Aug 09, 2011 19:03
Հորական տատիկիս հետ շատ էի կապված ու բազմիցս գրել եմ նրա մասին: Դե քսանվեց տարի միասին ենք ապրել, քիչ չի կապվածություն ստեղծելու համար:
Իսկ այ մամայիս մամայի հետ կապը ուժեղ չէր: Ինքը Վրաստանում էր ապրում. տարին մի անգամ մենք էինք գնում իր մոտ, մի անգամ ինքն էր մեզ հյուր գալիս:
Անունը Սոնյա էր, ու մենք իրեն «Սոնիկ բաբո» էինք կոչում: Ինչ իրեն հիշում եմ, կամ կարդում էր, կամ իր կյանքից բաներ էր մեզ պատմում: Ես իր ոչ լավը գիտեի, ոչ վատը, բայց սիրում էի, որովհետև մամայիս ամենամտերիմ մարդն էր:
Ծերացել էր: Ասում էր. «Թոռան երեխա եմ ուզում տեսնել ու նոր մեռնել»: Տեսավ... Իմ երեխային չէ: Դրա համար նոր երազանք պահեց. «Ուզում եմ Հռիփսիմես՝ Սոնյային գրկած, դուռս բացի, ներս մտնի, տեսնեմ իրենց ու նոր մեռնեմ»:
Չստացվեց... Մահացավ իմ Սոնիկ բաբոն մի ամիս առաջ:
Թող հողը վրադ թեթև լինի, բաբո ջան:
հուշեր,
տատիկս