На русском
здесь Բլոգեր
puerrtto-յի այս գրառումը՝
Ани: древняя столица Армении... թեև հերթական անգամ աղ լցրեց բաց վերքին, բայց և ստիպեց ի մի բերել Անիի մեծահարուստներից մեկի՝ Տիգրան Հոնենցի ժառանգությունը: Տրամադրված լուսանկարների համար շնորհակալություն եմ հայտնում
puerrtto -ին:
Դաբավոգ, շնորհակալ եմ
Կուսանաց վանքի Սբ.Հռիփսիմե եկեղեցու լուսանկարների համար:
Եվ այսպես՝ Անին, Հոնենցի ժառանգությունը և Հայաստանի կասեցված թռիչքը...
Եվրոպական կապիտալիզմի հիմքում ըստ էության երրորդ դասի (առաջինն՝ ազնվականներն էին, երկրորդը՝ հոգևորականները) պայքարն էր կառավարման համակարգում տեղ գտնելու և իր շահերն առաջ տանելու համար: Սովորաբար այդ պայքարը գլխավորում էին ոչ ազնվական ծագում ունեցող, բայց հարուստ և ազդեցիկ վաճառականները, հարուստ արհեստավորներն ու ունևոր գյուղացիները: Նրանք, ովքեր ունեն փող և ազդեցություն, բայդ միշտ չէ, որ ունեն համապատասխան լծակներ իրենց շահերն առաջ տանելու համար:
Եվ հասարակության մեջ նման անձանց ի հայտ գալն արդեն կարող է դիտարկվել որպես սաղմնավորվող կապիտալիստական հարաբերությունների նախանշան:
Ահա և միջնադարյան Հայաստանի կյանքում այդ առաջադիմական դերը կարող էր ստանձնել “մեծատունների” խավը: Եթե իհարկե հետագա նվաճումները չկասեցնեին հայկական հասարակության վերելքն ու զարգացումը:
“Մեծատուններն” ընդհանրապես կարևոր դեր են խաղացել Անիի կյանքում: Նրանց առաջացումը կապված էր դրամական տնտեսության, առևտրի և վաշխառուական գործունեության զարգացման և հասարակության դասակարգային շերտավորման խորացման գործընթացների հետ:
Այս նոր խավը սկսեց ձևավորվել դեռևս Բագրատունիների օրոք և բավականին ազդեցիկ դարձավ Զաքարյանների շրջանում: Ի տարբերություն ազնվական-հողատերերի, որոնք հիմնականում կապված էին իրենց ավատատիրական կալվածքների և գյուղերի հետ, "մեծատուններն" ըստ էության քաղաքի ծնունդ էին. նրանց տնտեսական և հասարակական գործունեությունը կապված էր հենց քաղաքի հետ: Զաքարյանների օրոք Հյուսիսային Հայաստանի և Անիի մեծատուններն արդեն աշխարհիկ ծագում ունեին, չնայած իրենց գործունեությամբ և նամանավանդ բարեգործական գործարքներով, սերտ կապված էին եկեղեցու հետ:
Հատկանշական է, որ Զաքարյանների օրոք “մեծատունները” պալատներ կառուցելու իրավունք են ստանում, մինչդեռ Բագրատունիների օրոք պալատներ ու ապարանքներ կառուցելու իրավունք ունեին միայն ազնվականները:
Ահա նման “մեծատուններից” մեկն էլ Տիգրան Հոնենցն էր, Անիի քաղաքացիներից մեկը, հայտնի մեկենասն ու մեծահարուստը:
Նրա դերը XIII դարի Անիի հասարակական կյանքում բավականին մեծ է: Հոնենցը հսկայական կարողության տեր էր, և նույնիսկ Անիի փողոցներից մեկը կրում էր նրա անունը:
Հոնենցի մասին տեղեկությունները պահպանվել են նրա իսկ կառուցած եկեղեցու հարավային պատին: Վիմագիրն արվել է 1215 թվականին, վիմագրիչ Իսրայելի ձեռքով: Իսրայելը ժամանակի ամենահայտնի վիմագրիչներից է, նրա քանդակած յուրաքանչյուր տառ ճարտարապետական մանրանկարի հիասքանչ նմուշ է և աչքի է ընկնում համաչափությամբ և գեղեցկությամբ:
Վիմագիր տեքստը նախ ներկայացնում է Հոնենցի ծագումնաբանությունը, այնուհետև պատմում Հոնենցի գործունեության մասին:
Տիգրան Հոնենցն ինքն իրեն անվանում է ամիրսպասալար Զաքարեի և նրա որդի Շահնշահի ծառա: 1213 թվականին նա կառուցել է տվել (կամ վերականգնել է) Անիի Մայր տաճարի աստիճանները և բազմաթիվ նվիրատվություններ կատարել: Իսկ 1215 թվականին նա գնել էր քարքարոտ և թփուտներով ծածկված տեղանքը, որտեղ գտնվում էր Մարիամ Աստվածածնի մատուռը, մաքրել տարածքը, շրջապատել այն պարսպով և այդ վայրում կառուցել Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր չափերով մեծ չէ: Նրա երկարությունը 14 մետր է, լայնությւոնը՝ 10մ: Եկեղեցու հատակագիծը նման է Մայր Տաճարի հատակագծին, բայց անհամեմատ փոքր է իր չափսերով: Հատակագիծը խաչաձև է, գմբեթը՝ բազմանիստ: Պատերը շարված են սրբատաշ քարով, դրսի կողմից պատերը պատված են զարդանաշխերով, իսկ եկեղեցու ներսում՝ որմնանկարներով: Արևմտյան կողմից ավելի ուշ նրան կցվել է մի նախասրահ, որը փակել է այդ պատի զարդանախշերը:
Եկեղեցին հարուստ է հարդարանքի միջոցներով: Հատկապես գեղեցիկ են արտաքին պատերը զարդարող որմնակամարները: Կամարամիջոցների վրա տեղ են գտել չափազանց հարուստ ու բարձրարվեստ բարձրաքանդակային հորինվածքներ՝ փասիանների, արծիվների, այծյամների և այլ կենդանիների պատկերներով:
Եկեղեցին ներսից զարդարված է եղել ոսկե և արծաթե խաչերով ու ջահերով, ոսկեզօծ, արծաթազօծ ու
մարգարիտներով պատված նկարներով:
Որմնանկարները պատկերում են Քրիստոսին, ավետարանիչներին, Սբ.Գրիգոր Լուսավորչին, Մարիամ Աստվածածնին, հրեշտակներին: Նաև տեղ են գտել դրվագներ Տրդատ Գ-ի (Տրդատ թագավորի և իր շքածմբի հանդիսավոր երթը, օտարերկրյա հյուրերի ընդունելությունը) և Գրիգոր Լուսավորչի կյանքից և այլն:
Շքերթի տեսարանը.
Եկեղեցին նույնանուն վանական համալիրի մի մասն է կազմել: Հոնենցը եկեղեցուն նվիրաբերել է գույք, կառուցել է տարբեր կացարաններ աբեղաների, հոգևորականների և իշխանների համար:Պահպանվել են վկայություններ, որ եկեղեցու հարևանությամբ եղել են բավականին մեծ շինությունների ավերակներ, որոնց պատերին որմնանարների հետքեր են պահպանվել: Վանական համալիրից մի փոքր բարձր պահպանվել է վանքի պարսպի մի հատված և լավ պահպանված ձիթհանքը:
Տիգրան Հոնենցի եկեղեցին գրավեց ճարտարապետների ուշադրությունը 1892 թվականին: Այն պեղվեց և ենթարկվեց մանրամասն ուսումնասիրության: Պեղումները մասամբ շարունակվեցին նաև 1910 և 1912 թվականներին:
Եկեղեցին կառուցելուց հետո Հոնենցը նվիրել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն 8 գյուղ, 6 այգի, 1 խանապար (հյուրանոցի մի տեսակ, ի դեպ, Հոնենցն ինքը չորս խանապար ուներ), Հաթեցոնց փողոցի բոլոր տները, խանութներ, կրպակներ, բաղնիքներ, պանդոկներ, ալրաղացներ, ձիթհանքեր, ջրմուղի մի մասը, հողակտորներ և այլն: Այս նվիրատվություններն ըստ էության նշանակում են, որ այդ հաստատություններից գանձվող հարկերն ու տուրքերը այսուհետ ստանալու էր տվյալ եկեղեցու հոգևորականությունը:
Երկու խոսք եկեղեցուն նվիրաբերված բաղնիքի մասին: Այն գտնվել է եկեղեցու հարևանությամբ, Ախուրյանի ձորի լանջին: Պեղվել է 1893 թվականի: Ուսումնասիրողներն փաստում են, որ բաղնիքը ժամանակի ամենահարմարավետ բաղնիքներից է եղել: Հանդերձարանի հատակագիծը խաչաձև էր, իսկ բուն բաղնիքը բաժանված մի քանի սրահի, որոնք ծածկված էին գմբեթաձև շթաքարե առաստաղով: Արևելյան մասում պեղվել են կաթսայատունն ու վառելիքի պահեստը: Լողանալու համար նախատեսված սրահները գտնվել են մեծ սրահի անկյուններում: Կենտրոնական սրահից մուտքեր են բացվել դեպի լոգարաններ:
Վիմագրի մեջ Հոնենցը նշում է, որ նա կառուցել է նաև Բեհենց կոչվող եկեղեցին: Այս եկեղեցին որոշ ուսումնասիրողներ նույնացնում են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում հայտնաբերված մատուռի հետ:
Բացի այս եկեղեցիներից, XIII դարի սկզբին Հոնենցը կառուցել է ևս մեկ եկեղեցի՝ Կուսանաց անապատի Սբ.Հռիփսիմե եկեղեցին: Եկեղեցին Կուսանաց անապատի վանքի մի մասն է կազմել: Գտնվում է Ախուրյանի ձորի զառիթափ լանջին, Սբ.Գրիգոր Լուսավորչից ներքև: Կուսանաց անապատը բավականին ընդարձակ տարածք է զբաղեցրել, իսկ քաղաքին հետ կապն իրականացվել է ծածակապատ սրահի միջոցով, որի շրջակայքում տեղակայված են եղել վանականների խցերը: Վանքը վերականգնվել ու նորոգվել է մի քանի անգամ, և վերջնականապես ամայացել միայն XIX դարում, Անիի հնագիտական պեղումներից 30-35 տարի առաջ: XIX դարի վերջում վանքն արդեն վերածվել էր ավերակների կույտի.
Կուսանաց վանքի այս փոքրիկ եկեղեցին (ներսում տրանագիծը կազմում է ընդամենը 3,6 մետր) շատ սլացիկ և նրբագեղ տեսք ունի: Հովհարաձև գմբեթը կառուցված է մեծ վարպետությամբ: Եկեղեցին 6 ապսիդ ունի, որոնք զգալիորեն կրճատում են նրա ներքին մակերեսը, բայց մեծացնում են նրա ուղղահայաց տարածականությունը: Նրբագեղ սյունիկների համար հենարան են ծառայում նույնչափ գեղեցիկ և քանդակազարդ, ճակտոնը նույնպես քանդակազարդ է: Իր տեղադրությամբ, չափերով և ուրվանկարով այժմ կիսավեր դարձած այս եկեղեցին ներդաշնակ է ձորի այս մասին և հանդիսանում է նրա կատարյալ զարդը:
Գմբեթը.
Կուսանաց վանքի Սբ.Հռիփսիմե եկեղեցին և Սբ.Գրիգոր Լուսավորիչն ենթադրաբար կառուցվել են նույն ճարտարապետի մտահղացմամբ, քանի որ նրանց ճարտարապետական մանրամասներում որոշակի ընդհանրություն կա:
Ով է այդ ճարտարապետը, հայտնի չէ, սակայն, ըստ Ս.Բարխուդարյանի, Տիգրան Հոնենցն ունեցել է տոհմական ճարտարապետ, որը ժամանակի ամենահայտնի ճարտարապետներից էր՝ Եղբայրիկը: Հաստատ հայտնի է, որ Եղբայրիկը ստեղծել է երկու խաչքար, որոնցից մեկը գտնվում էր Հոռոմոսի վանքում, իսկ մյուսը, որը ստեղծվել էր 1222 թվականին, հետագայում տեղադրվել էր Անիի պարսպի մեջ:
Տիգրան Հոնենցի դամբարանը գտնվում է Այրային Անիում: Այստեղ մի քանի շքեղ տոհմական դամբարաններ կան, որոնցից մեկն էլ հենց Հոնենցի հարուստ զարդանախշերով դամբարանն է: Այրային Անիի մի հատվածը երևում է լուսանկարի վրա:
Օգտագործված գրականություն.
"Հայկական ճարտարապետության պատմություն", Երևան, 1992
Т.Х.Акопян, "Ани -столица средневековой Армении", Ереван, 1985