Կարդացի Մարինա Ցվետաևայի հոր հետ պատահած
դեպքն ու հիշեցի իմ սիրելի քյարթերին)
Մի անգամ, երբ դեռ երիտասարդ դեղնակտուցիկ էի, մեր հեռու բարեկամներին հյուր էինք գնացել: Մամաները խոհանոցում անցան ինչ ինչ բարդ գործերի, իսկ ես հյուրասենյակում եմ, ուր տանտերն էր ու նրա որդին: Ես էլ իրենց մոտ շատ բարձր վարկանիշ ունեմ՝ որպես խելացի, գրագետ, ու ամենակարևորը՝ հալալ կաթնակեր տան աղջիկ: Հայրը հաճախ զանգահարում էր, տարբեր հարցեր տալիս պատմությունից ու միշտ գոհունակությամբ եզրափակում էր հեռախոսի այն կողմում ծավալված բանավեճը. "Էս էրեխեն որ ասում ա, ուրեմն մի բան գիտի":
Շատ ազնիվ, շատ աշխատասեր, շատ բարի մարդիկ էին: Ու մի քիչ էլ (ավելի ճիշտ՝ բավականին) քյարթ:
Եվ հեռուստատեսությամբ հաղորդում է Ռեմբրանդտի "Դանայա" կտավի մասին: 1983 թվականի
դեպքի մասին են պատմում, ինչպես փրկեցին, ինչպես են վերականգնում, ինչ դժվարություններ են եղել և այլն, և այլն, և այլն: Դե ես նկարը տեսել եմ, ուղեղումս պատկերը կա, իսկ հայր ու որդի նկարից տեղյակ չեն: Ու այսպես խիստ հետաքրքրված նայում ենք, գլուխներս ենք տմբտմբացնում, թե ինչպես կարելի է թանգարանում նման բան անել, քիմիկոսներին ենք գովում ու այդպես մի տաս րոպե:
Եվ մեկ էլ բա բախ.
Դանայան իր շլացուցիչ մերկությամբ, հուլությամբ ու քնքշությամբ հայտնվում է էկրանին:
Տղան կարկամեց:
Կարմրեց: Քիչ էր մնում պինդ փակեր աչքերը:
Հայրը մի պահ շփոթվեց, հետո ձեռքը շտապ մեկնեց հեռուստացույցի կոճակներին:
Իսկ ես.. Ես, առանց հասկանալու, թե ինչ և որտեղ եմ ասում, երկու ձեռքս պարզեցի առաջ ու բղավեցի.
-Վա՛յ, վա՛յ, խնդրում եմ, մի փոխեք, ախար շա՛տ հետաքրքիր է:
Խեղճ մարդը շշմած ու անօգնական մի հայացք գցեց վրաս, հետո կծկվեց մի տեսակ ու հայացքն հառեց գորգին: Տղան էլ, ըստ երևույթին խիստ հիասթափված ու վրդովված, թափով վեր կացավ ու սենյակից դուրս եկավ:
Բայց դե էդ մի քանի րոպեն էր, ու Դանայան այլևս չերևաց՝ խնայելով իմ սիրելի քյարթերի նյարդերն ու իմ տեղը տեղին սասանված հեղինակությունը:)