Խաղահրապարակում

Apr 27, 2013 14:21

Երկու օր առաջ Սոնյայի հետ խաղահրապարակում էի, իրար հետ խոսում էինք, խաղում, մեկ էլ տեսնեմ մի պոնչո, կարմրաթուշ տղա կանգնել ուշադիր մեզ է նայում: Մի քիչ անսպասելի էր իր հայացքը, բայց էդ պահին շատ չխորացա:
Էդպես խաղում էինք մեզ համար, ու հանկարծ ոնց եղավ, աչքս ընկավ մի երիտասարդ կնոջ: Արտաքինից դժվար էր գուշակել, թե ինչ ազգության կլինի. շագանակագուն մազեր, մեծ կապույտ աչքեր, նիհար կառուցվածք: Բայց նույնիսկ հեռավորության վրա, առանց ձայնը լսելու ու միայն բերանի շարժումից ինձ թվաց, թե հայերեն է խոսում: Կողքին մի փոքրիկ աչոնիկ էր քայլում՝ հազիվ մեկուկես տարեկան: Ու ինքն աղջկա հետ զրուցում էր, բայց ոչ մի բառ չէի կարողանում որսալ: Մեկ էլ լսեմ գերմանացի երեխաները կանչում են.
- Հարությո՜ւն, Հարությո՜ւն...
Նայեմ, տեսնեմ էն կարմրաթուշ պոնչի հետ են:
Սա էլ վազեց գնաց կապուտաչյա կնոջ ու պստիկ աչոնի մոտ: Էդտեղ արդեն հաստատ համոզվեցի, որ հայեր են, դրա համար էլ տղան մեզ էդպես նայում էր. հարազատ լեզու էր լսել:
Սոնյայի հետ կամաց-կամաց անցանք իրենց կողմերը: Սկսեցի ականջ դնել խոսակցությանը: Զգացվում էր, որ նոր են եկել Հայաստանից, էն էլ՝ ուղիղ մայրաքաղաքից: Երևանյան ուժեղ ակցենտ կար խոսքի մեջ: Առաջ երբ Երևանում էի ապրում, չէի զգում էդ ակցենտը, բայց հիմա, երբ ժամանակ առ ժամանակ հետ եմ գալիս Երևան, հայերեն խոսքի էդ տիպիկ մայրաքաղաքային առոգանությունն ուղղակի ականջ է ծակում:
Էս կինն էլ դեռ լրիվ էդ ձևով էր խսում, ինչը վկայում էր, որ դեռ վաղուց չի, ինչ Գերմանիայում են: Հետն էլ էն «կյանք-մյանք» բառերի մեջ էր: Մի քիչ ականջ դրեցի ու հասկացա, որ ես Երևանում երբևէ չէի ուզենա ծանոթանալ կամ առավել ևս մտերմություն անել էս մարդու հետ: Ուրեմն ինչո՞ւ պիտի էստեղ ծանոթանամ:
Բայց կարմրաթուշ տղան էնքան լավն էր, որոշեցի հետը թաքուն շփվել, էնպես, որ մաման չբռնացնի մեզ հայերեն խոսելիս:
- Դու Հարությունն ե՞ս:
- Հա:
- Քանի՞ տարեկան ես:
- Հինգ:
- Վաղուց ե՞ք եկել Գերմանիա:
- Երեք ամիս առաջ:
- Հավանո՞ւմ ես էստեղ:
- Հա, ավելի շատ, քան Երևանը:
Էհ, պստո ջան, դեռ տաք ես:
- Վայ, Դուք էլ ե՞ք հայ:
Բռնացրեց մեզ մաման :)
Մի քիչ խոսեցինք: Հարցրեց՝ Հայաստանի որ քաղաքից եմ: Հեհե, գիտեմ չէ, որ կորցրել եմ երևանյան ակցենտը:
Իրենցից պատմեց, հետն էլ պարզվեց՝ էստեղ իրար շատ մոտ ենք ապրում, համարյա հարևան ենք:
Գնալուց առաջ հեռախոսի համար փոխանակելու առաջարկ չարեցի, միայն ասացի.
- Դե էլի կհանդիպենք խաղահրապարակում:
Կարող է՝ սիրուն չէր էդպես անելը, բայց չձգեց ինձ մարդը, հետո ինչ, որ հայ էր:
Ու հեչ չեմ տխրի, եթե էլ չհանդիպենք:
Իսկ Հարությունի հետ դեռ մի օր էլի թաքուն զրից կանենք ;)

Հայաստան, գերմանական, մանրապատում

Previous post Next post
Up