May 25, 2009 13:16
Քանի որ հանգստյան օրերին գնում էի առաջին օգնության դասերի, դրա պատվին ուրբաթ ու երկուշաբթի օրերին ազատ են արձակել աշխատանքից` իբրև փոխհատուցում:
Անսովոր էր երկուշաբթի առավոտյան լինել տանը: Տատիկս էլ առիթից օգտվել էր ու նորից այցելել ինձ: Սիդն ասում է` լավ է, էսպես հանդիպում եմ տատիկիս: Բայց ինձ դուր չի գալիս, վախենում եմ:
Ինչպես սովորաբար լինում է տատիկիս այցելության ժամանակ, այս անգամ էլ ինձ հաստատ թվում էր, որ դա ոչ թե երազ է, այլ իրականություն, որովհետև ամեն ինչ կատարվում էր շատ ռեալ գույներով, ձայներով, իրական միջավայրում, ինչը սովորաբար բնորոշ չի երազներին:
Եվ էսպես, Սիդը գնաց աշխատանքի: Ես որոշեցի մի քիչ էլ քնել: Պառկեցի նորից ու դեռ հազիվ էր աչքս կպել, երբ դռան զանգը հնչեց: Կիսաքուն վիճակում մտածեցի, որ փոստատարն է, չեմ բացի. կարող էի և տանը չլինել: Բայց զանգը չէր լռում... Ես էլ նյարդայնանում էի, որ չեն թողնում քնեմ:
Մեկ էլ կտրվեց զանգի ձայնը: Բայց դա հեչ ուրախացնող չէր, որովհետև դուռը բացվեց` առանց իմ բացելու: Ես պառկածս տեղից լսեցի` ոնց մեկը նվնվալով ներս մտավ: Ու անմիջապես ճանաչեցի տատիկիս քստքստոցն ու ձայնը: Աչքերս պինդ փակեցի: Ինքը միջանցքից անցավ խոհանոց, հետո եկավ իմ սենյակ, զգացի` ոնց է քայլում մահճակալիս կողքով, կռանում վրաս, նայում ու նորից հետ դառնում խոհանոց:
Խոհանոցում սկսեց կանչել պապիկիս: Ու ես մտածեցի, որ եթե հիմա պապիկս էլ գա, արդեն շատ կվախենամ: Պապիկս բարեբախտաբար չեկավ: Իսկ տատիկս հա կանչում էր ու կանչում...
Հետո երևի հույսը կտրեց ու սկսեց ինձ կանչել: Ջուր էր ուզում: Ու մեկ էլ խնդրում էր, որ իրեն օգնեմ, նստի պատշգամբում, լավ եղանակ է, ուզում է արև տեսնել: Ես պառկածս տեղից ասացի, որ հեռանա: Բայց դե ինքը գնացողը չէր: Ինչքան էլ խնդրեցի, որ գնա, չգնաց: Հասկացա, որ ստիպված եմ տեղիցս վեր կենալ:
Փորձեցի վեր կենալ, չստացվեց: Քունը հաղթում էր, չէի կարողանում ինձ պոկել անկողնուց, ոչ էլ անգամ աչքերս բացել: Կիսաքնած էի, իսկ տատիկս կողքի սենյակից ինձ էր կանչում: Սկսեցի գոռալ, որ ինձ հանգիստ թողնի: Բայց ինչպես բնորոշ է տատիկիս, ինքը դա անողը չէր: Ուժերի մեծ լարումով ի վերջո կարողացա բացել աչքերս ու վեր կենալ տեղից:
Խոհանոցից դեպի իմ սենյակ տանող դուռը կիսափակ էր, ու ես դանդաղ բացեցի այն` երազելով, որ տատիկս սարսափելի տեսք չունենա: Ինքը գլուխը կամաց մտցրեց դռնից ներս ու տեսա, որ էնպիսին է, ինչպիսին մահանալուց առաջ էր` թույլ ու կուչ եկած մարմնով, ճլորած ու դժբախտ դեմքով:
- Ռիփսիկ ջան, ինչ կլինի, ինձ տար բալկոն: Էս անտեր ոտներս չեն աշխատում:
Էդպես ասեց: Ես էլ շորից բռնեցի, բարձրացրեցի իրեն, բացեցի իմ սենյակի պատուհանի դուռը ու քաշեցի, դուրս գցեցի պատուհանից:
Ազատվեցի... Մտածեցի ես: Նայեցի պատուհանից դուրս ու ինչ տեսնեմ: Տատիկս երանության մեջ նստած է մեր տան պատշգամբում... Ինչ պատշգամբ, ախր առաջ էտեղ չկար պատշգամբ: Ու մեկ էլ ամեն ինչ պտտվեց գլխումս, ու ես արթնացա:
Գնացի խոհանոց, ոչ ոք չկար: Պատուհանից դուրս նայեցի, պատշգամբ էլ չկար...
Տատի, դժվար թե կարդում ես բլոգս, դու առաջ կարդալ չգիտեիր, բայց եթե սովորել ես ու քիթդ մտցնում ես էստեղ, խնդրում եմ իմացիր, որ էլ չեմ ուզում ինձ այցելես: Պապիկին էլ մի կանչի, թող գոնե մահացած ժամանակ հանգստանա քեզնից:
պապիկս,
երազ,
տատիկս