Ազատ Արցախը ողջունում է ձեզ

Jan 31, 2015 23:11



"Հիմնադիր խորհրդարան"-ի (ն.ի` "Նախախորհրդարան") "100-ամյակն առանց ռեժիմի" նախաձեռնությանն ի սկզբանե շատ վատ եմ վերաբերվել, որովհետև Մեծ եղեռնն ու քաղաքական խարդավանքներն իրար կապելը, մեղմ ասած, շատ մեծ սխալ եմ համարել, բայց... ԲԱՅՑ

Այսօր Արցախ ավտոերթով ուղեւորվող նախախորհրդարանականներին կանգնեցրեցին արցախցի ոստիկանները և դաժանաբար ծեծեցին: Գործելաոճ, որը հատուկ էր խորհրդային և ադրբեջանական ՕՄՕՆ-ին, երբ վերջինները նման ձևով պատժում էին ցույցերի ելնող հայերին 80-ականների վերջերին և 90-ականների սկզբերին: Առհասարակ` Մայր Հայսատանի հետ Արցախի "սահման"-ի մասին իմ մտահոգությունը բազմիցս եմ հայտնել ( այստեղ ու այստեղ ավելի մանրամասն): ՀՀ ոստիկանությունն էլ հրաժարվել է մեկնաբանել ՀՀ տարածքից դուրս տեղի ունեցածը: Սակայն հիմա դրա մասին չի խոսքը:

Այսօր ազատ Արցախի իշխանությունները ցույց տվեցին, թե ինչքան են իրենք կտրված իրականությունից, ինչքան են վախենում նորից և օտարից (Արցախ բնակության տեղափոխվելուց ես դա իմ մաշկի վրա էլ եմ զգացել): "Նախախորհրդարան"-ի մասին Արցախում բնակչության մեծ մասն իսկի տեղյակ էլ չի ու Ստեփանակերտում մի երկու կռուգ ու սիգնալ տալուց առանձնապես բան չէր փոխվելու: Արցախյան իշխանավորների տգիտությունն ու անտեղյակությունը, որը հիմնվում է բնակչության մեծամասնության անկրթության և քաղաքական անգրագիտության վրա` շատ մեծ վտանգ է հենց Արցախի համար, որը գնալով վերածվում է ԼՂՍՍՌ-ի ԿԺԴՀ-ի:

"Նախախորհրդարան"-ի ավտոերթի հանդեպ վախը ստվարանում էր այն բանով, որ արցախյան իշխանությունները վախենում էին, թե "դաշնակները գալիս են հեղաշրջում անելու": Դա ևս մեկ պլյուս է դրանց անգրագիտության սանդղակին:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին ծեծի ենթարկելուն` անկախ նրանից այնտեղ ազատամարտիկներ էին թե ոչ` դա զազրելի արարք էր, բայց` առավել զազրելի է այն դառնում հենց այն բանով, որ մարդիկ, ովքեր ժամանակին արյուն են թափել Արցախը ադրբեջանական տականքից մաքրելու համար, ծեծի են ենթարկվում ադրբեջանական կուսակցական դպրոցն անցած ճիվաղների և դրանց քսի տված շների կողմից:

Եվ, ի վերջո` "Նախախորհրդարան"-ը, որին մինչ այս ոչ ոք լուրջ չէր ընդունում, այսօր ստացավ շատ մեծ հեղինակություն և կարեկցողների մեծ բանակ, իսկ արցախյան իշխանությունները` իրենց հանդեպ չեզոք տրամադրվածներին իրենց թշնամի դարձրին: Ինչպես նաև` ՀՀ-ում խորացավ հակակրանքը արցախցիների հանդեպ, թեև, ես էլ իմ կողմից հորդորում եմ բոլորին` թուրքարյուն խունտայի այս տնազը չնույնացնել Արցախի ու արցախցիների հետ:

պարանոիդալ փսիխոզ, գունավոր և անգույն հեղափոխություններ, Հայաստանը դու-ես, ԼՂՍՍՌ, Ընտրություններ, Արցախ և Հայաստանի ազատագրված տարածք, Հայոց պատմություն, եեչիզմ, հայ-թրքական

Previous post Next post
Up