Մառախուղ

Oct 23, 2012 10:51

Սկսվել են մառախլապատ օրերը: Ցուրտն ու մառախուղը միասին ավելի են ուժեղացնում էս երկրում գտնվելու զգացումը:
Չեմ պաշտպանվում. թողնում եմ, որ ինձ լրիվ վերցնի, դարձնի իրենը:
Ասում եմ միայն «բարև» ու «ցտեսություն»: Արևի զվարթ ազդեցությունը չկա, որ ոգեշնչի խոսել մարդկանց հետ, որոնք ինձ ամենևին հետաքրքիր չեն, բայց շուրջս են, ու կարգն է էդպիսին՝ հանդիպելիս միմյանց հետ բարեկիրթ զրույց վարել ոչնչի մասին: Հիմա սառը մառախուղ է, կոմպրոմիսները չեն գործում: Ուրեմն, բարև Հայդի և ցտեսություն ֆրաու Գիլ. դուք ոչինչ եք իմ կյանքում, և այս մռայլ սեզոնին դա հնարավոր չի թաքցնել անգամ մշուշի ծանր շերտի տակ:

Մի ամսից մառախուղին կխառնվի գլյուվայնի ու լեբքուխընի դարչնային բույրը՝ հուշելով, որ շուտով Սուրբ ծնունդ է ու Ամանոր: Եվ միայն այդ ժամանակ մառախուղը կթվա կախարդական ու միստիկ, ինչպիսին որ Ամանորի շեմն է լինում: Անգամ տաքություն կհայտնվի նրա մեջ, և իր մոխրագույնը կբացանա, կդառնա համարյա թափանցիկ սպիտակ:
Ու նորից կսկսեմ բարի, հորինված զրույցներ վարել ոչնչի մասին...

գերմանական, գույներ

Previous post Next post
Up