Այսօր, "Այրարատ" տոնավաճառի դիմաց, երեկոյան տեղացած այդքան սպասված անձրևի տակ սպասել եմ
Քանաքեռ եկող տրանսպորտի... ուշադրությու՛ն... 50 րոպե... Ու եթե ձեզ թվում է, թե 50 րոպեից վերջապէս եկավ Քանաքեռ գնացող տրանսպորտ, դուք չարաչար սխալվում եք:
Այսօր ցերեկը շատ տաք արևոտ եղանակ էր և ես էլ համապատասխան էի հագնվել: Ու երեկոյան, հավեսով ճպճպացող ոտներով ու թաց շապիկով ես մոտ մեկ ժամ սպասում էի տրանսպորտ... Վերջապէս չդիմանալով ես նստեցի 43 համարի երթուղայինը (իմ սպասելու ընթացքում եկած երևի 5-րդ 43-ը) և եկա "Ռայկոմ": Այդ հատվածում 43-ի և 45-ի երթուղիները համընկնում են և ես կարող էի համոզվել, որ այդ ընթացքում էլ 45 համարի երթուղային չանցավ... "Ռայկոմ"-ի կանգառում ևս մեծ թվով մարդիկ Քանաքեռ եկող տրանսպորտի էին սպասում...
Արդեն երրորդ տարին է` Քանաքեռում եմ ապրում: Առաջ 45 համարից (ընդհանրապէս` տրանսպորտից) այդքան չէի օգտվում և այդ խնդրի հետ չէի առնչվում... Սակայն, երբ զինկոմիսարիատից ուղարկեցին Էրեբունի` բուժզննման, հենց այդ պահից էլ սկսվեցին իմ կատաղության նոպաները... ահավոր երկար սպասելուց հետո գալիս էր 45 համարի երթուղային` մինչև վերջ լիքը... ես ստիպված իջնում էի մի քանի կանգառ և 95-ով գնում, սակայն, երբ սկսեցին առավոտ շուտ կանչել Էրեբունի` դա անելը դարձավ անհնար, որովհետև շատ ժամանակ կխլեր, այդուամենայնիվ ես ստիպված էի լինում որևէ տրանսպորտով հասնել "Ռայկոմ" և օգտվել ընտրության լայն հնարավորությունից, իսկ 45-ը կա՛մ չեր գալիս, կամ էլ` ինչպէս միշտ լիքն էր գալիս...
Քանաքեռի բոլոր երթուղային գծերն էլ խնդիրներ ունեն` 40-ը, 45-ը, 100-ը, 101-ը շատ ուշ-ուշ են գալիս և, բնականաբար, մինչև վերջ բարձված, 24-ն ու 32-ը (ավտոբուս) երեկոյան չեն աշխատում, 26-ն, 95-ն, 96-ը հասնում են միայն մինչև Քանաքեռի մի ծայրը (ընդ որում` 96-ը շատ վատ է աշխատում ու դանդաղ, մի անգամ "Այրարատ"-ի մոտից հասել եմ 1 ժամում (ռեկորդ), երեկոյան էլ չի աշխատում):
Քանաքեռի խորքում կառուցված են 3 նոր շէնք, ուր տեղափոխվեցին Աջափնյակի վթարային շէնքերի (այդ թվում` մենք) բնակիչները և "Աէրացիա"-յի հանրակացարաններում բնակվող գանձակեցի փախստականները: Քանի որ նորակառույցները հեռու են կանգառից 600 մետր, բնակիչների պահանջով, շէնքերի մոտ տեղափոխվեց 96-ի վերջին կանգառը (որովհետև 96-ը չէր անցնում այդտեղով և դրա վերջին կանգառը մոտ մեկ կիլոմետր այն կողմ էր` Ռադիոկայմի մոտ, այնպէս որ` դա միակ "տեղափոխվող" գիծն էր մոտականերից): Սակայն, եթե չհաշվենք 96-ի վարորդների ամենօրյա գզվրտոցը, գրեթե ոչինչ չի փոխվել: 96-ի երթուղին լինելով ահավոր երկար, անիմաստ է (բացառությամբ` Նար-Դոս կամ Քոչար (Երվանդ և Հրաչյա) փողոցներ հասնելու համար), դրան էլ գումարած դանդաղ ընթացքը...
Միակ քիչ թե շատ նորմալ երթուղին 24-ն է, որի մեկնման միջակայքը շատ կարճ է և գերբեռնված գրեթե չի լինում: Սակայն այն ուշ երեկոյան արդեն չի աշխատում: 100 համարն էլ երեկոյան ահավոր գերբեռնված է լինում...
Եվ այսպէս, հասնելով "Ռայկոմ", արդեն կատաղությունից ու հուսահատությունից ատամներս կրճտացնելով կանգառից հավաքեցի բոլոր Քանաքեռ եկողներին և տաքսով եկանք...
Միայն Քանաքեռում միշտ առկա տաք քամին էր, որ տաքացրեց մինչև ոսկրերը սառած ոտներս ու մի քիչ բարձրացրեց տրամադրությունս: