1990 թվականը սկսվեց թեժ ու դաժան իրադարձություններով:
Արդեն հունվարի 2-ից սկսվեցին փոխհրաձգությունները ԼՂԻՄ-ի տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալների հետ: Հունվարի 9-ին ԱԺՃ-ի զինված ջոկատներն անցան լայնածավալ գրոհի ԼՂԻՄ-ի, ներառյալ Շահումյանի շրջանը, սահմանամերձ գոտում, ինչպես նաև Գետաշենի ենթաշրջանի հայկական գյուղերի վրա, սակայն անհաջողություն կրեցին` հանդիպելով ինքնապաշտպանական ուժերի լուրջ դիմադրությանը: Հունվարի 12-ին, ուղիղ 85 տարի անց այն բանից, երբ ժամանակակից ադրբեջանցիների նախնիները` կովկասյան թաթարները սկսեցին խաղաղ հայ բնակչության նկատմամբ բռնություններն ու սպանդն Այսրկովկասում, ԱԺՃ-ը բորբոքեց հակահայկական հանրահավաք Բաքվում: Նույն օրը սկսվեց ադրբեջանական տեխնիկապես հագեցած և լավ զինված ջոկատների հարձակումը Մանաշշեն, Կամո և Ազատ գյուղերի վրա: Սակայն տեղացի հայերից կազմված ինքնապաշտպանական ջոկատները, որոնք տեխնիկապես բավականին զիջում էին թշնամուն, պատվով պաշտպանեցին հարազատ գյուղերն արյունարբու զավթիչներից: Մոտ մեկ օր տևած մարտերից հետո ադրբեջանական ուժերը, կրելով ծանր կորուստներ, ստիպված էին նահանջել: Ուշացումով դեպքի վայր ուղարկվեցին խորհրդային ուժեր` իրավիճակը կարգավորելու նպատակով, սակայն հանդիպեցին ադրբեջանական կողմի կրակին և դրանց դեմ մարտի մեջ մտան` հարձակվողների վերջին ուժերին ստիպելով նահանջել: Այդ ճակատամարտում, որը 1987 թվականից սկսած ամենալայնածավալն էր, ադրբեջանցիների մոտ առաջին անգամ հայտնաբերվեց թուրքական արտադրության հրազեն:
Զգալով, որ անզոր են Արցախը նվաճել, ԱԺՃ-ի հրոսակապետերն իրենց հայացքն ուղղեցին Բաքու, որտեղի երբեմնի քառորդմիլիոնանոց հայկական բնակչությունից մնացել էր ընդամենը 30-35 հազար մարդ, հիմնականում` ծերունիներ, որոնք չէին ցանկանում լքել քաղաքը: Տեղի ղեկավարությունը, “բժիշկներ”-ը և ոստիկանները բացահայտ աջակցում և ուղղորդում էին ջարդարարներին: Ինչպես և Սումգայիթում, Բաքվում էլ ջարդարարներին նախօրոք բաժանվել էին հայերի հասցեները: Այս անգամ ադրբեջանական ղեկավարությունը հաշվի էր առել սումգայիթյան սխալները: Երկրում տեղեկատվական վակուում էր: Մեկ շաբաթ քաղաքում իրական քաոս էր տիրում: Հայերին անմարդկային դաժանությամբ սպանում էին իրենց իսկ տներում, առանց սեռի և տարիքի խտրության ենթարկում էին ծեծի ու կտտանքների, ստորացնում և բռնաբարում էին: Միայն մեկ շաբաթ անց` հունվարի 20-ին, երբ արդեն իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, Բաքու ուղարկվեցին խորհրդային ուժեր: Նրանց կատաղի դիմադրություն էր ցույց տալիս բավականին լավ զինված ԱԺՃ-ը: Մոտ մեկ շաբաթվա թեժ մարտերից հետո, տասնյակ կորուստների գնով խորհրդային ուժերը կոտրեցին ԱԺՃ-ի մարտիկների դիմադրությունը, և վերահսկողություն սահմանեցին քաղաքում: Սակայն ադրբեջանցիների հիմնական նպատակը` քաղաքը մաքրել հայերից, իրագործվել էր: Մի քանի հարյուր հայեր զոհվեցին, իսկ ողջ մնացածներն ընչազրկված, իրենց հետ տանելով միայն բազմաթիվ գազանությունների հետքերը, լաստանավերով ճողոպրեցին Կրասնովոդսկ, մյուս մասն էլ` օդով` Հայաստան և խորհրդային այլ հանրապետություններ:
Հայերի ջարդերից հետո դրանց դատապարտումով հանդես եկան Եվրոպայի Խորհուրդը և ԱՄՆ-ը: Սակայն դա ուղղակի քաղաքական քայլ էր` Կրեմլի վրա մատ թափ տալու առիթ: Որևէ լուրջ գործողություն առաջինների կողմից չիրականացվեց:
Միաժամանակ, Մոսկվան, առաջնորդվելով իր կուռ տրամաբանությամբ, հունվարի 15-ին մտցրեց արտակարգ դրություն ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում: ԼՂԻՄ մտցվեցին խորհրդային ջոկատներ, որոնք զինաթափում էին հայերին, ինչից հետո բնակավայր էին մտնում ադրբեջանական ուժերը` կալանելով և բռնության ենթարկելով անզեն հայերին: Ձերբակալվածներին տանում էին Շուշի և Խոջալու, հետագայում փրկագնով ազատելու նպատակով: Նույն` “անձնագրային ռեժիմ”-ի ստուգման անվան տակ նման գործողություններ իրականացվում էին ԼՂԻՄ-ի և հարակից բնակավայրերում: Դրանց բոլորի ընթացքում հայերը ենթարկվում էին խոշտանգումների: Կարճաժանից ականակոծվում են հայկական բնակելի թաղամասերը: Այդ անօրինություններին ի պատասխան հայկական ինքնապաշտպանական ուժերը, որոնք այդ պահի դրությամբ վարում էին պարտիզանական պայքար, սկսում են գործողությունները խորհրդային և ադրբեջանական ուժերի դեմ: Նույն օրն ազատագրվեց Երևան-Մեղրի ավտոմայրուղու վրա բուշտի պես բուսնած Քարքին, որն ազատագրումից հետո վերանվանվեց Տիգրանաշենի` գյուղի մաքրման ժամանակ տրված միակ զոհի` Ավշարի ինքնապաշտպանության հրամանատար Տիգրան Մելիքյանի հիշատակին: Այժմ գյուղում բնակվում են ադրբեջանական ջարդից փրկված տասնյակ ընտանիքներ:
Բաքվի ջարդերի սկսվելու նույն օրը` հունվարի 13-ին, ադրբեջանական ուժերը հատեցին հայ-ադրբեջանական սահմանը և տեղակայվեցին Երասխ ավանում` տեռորի ենթարկելով հարակից բնակավայրերը: Ինչպես արդեն նշվել էր, 1989 թվականի ընթացքում թշնամին արդեն կատարել էր նման արտագրոհներ այդ ուղղությամբ: Դա բնական է, քանի որ Երասխի դիրքը շատ նպաստավոր է` մի կողմից` ավանի վերահսկողությունը հնարավորություն է տալիս հսկել Հանրապետության գլխավոր մայրուղիներից մեկի` Երևան-Մեղրի ավտոմայրուղու Արարատ-Եղեգնաձոր հատվածը, մյուս կողմից` այն գտնվում է մայրաքաղաք Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա: Այդպիով ոչ միայն ռազմական գործողություններ էին սկսվել ՀԽՍՀ դեմ, այլ նաև` խախտվել էին վերջինի սահմաններն, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Հունվարի 18-ին հայկակական ինքնապաշտպանական ուժերը շեշտակի գրոհ հասցրին օկուպանտներին, ծավալվեց երկար ճակատամարտ: Երեք օր տևած թեժ մարտերի արդյունքում հայկական ուժերին հաջողվեց մաքրել Երասխը և ագրեսորին հետ շպրտել, միաժամանակ խոցելով դրա դիրքերը Սադարակում և Նորաշենում: Մարտում հայկական կողմի հրամանատարն էր ՀՀ ապագա ՊՆ Վազգեն Սարգսյանը: Հայկական կողմի ամենածանրը` հետագայում ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացած, Հայաստանի անկախության առաջամարտիկ Մովսես Գորգիսյանի կորուստն էր:
Հունվար-փետրվար ամիսներին շարունակվում էին խորհրդային և ադրբեջանական ուժերի կողմից հակահայկական գործողությունները ՀԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում, հարակից Գետաշենի ենթաշրջանում: Փակվեց ԼՂԻՄ-ի միակ օդանավակայանը: ԼՂԻՄ-ը հայտնվեց տնտեսական ծանր շրջափակման մեջ: Գետաշենի Ազատ և Կամո գյուղերը հայաթափվեցին: