Sep 23, 2017 18:06
Ռայխենբախ կամրջի մի կողմում Ֆրաունհոֆերշթրազեն է, մյուսում՝ Օհլմյուլերշթրազեն:
Իմ ճամփան Գերմանիայում պիտի սկսվեր հենց էստեղ՝ Օհլմյուլերշթրազե 5-ում:
Կանաչավուն շենք, ծանր շագանակագույն դուռ, վերևում՝ կապույտի վրա սպիտակով գրված 5: Էս գույներն ընդմիշտ մնալու են հիշողությանս մեջ: Հիշելու եմ նաև դիմացի մայթի կարմրասև փաբը (թե բա՞րը)՝ "Schwarzer Hahn" անունով, որտեղ երբևէ ոտք չեմ դրել, բայց միշտ թվացել է, որ ներսում մութ բաներ են կատարվում. շատ չարագույժ տեսք ուներ մուտքը:
Մի երկու քայլ առաջ ու հայտնվում ես Ռայխենբախբրյուկեի վրա, որի տակ ընդարձակ դաշտ է և հանդարտ հոսող Իզարը. պառկիր ափին ու կտրվիր աշխարհից:
Ռայխենբախ կամրջի վրայով տրամվայ էր անցնում, համարը չեմ հիշում: Չէի նստւմ էդ տրամվայրը, բայց միշտ նայում էի կանգառում սպասող մարդկանց ու իջնող-նստողներին:
Իմ ամենալավ հանդիպումների ժամադրավայրն էր Ռայխենբախ կամուրջը: 2008-ին, երբ ավարտում էի համալսարանը, վաղուց արդեն տեղափոխվել էի էդ կողմերից, բայց Յուլյայի հետ հենց էդ կամրջի վրա հանդիպեցինք: Ձեռքին երկու բաժակ էր ու պրոսեկո, դեմքին՝ տաք ժպիտ:
Ամենաջերմ գրկախառնությունների կամուրջն էր Ռայխենբախը:
Վերջին անգամ մոտ երկու տարի առաջ էի էնտեղ. մի «առաջին հանդիպման» համար հենց իրեն էի ընտրել՝ որպես իմ ամենահարազատ վայր: Էդ օրը երկար քայլեցինք Իզարի ափին, ու նորից վերհիշեցի իմ առաջին ամիսները Մյունխենում:
Երեկ Ֆրաունհոֆերշթրազեում էի՝ մի նոր ատամնաբույժի մոտ: Երևի հասցեի համար էի իրեն ընտրել :) Ու քայլելով անցա կամրջի վրայով. էնքան ջերմ զգացողություն էր:
Երևի սա էդպես էլ կմնա Մյունխենում իմ ամենասիրած վայրը:
Էսօր արթնացա՝ գրելու շատ մեծ ցանկությամբ, երևի հարազատ տեղեր այցելելու ազդեցությունն էր: Ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին, արթնանում են էն հին զգացողությունները, որոնք ունեցել էի Գերմանիա գալուս առաջին օրերին:
Մի քանի օրից 11 տարին կլրանա:
հուշեր,
գերմանական