Մի սենդվիչի պատմություն

Sep 28, 2010 20:03

Երբեմն որ ճանապարհիս է լինում, մտնում եմ "Subway". ահագին համով սենդվիչներ են սարքում: Աչքիդ առաջ թխած տարբեր հացերից ընտրում ես քո ուզածը, հետո պանիրները, մսի տեսականին կամ իմ դեպքում՝ բուսական կոտլետը, որը հացի հետ մասին տապակում են, հետո էլ ավելացնում տարբեր տեսակի թարմ բանջարեղեններ և քո ընտրած սոուսը: Մի խոսքով, սիրում եմ ես "Subway"-ը, թեև դա էս պատմության մեջ կարևոր չի:
Էսօր էլ տուն գալիս որոշեցի մտնել էնտեղ, իմ սիրելի "Veggie Patty" սենդվիչից վերցնել: Ներս մտա, աշխատողները երկուսն էին. ըստ արտաքինի ու ակցենտի՝ մեկը գերմանացի, մյուսը՝ թուրք: Ինձ թուրքը սկսեց սպասարկել: Բայց մինչ հերթը ինձ կհասներ, մի տղայի համար խոզապուխտով սենդվիչ պատրաստեց: Հետո անցավ իմին: Ու պիտի արդեն երկուսն իրար հետ դներ տապակելու, մեկ էլ հայացքը կանգնեց վրաս ու մեծ համոզվածությամբ ասաց.
- Դուք խոզի միս չեք ուտում, չէ՞:
- Չէ, չեմ ուտում...
Պատասխանեցի ու մտածեցի՝ ինչից իմացավ, որ բուսակեր եմ. երևի սենդվիչից: Ու ինչպես ինձ հետ սովորաբար լինում է, մի քիչ հետո միայն տեղ հասավ, թե ինչու հենց «խոզի միս», ոչ թե «միս»...
Ինձ մուսուլմանի տեղ դրեց, մի բան, որ հետս շատ հաճախ է պատահում Գերմանիայում: Ու արդեն ուզում էի ավելացնել, որ ոչ մի տեսակի միս էլ չեմ ուտում, բուսակեր եմ, կրոնի հետ կապ չունի, բայց մեկ էլ որոշեցի ձայն չհանել, տեսնել՝ ինչ է լինելու:
Տղան մի կողմ դրեց արդեն սարքած սենդվիչս: Գոգնոցը փոխեց, ձեռքերը մաքրեց, ձեռնոցներ հագավ, թեև մինչև էդ մերկ ձեռքերով էր աշխատում, ու սկսեց ինձ համար նոր սենդվիչ սարքել: Քիչ առաջ հո խոզապուխտի էր կպել. էն հին սենդվիչս արդեն «հարամ» էր...
Դրանով չվերջացավ. փոխանակ տապակման սպասվող բոլոր սենդվիչների հետ միասին իմը դներ ջեռոց, ինչպես սովորաբար անում են, սենդվիչս առանձին դրեց: Ամբողջ ջեռուցում՝ մի հատիկ սենդվիչ: Որ ինքը թավայի վրա խոզի մսով հացերի կողքին չհայտնվի: Երբ հասավ վրան կտրտած բանջարեղեններ դնելու հերթը, որով գերմանացին էր զբաղվում, նրան չտվեց հացս, այլ ինքը իր ձեռնոցներով շարունակեց գործը:
Վերջում տվեց ինձ իր սարքածը ու ժպտաց՝ ինչպես հայրենակիցը հայրենակցին: Ես էլ իրեն ժպտացի ու վերցրեցի «հալալ» ուտելիքս: Վճարելիս մանրը թողեցի իրեն:
Հետաքրքիր է՝ կարժանանա՞ր իմ սենդվիչը նման հարգանքի, եթե ասեի, որ ուղղակի բուսակեր եմ:
Ինձ թվում է, ես գիտեմ պատասխանը: :)

թուրքեր, գերմանական, կրոն, մանրապատում

Previous post Next post
Up