Սխալ կանգառ
- Ներեցեք, չէի՞ք ասի՝ որտեղ է ավտոբուսի կանգառը:
Անգույն դեմքով, շիկահեր կինը նայում էր նրան՝ սպասելով պատասխանի:
Նորից նույնն էր կրկնվելու: Ամեն անգամվա պես հավաքելու էր լեզվական իր համեստ կարողությունները, որ քիմքը կոտրելով բացատրեր, թե ինչպես հասնել կանգառ: Անծանոթ կինը, լսելով նրա ծանր արտասանությունը, շնորհակալություն էր հայտնելու, մի քիչ հեռանալու էր ու մեկ ուրիշին նորից տալու նույն հարցը: Իսկ նա հատուկ նայելու էր անցորդի հետևից՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ իրեն չեն վստահում: Օտարական էր ինքը՝ ծանրալեզու, կաշկանդված, վստահություն չներշնչող:
Աշխատանք այնուամենայնիվ կարողացել էր գտնել: Փոստում: Խոսել շատ չպահանջող, բայց հոգնեցնող գործ էր՝ գիշերվա երեքից մինչև առավոտյան տասնմեկը: Լավ էին վճարում, թերևս միակ բանը, որ պահում էր նրան այդտեղ: Ցերեկները մարած էր, ուժասպառ, քնից ու հունից ընկած: Մի կերպ իրեն կարգի էր բերում ու գնում թափառելու: Մենմենակ: Ոչ ոք չուներ, ինքն էր, իր չոր գլուխը:
Հայերն այդ կողմերում քիչ էին, հատուկենտ մարդիկ՝ ամեն մեկն իր դարդուցավով, իր գործին. նրանցից որևէ մեկին ամիսներով չէր տեսնում: Երբ ցանկանում էր հայտնվել տեսքով ու շարժուձևով իրենից չտարբերվող մարդկանց շրջապատում, իսկ սիրտը ծանոթ համուհոտ էր ուզում և տատական խոհանոց հիշեցնող ուտելիք, գնում էր թուրքական թաղամասեր:
Թող երկու տարի առաջ որևէ մեկն ասեր նրան, թե հայկական կենցաղի կարոտն առնելու համար թուրքերի մոտ էր գնալու: Անհավանական բան, աբսուրդ: Սակայն դա էր իրականությունը: Թեև դժվար թե համարձակություն ունենար որևէ հայի մոտ խոստովանելու, թե իրականում ինչքան են իրենք նման թուրքերին՝ դրա մեջ որևէ վատ կամ լավ իմաստ չդնելով: Նման են ուղղակի: Մի բան, ինչի մասին չարժեր խոսել: Իսկ դա իմանալու համար պետք էր ընկնել Եվրոպա, որտեղ սառնարյուն բնիկների հետ մերվելու անհույս փորձերը մարդուն ի վերջո տանում, գցում են այլազգի թաղամասեր, ուր թե կյանք կա, թե ջերմություն, թե շնչելու օդ: Բնությունն էլ իր հերթին հոգած է լինում, որ ոչ ոքի մտքով անգամ չանցնի, թե այդ մարդը նրանցից մեկը չի: Բարի գալուստ հայրենի օջախ:
Եկել էր մնալու մտադրությամբ: Ու ապրում էր բարձրահարկ մի շենքում, որտեղ մարդիկ իրար չէին ճանաչում, իսկ դռան մոտ հանդիպելիս միայն արհեստական բարև էին տալիս՝ անտարբեր ու ոչինչ չասող դեմքով:
Իրենց շենքի հետնաբակում մանկական հրապարակ էր սարքած, ինչպես այլ բակերում, այգիներում և ընդհանրապես ամենուր: Զարմանալի բան էր այդ ծերացող երկրի համար, որտեղ մարդիկ ավելի շատ նախընտրում էին շուն պահել, քան երեխա ունենալ: Ո՞ւմ համար էին այդքան խաղահրապարակները: Հիշեցնող նշաննե՞ր էին, որ երբեմն արժի նաև բազմանա՞լ: Եթե այդպես էր, ապա այդ հուշումն առավելապես օտարեկրացիներն էին ճիշտ ընկալում:
Իրենց հրապարակում միայն մի քույր ու եղբայր էին խաղում: Բացի նրանցից շենքում ուրիշ ոչ մի երեխա չկար: Նրանց մայրը չինացի էր, հայրը՝ խորվատ, բայց իրենք կոչումով ու պահվածքով տեղացի էին, ինչով և տարբերվում էին ծնողներից, որոնք կային ու մնում էին «եկածներ»:
Հայրը, չնայած եվրոպացի էր, բայց հայտնվելով այդ նոր երկրում, իրեն ակնհայտորեն օտար էր զգում ու չհարմարված, սակայն ամեն կերպ ձգտում էր դա կոծկել և նմանվել տեղացիներին: Կինը փորձում էր հետևել ամուսնու օրինակին, ինչն իր դեպքում վերածվում էր տխուր ֆարսի: Թեև կարգին խոսել չգիտեին, բայց երեխաների հետ շփվում էին միայն տեղական լեզվով. դա էլ իրենց ՝օտարական լինելը մերժելու ձևերից մեկն էր:
Կարլոսը վեց տարեկան էր, հորից ժառանգել էր խոշոր մարմինն ու խոժոռ դեմքը, իսկ մորից՝ ասիական դիմագծերը, ինչը նրան նմանեցնում էր սումոյի ըմբշամարտիկի մինի տարբերակի:
Չորսամյա Ֆելինան, հակառակ եղբորը, նրբակազմ էր ու ճկուն: Նա մագլցում էր ծառերին, ցատկոտում խաղաձողերի ու ճոճանակների վրա իսկական կապիկի նման: Տաբատի ու շապիկի վրայից միշտ երկար սարաֆան էր հագնում, որը բակ իջնելուն պես հանում կախում էր ծառից, իսկ գնալուց առաջ նորից հագնում արդեն իսկ եղած շորերի վրա ու վազում տուն:
-Միշտ մոռանում եմ անունդ,- մի անգամ ասաց նա խաղահրապարակում սուսուփուս նստած մարդուն, որն ուշադիր հետևում էր իրեն:
-Գուրգեն,- պատասխանեց նա Ֆելինային, ով դարձել էր իր հետ շփվող միակ հարևանը:
-Ինչո՞ւ է քո անունն այդքան դժվար,- զարմանքն արտահայտեց աղջնակը:
-Չգիտեմ, ես էլ չեմ հասկանում...
Ֆելինան տեղացի երեխաներին բնորոշ ճարտարությամբ շարունակեց խոսակցությունը.
-Ես ինքս էլ շատ բաներ չեմ հասկանում:
-Օրինակ ի՞նչ,- ժպտալով հարցրեց Գուրգենը:
-Չեմ հասկանում ծնողներիս,- մեծավարի ասաց Ֆելինան՝ ուղղելով իր չինական հարթ մազերը:
-Ինչո՞ւ,- ծիծաղեց Գուրգենը:
Աղջիկը թոթվեց ուսերը:
-Որովհետև ընդամենը չորս տարի է, ինչ ճանաչում եմ նրանց:
Այդ ասելով՝ Ֆելինան պարանոցից հանեց պլաստմասե վզնոցն ու մեկնեց Գուրգենին:
-Սա պահիր, հետո կվերցնեմ, խանգարում է:
-Ֆելի՜նա,- կանչեց մայրը վերևից:
Աչոնիկն արագ ու վստահ քայլերով հետ եկավ տղամարդու մոտ, վերցրեց վզնոցը:
-Ես գնացի,- ասաց նա, ապա շարունակեց,- իսկ դու մամա չունե՞ս:
-Ունեմ:
-Իսկ ինչո՞ւ քեզ տուն չի կանչում:
Գուրգենի հայացքը սառեց:
-Կանչում է...
...
Սկսել էր հաճախ նստել բակի հետնամասում, որտեղ թռչկոտում էր փոքրիկ Ֆելինան ու զվարճալի զրույցներ վարում իր հետ, որից Գուրգենի սիրտը լցվում էր ուրախությամբ: Աղջիկը միակ մարդն էր, ում հետ խոսելիս նա բառերը հանգիստ էր արտասանում՝ առանց լարվելու ու սխալներից վախենալու:
Կարլոսը, ի տարբերություն քրոջը, տղամարդուն մոտ չէր գալիս, այլ միայն խեթ հայացքով զննում էր հեռվից ու սաստում քրոջը, երբ վերջինս սկսում էր խոսել Գուրգենի հետ:
-Գնացինք, Ֆելինա, ուրիշ տեղ կխաղանք,- ասում էր նա ու քաշում քրոջ թևքը:
Բայց աղջկա պետքն էլ չէր. հենց Կարլոսը կորչում էր տեսադաշտից, նա վերցնում էր իր սարաֆանն ու նորից տեղափոխվում Գուրգենի մոտ:
-Մի բան ասե՞մ քեզ:
-Ասա:
-Իմ մաման երբեմն տարօրինակ լեզվով է խոսում:
Տղամարդն ուշադիր նայեց աղջկան:
-Դու չգիտե՞ս այդ լեզուն:
Ֆելինան բացասաբար թափահարեց գլուխը:
-Կարլոսն էլ չգիտի:
Գուրգենը քնքշորեն շոյեց նրա մազերը:
-Դե ոչինչ,- ասաց նա,- մի արտասովոր լեզվով էլ ես եմ երբեմն խոսում:
Աղջիկը ծիծաղեց, ցատկեց նրա գոգին ու գրկեց տղամարդուն:
Երկու տարվա մեջ առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը գրկում էր Գուրգենին: Նա իր ձեռքերում ամուր սեղմեց փոքրիկին ու համբուրեց այտը:
-Ֆելի՜նա,- պատշգամբից անհանգիստ ճչաց մայրը:
Աղջիկը թռավ հարևանի գրկից, ծառի վրայից պոկեց գունավոր շորը, գցեց վրան ու տուն բարձրացավ:
...
Դռան մոտ երբեմն հանդիպում էր երեխաների ծնողներին, գլխով բարևում էին իրար ու առաջ անցնում: Բայց այդ անգամն ուրիշ էր: Հսկայամարմին խորվատը անսովոր տհաճ հայացք գցեց նրա վրա: Սովորաբար մռայլ դեմքն ավելի էր խոժոռված, աչքերի մեջ կասկածի ու թշնամանքի կայծեր էին փայլում:
-Բարև,- ասաց Գուրգենն ու մնաց տեղում կանգնած՝ զգալով, որ հարևանն ինչ-որ բան է ուզում ասել:
Բայց նա ոչինչ չասաց, ոչ էլ անգամ բարևեց: Հայացքը հեռացրեց ու գնաց վերելակի ուղղությամբ: Միայն երբ Գուրգենն արդեն իր հետևից փակում էր շքամուտքի դուռը, իրեն թվաց, թե ականջին քրթմնջոց է հասնում.
-Գրողի տարած թուրք...
Գուրգենն այլևս երբեք չգնաց հետնաբակի կողմերը:
...
-Ավտոբուսի կանգառը,- մի անգամ ևս կրկնեց գունատ դեմքով շիկահերը:
Տղամարդը սթափվեց մտքերից՝ լսելով իրեն հաճախ տրվող հարցը: Եվ այս անգամ նրա պատասխանը հնչեց բացարձակ մաքուր արտասանությամբ ու առանց կմկմոցի.
-Տեղյակ չեմ, ես հյուր եմ այս կողմերում, շուտով հետ եմ գնալու:
Ասաց ու գլուխը կախ հեռացավ:
Իսկ անցորդը դեռ մի քանի վայրկյան զարմանքով նայում էր նրա հետևից: Երբևէ չէր լսել այդ արտառոց լեզուն: Հայերենը: