Կոպենհագենի թաղամասներից մեկում արդեն ավելի քան քառասուն տարի է, ինչ գոյություն ունի մի «քաղաք»՝ Քրիսթիանիա անունով, որն անկախ է և չի ենթարկվում Դանիայի օրենքներին: Այն հիմնվել է 1971 թվականին հիպպինիների կողմից և ժամանակի հետ հասել նրան, որ իրենց հիմնադրած հանրությունը ճանաչվի՝ իբրև ազատ քաղաք, որտեղ պետական բռունցքը որևէ ուժ չունի:
Քրիսթիանիան ունի իր սեփական օրենքները, ըստ որոնց ամեն բնակիչ համայնքի գոյատևման ակտիվ աջակից է: Եվ իրոք, մոտ հազար հոգի կազմող այս համայնքը տարիների ընթացքում կարողացել է հասնել ինքնավարության՝ հենց իր բնակիչների ակտիվության ու իրենց ազատությունն ամեն գնով պահպանելու ցանկության շնորհիվ: Քաղաքը բազմիցս է ենթարկվել պետական ճնշումների և այն վերացնելու փորձերի: 2011-ի ապրիլին կառավարական որոշմում է կայացվել, որ Քրիսթիանիան փակվելու է և համայնքը պարտավոր է լքել տարածքը, սակայն մեկ անգամ ևս բնակիչների ջանքերի շնորհիվ որոշումը չեղյալ է համարվել և «ազատ քաղաքը» կրկին բաց է:
Քրիսթիանիայի գաղափարների հիմքում մարդն է, անհատականությունը, ով ազատ է ամբողջովին արտահայտել իրեն: Շատերի համար Քրիսթիանիան դառնում է երջանիկ ապրելու վերջին հույս, տաք ապաստարան՝ մեծ աշխարհում ծնված մենակության ու անպետքության զգացումը մեկընդմիշտ բնաջնջող:
Տեսանյութ՝ քաղաքի ու նրա բնակիչների մասին.
Click to view