Հրազդանի ափին

Jun 13, 2012 22:49

Այսօր ընկերոջս ծննդյան տարեդարձն է: Ընկերներով իջանք Հրազդանի ձոր` նշելու: Գետի ափին հարմարավետ մի տեղ կա` բետոնե տարածք է, որը հարմար է ձկնորսության համար, նույն տեղում խորոված անելու համար քարերով հարմարեցված տեղ կա: Դրանից ոչ շատ հեռու քարերը շատ հարմար են` նստելու և "սեղան գցելու" համար: Սակայն այդ կողմ մոտենալով պարզեցինք, որ մեզնից առաջ այդտեղ եղած մարդիկ չեն հավաքել իրենց հետևից: Քանի որ այդտեղ աղբը շատ էր և հնարավորություն ու փաթեթներ չունեինք այն ամբողջությամբ տեղափոխելու համար, ուղղակի առանձնացրինք ապակե և մետաղե տարաները, մնացածը հավաքելով մի կույտում` այրեցի: Ընդհանուր առմամբ` մոտ 5-6 կգ աղբ:

Խե՜ղճ Հրազդան: Նախ հունը փոխեցին (հիշու՞մ եք` "Текут воды Раздан-реки; Куда хотят большевики..."), հետո էլ քաղաքի ողջ կոյուղին սկսեց թափվել գետը, հիմա էլ` տենց...



Աղբարկղերն այդտեղից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա են և աղբն այնտեղ հասցնելը որևէ դժվարություն, գոնե մեզ համար, չառաջացրեց: Ճանապարհից ևս հավաքեցինք պլաստիկե շշեր և նետեցինք աղբը: Շատերն աղբը հասցրել էին աղբարկղի մոտ, բայց թափել էին դրա կողքը...

Ինձ մի հարց էլ է ահավոր հետաքրքրում: Ու՞ր են բնապահպանները... Հրազդան գետը, որն անցնում է շատ մեծ տարածքով (սկիզբ առնելով Սևանա լճից, հոսում է Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերով, Երևանով, թափվում է Արաքսը), չեղա՜վ-չեղա՜վ, Մարգարյան ծննդատան դիմացի քնձռոտ ու վաղուց լքված այգու չափ չեղա՞վ: Ես բնապահպաններին ինչ հիշում եմ` իրենք հավաքվում են միայն այն վայրերում, որտեղ տնտեսական շահ կամ բիզնես շահերի բախում կա... շատ օրինաչափ է տարօրինակ է... բայց դա այլ պատմություն է...

Ես իրոք չեմ հասկանում` ի՞նչն է մարդկանց խանգարում իրենց հետևից հավաքել: Դա որևէ մեծ դժվարություն չի ներկայացնում և ուժերի լարում ու մտավոր գերկարողություններ էլ պէտք չեն դրա համար: Այդուամենայնիվ ես հույս ունեմ, որ գոնե խելամիտ մարդկանց ջանքերով հնարավոր կլինի նախ մաքրել նման գոտիներն, ապա` կանխարգելել դրանց աղտոտումը: Նման հսկայական տարածքը վերահսկելը հնարավոր չի թվում, հետևաբար` պէտք է հասնել հասարակության մի ստվար զանգվածի մտավոր մակարդակի բարձրացմանն, ինչը թույլ կտա խուսափել նման իրավիճակներից:

Թողես մեծ-մեծ բրդեն, իսկ եթե ձեր պապերն էլ ձեզ պէս խոզեր լինեին, արդյոք դուք կկարողանայի՞ք այսօր օգտվել այդ գետափից, թե` այդ գետը չէր էլ լինի... իսկ ձեր երեխաներն ու թոռներին ի՞նչ եք թողնում... դորջարի կալպա՞կ

Հա, գիտեմ, կասեք` ամբողջ Աշխարհում էլ նույն խնդիրը կա... բայց ինձ, կներեք, Հրազդանն ավելի շատ է հուզում քան ողջ Ամազոնը կամ Միսիսիփին... Հրազդանն իմն է:

եեչիզմ, պարանոիդալ փսիխոզ, Հրազդան գետ, բնություն, Հայաստանի բնությունը, Երևան

Previous post Next post
Up