին խոր հարգանք նրանց նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ սաստկացնում ամոթը: Մեզ համար:

Ճապոնացիների պահվածքը էքսկլյուզիվ էր: Մերը՝ շարքային մարդկային:

Այդ ամիսն անցավ տագնապի, հետցնցումների, մգլապատ թուխպի մեջ:
Ամանորը դիմավորեցինք պապիկենց տանը: Լուռ:

Փետրվարին փակվեց ատոմակայանը: Ատոմակայանը փակելուն ուղղված ցույցերը մոլեգնում էին դեռ 88-ի հունիս-հուլիս ամիսներին: Որոշվել էր փակել 92-ին, բայց երկրաշարժից հետո այդ գործընթացն արագացվեց: Ատոմակայանի աշխատանքների դադարեցումը ցուցադրվում էր ուղիղ եթերով:  Մի կողմից, էկո ցույցերի "հետցնցումներն" ու երկրաշարժը, մյուս կողմից՝ ատոմակայանի աշխատողների մռայլ դեմքերն ու մի տեսակ օդում առկախ հարցը՝ բա հետո՞:

Իսկ այդ "հետո"-ն էլ ավելի սրվեց 89-ի հունիսին: Ցույցերի հերթական ալիքը ստիպեց ընդունել նոր որոշում, այս անգամ արդեն Նաիրիտի, հետագայում էլ Ալավերդու պղնձամոլիբդենային և Վանաձորի քիմիական գործարանների վերաբերյալ: Ընդհանրապես դժվարանում եմ որևէ որակում տալ այս քայլերին: Այն, որ "Ղարաբաղ" կոմիտեի պայծառ դեմքերը տնտեսագիտությունից և իրավիճակի սթափ ընկալումից հեռու էին, հասկանում եմ: Բայց ինչու՞ էր այդքան զիջող իշխանությունը:
Ի՞նչ կոլլապսի և շոկի մեջ էր Հայաստանի կոմկուսը: Չէ որ ուներ կադրեր, ուներ կառավարման փորձ, ուներ իշխանություն, գոնե այս տարիներին: Ե՞րբ Արցախի համար մի բռունցք դարձած ժողովուրդը դադարեց հասկանալ, թե ի՞նչ է անում: Դադարեց տարբերակել, թե որ խնդիրն է կարևոր, որը՝ պոպուլիստական և կոկորդ ճղոցի: Իսկ 89-ի ամռանը արդեն պետք է որ սթափվեին: Հուլիսից Հայաստանը ենթարկվել էր շրջափակաման: Լուրջ խնդիրներ էին հորիզոնին, իսկ հրապարակներում շարունակվում էին էկո ցույցերը:

Հիմա, տարիներ անց, մեծագույն դժվարությամբ եմ կարողանում ընկալել իրավիճակը:
Գնալով ավելի ու ավելի են սրվում հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ մենք գործարան ու ատոմակայն էինք փակում, գոռգոռալով էկոլոգիայի և առողջ սերունդների մասին...

89-ի առաջին ամիսներին մեր դասարանում հայտնվեցին առաջին երեխաները Բաքվից:
Կոնկրետ այն երեխաները, որոնք մեր դասարանում էին, բացարձակ հայերենին չէին տիրապետում: Ընդհանրապես, Հայաստան, հայկական խնդիրներ, հայկական պահանջատարիություն և նման հարցերը մեր նոր ընկերների համար դատարկ խոսքեր էին: Նրանց մեծ մասը հետագայում հեռացավ երկրից:
Զարմանք, որ հայի այսպիսի տեսակ էլ կա, առաջին անգամ այդ ամիսներին եմ զգացել:

Նրանցից տարբերվում էր միայն պատմության նոր ուսուցչուհին, որն էլի Բաքվից էր: Փոքրամարմին, դեմքի կեսը զբաղեցնող մեծ աչքերով, արծվաքիթ: Շատ գեղեցիկ էր: Բայց վախվորած էր ու երկչոտ: Նույնիսկ նկատողություն չէր կարողանում անել: Այն էլ մեր, մեղմ ասած վայրենի դասարանում: Դժվարանում եմ ասել, ինչեր էր նա տեսել, կամ ինչի միջով էր անցել: Քայլում էր շատ թեթև ու եթերային, խոսում կամաց, համարյա շշուկով: Ամաչում եմ, բայց նույնիսկ անունը չեմ կարողանում հիշել..

Գարնանը բաց թողեցին "Ղարաբաղ" կոմիտեի տղաներին: Այդ կադրերը լավ հիշում եմ: Ժողովուրդը ծովի պես կանգնած, ու նրանք շարքով անցնում էին՝ նիհար, մի տեսակ կծկված, խեղճացած, մթագնած: Մանավանդ տպավորվել էր Վանո Սիրադեղյանը: Ոնց որ կոնցլագերից փրկված..

Ամռան ամիսներին սկսեցի մտածել դպրոցը փոխելու մասին: Պատճառը որևէ կապ չուներ հայրենասիրական զգացմունքների հետ: Պարզապես սիրահարվել էի:  Դանիել Վարուժանին: Ինքնամոռաց: Բանաստեղծություններին, նամակներին, հոդվածներին, լուսանկարներին: Ու լրիվ այլ երանգներ էին ստացել Պոլիսն ու Սեբաստիան, Վենետիկն ու Բելգիան: Սուրբ Ղազարոս կղզին,Գենտի փողոցները, պելճիք գյուղը, Պոլսի թաղերը՝ ամենն արդեն վարուժանական էր ու հարազատ: Ամբողջ օրը ոգևորված պատմում էի՝ մամ, պապ, գիտե՞ք, բա Վարուժանը..., իսկ երեկոյան մեր տանը մաման ու պապան վեճ էին սկսում, ով է հիմա կարդալու այդ մուգ կապույտ հերթական հատորը: Ի՞նչ մասնագիտության մասին պետք է երազեի այսքանից հետո: Իհարկե, բանասերի: Որոշեցի, որ գնալու եմ բանասիրական, ու սկսվեցին երկոր ու ձիգ քննարկումները. ինձ համոզում էին, որ ռուսական կրթությամբ չեմ կարող: Այն, որ դա ցնդաբանություն էր, հասկացա, երբ արդեն սովորում էի հայկական դպրոցում: Մտայնությունը, որ ռուսական դպրոցի աշակերտները չգիտեն հայերեն, չեն կարող գրել, խոսել, պատմել, շատ ավելի խորն էր, քան ես պատկերացնում էի: Այնինչ հայոց լեզվի և գրականության արտակարգ ուսուցչուհիներ եմ ունեցել: Կիմա Գեղամովնան, որը մեզ սովորեցրեց հայերեն տառերը մարգարիտների պես շարել, ու նրա շնորհիվ է, որ շատ գեղեցիկ ձեռագիր ունեմ, Բիձոյան Սվետլանան, Սոնա Ռոբերտովնան:

Չնայած շատ ավելի կարևոր էր հորս ազդեցությունը: Մեր տանը արգելված էր ռուսերեն խոսել: Արգելված էին "телевизор", "холодильник" և այլ ռուսերեն բառերը: Հեռուստացույց, սառնարան, ձայնարկիչ: Աղբթափիկ: Ով չհասկացավ, դա совок-ն է: Եվ Թումանյան, Աղայան, Րաֆֆի ես կարդացել եմ շատ ավելի շուտ, քան Պուշկին և Լերմոնտով: Ինչևէ:

Մեկ ուրիշ պատճառ էլ կար. հիասթափությունը: Դեռահասին հատուկ ծայրահեղական դրսևորումները: Իսկ հիասթափությունը եկավ ցույցերից հետո: Լավ էլ ակտիվ դպրոցական ցույցեր էինք անում 8-րդ դասարանում: Պահանջում էինք ավելացնել հայոց լեզվի ու պատմության դասաժամերը: Ավելացրեցին: Ու ընտիր էլ մասնագետներ ունեինք: Բայց ո՞վ էր այդ դասերին նստում: Ցույցի պատճառ հա էլ կար: Ու հիասթափությունների մի շարան գնաց. ասելիքների ու անելիքների ցաքուցրիվության, դասընկերների ու ուսուցիչների նկատմամբ: Որևէ բան փոխել անզոր էի: Դասից չփախչել միայն, եթե դա հայոց լեզվի կամ պատմության դաս էր ու արժանանալ ուսուցչուհու զարմացած հայացքին. դու ինչու՞ ես մնացել:

Ինչևէ, որոշեցի տեղափոխվել հայկական դպրոց: Ինձ հետ միասին ևս մի աղջիկ մեր դասարանից տեղափոխվեց մեկ ուրիշ հայկական դպրոց: 9-րդ դասարանից մենք երկուսս էինք: Մեր տնօրենն այդ փաստին շատ սուր արձագանք տվեց: Նրան թվում էր, թե մեզ վրա ազդել են ծնողները և հասարակական խլրտումները: Բայց էլի ասում եմ, կոնկրետ իմ արարքը որևէ հայրենասիրական դրդապատճառ չուներ, և տանն էլ որևէ մեկը ոչ ազդել էր, ոչ դրդել: Հայրս, իհարկե գոհ էր: Բայց գոհունակությունը ցույց տվեց միայն տեղափոխվելուց հետո:

Երկար մտածում էի, արժե համեմատել հայկական ու ռուսական դասարաններս: Մտածում եմ, որ այո, պետք է: Առավել ևս, որ համեմատությունը վերաբերվում է կոնկրետ երկու դասարանների իմ ընկերներին, այլ ոչ հայկական ու ռուսական դպրոցներին ընդհանրապես:

Հետաքրքիր է, որ ես, իմ "մարդատյացությամբ" հանդերձ, ինձ նոր դասարանում շատ լավ էի զգում: Հայկական դասարանի ընկերներս շատ ավելի ջերմ էին ու սրտառուչ: Հենց հայկական դասարանում ես սկսեցի գնալ "քեֆերի", ծնունդների, երեկույթների, մի բան, ինչից միշտ խուսափում էի ռուսական դասարանում: Դասամիջոցներին ծիծաղում էինք, վազվզում ու կատակում: Մթնոլորտը շատ ավելի ուրախ էր ու անմիջական: Դասարանում խմբավորումներ չկային, ներքին պայքար, գժտություններ ու մշտական վեճ ու բամբասանք, ինչպես հին դասարանում՝ նույնպես չկար:

Միևնույն ժամանակ նոր ընկերներս ավելի փակ էին նորի նկատմամբ: Ու շատ ավելի ավանդապաշտ էին: Լայնախոհության մի տեսակ կա, որն նոր ընկերներիս մեջ չկար, կամ կար շատ քչերի մոտ: Օրինակ, այն փաստը, որ ես ընկեր ունեմ, գաղտնի էի պահում, քանի որ վերաբերմունքը միանշանակ վատն էր լինելու: Ու մի բան էլ. ես, որ նախկին դասարանում սովորական լավ աշակերտ էի, շատ արագ դարձա լավագույններից մեկը դասարանում: Մի քանի շաբաթ աղջիկները բավականին սառը վերաբերմունք էին ցուցաբերում: Պատճառն հետո հասկացա. ռուսականի աղջիկների մասին թյուր պատկերացումների շարքից էր:

Դպրոցն էլ շատ ավելի հին էր ու անխնամ, քան մեր նորակառույց, Էլեկտրոնիկի ֆիլմի դպրոցին նման ռուսական դպրոցը: Այս դպրոցը կառուցել էին դեռ գերմանացի ռազմագերիները: Հատակը փայտից էր, արագ վազելուց դղրդում էր, դասարանները՝ փոքր, նստարանները՝ հին: Զուգարանը խայտառակ վիճակում էր, մարզադահլիճը՝ նույնպես: Տեղ տեղ, քարուքանդ պատերի ծեփանների տակից երևում էին փայտե սյուները, դռներն ու պատուհանները հին էին, նեղլիկ և անշուք: Չգիտեմ, դպրոցի նման վիճակի պատճառն ինչն էր: Մյուս հայկական դպրոցները շատ ավելի նորմալ շենքային պայմաններ ունեին, քան այս դպրոցը: Ցավոք, հիմա դպրոցի շենքը քանդել են: Մի կողմից տխրում եմ, բակց մյուս կողմից հասկանում եմ, որ արդեն անհնար էր այդ շենքը շահագործել: Բայց և այնպես..

Այդ դպրոցում մի շունչ կար, մի աուրա, որ մնացած դպրոցներում չկար: Սևանի ամենահին դպրոցն էր. մեր տատիկների, պապիկների, հայրիկների մայրիկների դպրոցը: Կենդանի կապ էր մեր ավագ սերնդի հետ: Հիմա չկա..

Առաջին դասը, որ ձեռք բարձրացրեցի ու գնացի պատասխանելու, նոր պատմության դասն էր: Այնքան լավ ուսուցչուհի էր: Բարձրահասակ, արտակարգ գեղեցիկ մեծ աչքերով նորավարտ աղջիկ էր: Երբ դուրս եկա գրատախտակի մոտ, դասարանի "լավ" տղաներից մեկը, Կարենը ձեռքերը տարածեց, բա՝ "Արա՛,  հլը սաղդ սուս": Երբ սկսեցի պատմել, քա՛ր լռություն էր: Պատմեցի վերջացրեցի, և մինչ ուսուցչուհին կհասցներ մի բան ասել, Կարենը բարձրաձայն. "Արա՛, խոսում ա հայերեն.."
Թե ինչո՞ւ չպիտի խոսեի:
Ինչևէ: Շատ լավ հուշեր են պահպանվել այդ նոր դասարանից:

Հոկտեմբերին առաջարկեցին ընդունվել կոմերտմիություն: Ասեցի, որ ցանկություն չունեմ: Հետո երեխաները կատակ էին անում. "Մենք, մենք, 28 կոմերիտականներս և մեկ ոչ կոմերիտականս": Մեկ էլ պապայենք օգնություն էին տանում Ղարաբաղի գյուղերին: Ուղղաթիռով: Ուղղաթիռի վառելիքի գումարը սովորաբար փոխանցում էր որևէ հիմնարկություն, որի տնօրենը համաձայնում էր փոխանցել գումարը, հավաքում էին  սնունդ, հագուստ և այլ բաներ և տեղափոխում Ղարաբաղ: Մարդակերտի Մեծ Շեն գյուղ են տարել մի քանի անգամ:

Այս ամիսներին ադրբեջանցիները սուս փուս հեռանում էին: Ակնհայտ թշնամանք, հալածանքներ և նման դեպքեր չեմ հիշում: Հա, պապայի աշխատավայրում մի հիմար հարբած տրակտորիստ փորձել էր վիրավորել ադրբեջանուհի կանանց, տղամարդիկ հավաքվել ծեծել էին սրան:

Իսկ ահա 1989 թվականի դեկտեմբերի 1-ը .. Այդ օրը ԳԽ-ն վերջապես ընդունեց պատմական որոշումներից մեկը՝ հռչակեց Արցախի ու ՀԽՍՀ վերամիավորումը: Հեռուստացույցին կպած լարված նայում էինք: Հիշում եմ ինչպես դահլիճ մտավ Իգոր Մուրադյանը՝ դրոշը ձեռքին: Մոտեցավ ամբիոնին, թե ով էր խոսում, արդեն չեմ հիշում, բայց այդ կադրը, Մուրադյանի ամբիոնին հասնելը դրոշը ձեռքերում պահած ու վերմիավորումը բարձրաձայն հռչակելը դաջվել է հիշողությանս մեջ:  Հիշում եմ այդ սքանչելի մթնոլորտը: Շփոթված պատգամավորների դեմքերը: Հիշում եմ, որ դա միակ ընկալելի որոշումն էր այդ տարիների համար: Թե ինչ եղավ հետո, ինչ որոգայթներ ու դավեր եկան աղավաղելու այս փայլուն ձեռբերումը, այլ հարց է արդեն..

Մոտենում էր Ամանորը: 1990 թվականը Հայաստանը դիմավորելու էր Արցախի հետ վերամիավորումը հռչակած, շրջափակված, էկոլոգիապես մաքուր, բայց անհասկանալի հեռանկարով..

ես, 88

Previous post Next post
Up