Մեր տան կողքի խանութները

Feb 05, 2013 21:43

Մեր տան կողքին մի քանի թիթիզ-միթիզ խանութների կան, որտեղ երբևէ չէի մտել, որովհետև մտածում էի՝ ինձ էնտեղից ոչ մի բան պետք չի գա: 
Բայց վերջերս՝ Հայաստան գնալուց առաջ, քուրիկիս համար նվեր էի ուզում առնել, որոշեցի էդ խանութներից մեկը մտնել, քանի որ ահավոր հիվանդ էի ու հեռու գնալ ուղղակի ի վիճակի չէի, իսկ օր արդեն չէր մնում: 
Ու ես սենց ոտից գլուխ կապկպված-ծածկված՝ էլ բրդի շարֆեր, էլ գոբլինի գլխարկ, էլ քուրք ու վալինկեք, մտնում եմ էդ զիզի խանութը: Քիթս կարմրած, աչքերս կուլ գնացած ու ես էլ մի հազ եմ դրել, գնա գալիս եմ...
Դուռը բացում եմ ու դիմացս անմիջապես գալիս տնկվում է քառասունին մոտ, ոտից գլուխ դզած-փչած մի տղամարդ՝ էնքան խնամված, որ փակ քթովս մարմնի վրա օգտագործած բոլոր կրեմների հոտը առնում եմ: Հագած-կապած-մշակված եվրոպացի գեյ: Նա ինձ որ տեսավ, ձեռքերը միանգամից տնկեց օդում, կոնքը առաջ թեքեց, ու թե՝ ինչով կարող եմ օգնել: Հետն էլ էնպես սկսեց նայել վրաս, որ ես արդեն ուզում էի հետ-հետ դուրս գալ: Բայց աչքս ընկավ խանութի պարունակությանը, ու հասկացա, որ քրոջս համար էնտեղից հաստատ մի բան կճարեմ: Ինքը իմ նման քնձռոտ չի, սիրուն բլանդինկա է՝ կարմիր պամադայով:
Խռպոտ ձայնով ու հայկական ղըռռ ակցենտով ասում եմ.
- Քրոջս համար նվեր եմ փնտրում: 
- Ի՞նչ կարգի նվեր:
Արդեն լուրջ հասկացնել է տալիս, որ ես իր խանութում հաստատ ոչ մի բան գտնողը չեմ: Ես սենց մի լավ քիթս ներս եմ քաշում ու թե.
- Այ էս մի հատ նայեմ:
Ձեռքս տանում եմ, որ վերցնեմ, սա թե.
- Դուք ձեռք մի տվեք, ասեք, ես ցույց կտամ:
Ու նենց մի ակնհայտ զզվանքով է վրաս նայում, որ ես իր տեղը վատ եմ զգում: Քոռանամ ես, երևի փշաքաղված էլ կլիներ...
Լավ է, էդ պահին լիքը զարդերով ու ընտիր սանրվածքով մի պատկառելի տարիքի կին մտավ ներս, ու խանութպանը միանգամից անցավ նրան սպասարկելու:
Ես էլ սկսեցի ամեն ինչին ձեռք տալ: Ու ամեն ինչի վրա հազալ:
Վերջը գտա ինչ որ ուզում եմ, տարա դեմ տվեցի սիրունիկին, թե էս եմ առնում: Նա մի քիչ փափկեց իմ հանդեպ, թեև դեռ աշխատում էր բացիլներիցս հնարավորինս հեռու պահել իրեն: Գնածս նվերը փաթաթեց-մաթաթեց, տվեց ինձ, լավ օր մաղթեց, բարով-խերով ճամփեց:

Դրանից հետո էդ խանութներին մոտիկ չէի գալիս:
Բայց էսօր ասեցի՝ մի շանս էլ տամ իրենց:
Մի հատ պստլիկ խանութ կար էդ շարքում, որ ինչքան նայում էի, միշտ փակ էր լինում ու գրված էր վրան, որ օրվա մեջ երկու ժամ է բաց: Ցուցափեղկից տեսնում էի, որ շատ որակյալ ու ընտիր մանկական խաղալիքներ են ներսում, որոնք սովորական խանութներում չես գտնի: Էսօր մեկ էլ որոշեցի գնալ էդ խանութը, դեռ Սոնյային էլ հետս վերցնել: Ժամը հարմարացրեցի ու գնացինք:
Ներսում մի երիտասարդ կին էր՝ ահագին պարզ ու հասարակ: Սկսեց պատմել, թե ինչու է խանութը միայն երկու ժամ բացում, էդպես զրույցի բռնվեցինք: Իսկ խաղալիքներն իսկապես շատ լավն էի: Բացատրում էր՝ որն ինչ է, խորհուրդ տալիս որն առնել: Մեկի մասին ասաց.
- Սա ես իմ տղայի համար էի վերցրել, որ ինքնաթիռում խաղա, դիմանա թռիչքին:
- Դե իմ պստոն էնքան է թռչում, որ արդեն լրիվ սովորել է դրան, ինքնաթիռում իրեն զբաղեցնելու խնդիր չի լինում, - ասացի ես:
- Իսկ ո՞ւր եք էդքան թռչում:
Սկսեցի թվարկել, երբ հասա Հայաստանին, աչքերը լուսավորվեցին:
- Հայաստա՜ն, դա իմ երազանքների երկիրն է: Ո՜նց եմ ուզում էնտեղ գնալ, ու արդեն ինչքա՜ն ժամանակ է...
Կյանքում չէի պատկերացնի, թե որևէ գերմանացուց էդպիսի բան կլսեմ... Ապշեցի:
Ասեցի, որ Հայաստանից եմ: Նա ավելի ոգևորվեց: Սկսեց հարձուփորձ անել: Պատմեց, թե ոնց է հիացած հայկական խոհանոցով, էս բանով, էն բանով:
- Ամռանը գնանք միասին, - ասացի ես:
Ոնց որ թե էդ միտքն իրեն էնքան էլ վատը չթվաց: 
Մի խաղալիք առա ու խոստացա նորից երևալ իրենց կողմերում, հատկապես, որ հենց տանս կողքին են: 
Չգիտեմ՝ ով էր ավելի շատ ուրախացել՝ ես, թե ինքը: 
Ընկերացանք երևի, հավես էր: :)

Հայաստան, գերմանական, մանրապատում

Previous post Next post
Up