Այսօր մեր տան շինարարության համար շինանյութի առաջին չափաբաժինը բերեցինք Քարվաճառ:
Քարվաճառի շրջան մտնելուց մոտ 30-40 կմ հետո կա մի մաքսատուն: Քանի որ երբեւէ չեմ տեսել, որ այնտեղ մեքենաներ կանգնեն և ստուգումներ իրականացնեն, միշտ կարծել եմ, թե այն ձեւական բնույթ է կրում...
Սակայն այսօր ես ստիպված էի մաքսատանը գրանցել շինանյութն, իսկ մեր վարորդն, ով Վարդենիսից Արցախ բազմաթիվ անգամներ բեռներ է տեղափոխել, ասաց որ, եթե մեկ անձի կողմից ներկրվող ապրանքի ընդհանուր արժեքը հասնում է մեկ միլիոն դրամի, նա պարտավոր է Ստեփանակերտում որոշակի հարկ մուծել... իսկ շինարարության ընթացքում ես հաստատ միլիոն դրամից ավելի ներմուծում եմ անելու... էլ չեմ ասում ապրանք ներկրողների մասին...
Մինչև Գերմանիայի միավորումը գոյություն ունեին մի քանի տասնյակ գերմանական պետական կազմավորումներ (նույնիսկ հեգնանքով ասում էին, թե Գերմանիայում այնքան իշխանություն կա, ինչքան օր ունի տարին) և ամեն իշխանությունից դուրս գալուց մարդիկ ստիպված էին մաքսատուն հատել... Դա ահավոր խոչընդոտ էր առաջին հերթին առևտրի և տնտեսության զարգացման համար որովհետև Գերմանիայի արևելքից արևմուտք ապրանքը հասնում էր ինքնարժեքից տասնյակ անգամներ թանկ գնով...
Ինչ վերաբերում է մեզ, միայն հիշեցնեմ, որ Արցախի բնակչությունը կրում է ՀՀ Անձնագիր և ունի ՀՀ քաղաքացիություն, Արցախում գործարքները կատարվում են ՀՀ դրամով, Արցախում գործում է ՀՀ միջազգային հեռախոսային կոդը, ՀՀ պետավտոհամարանիշերը, համալսարանները տալիս են ՀՀ պետնմուշի դիպլոմներ ևն ևն
Հիմա ինձ ասեք, ի՞նչ իմաստ է պարունակում ՀՀ-ից ՀՀ փաստացի մաս կազմող Արցախի մուտքի մոտ տեղակայել մաքսատուն (որի աշխատակիցները նույնիսկ Քարվաճառ անվան ուղղագրությունը չգիտեն)...