Sep 26, 2010 16:09
Ինչի՞ ինձ մոտ թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ թշնամանք կամ ատելություն չկա: Կարո՞ղ է հետս մի բան էնպես չի: Կամ ոնց-որ քուրիկս է ասում (իհարկե ոչ իմ մասին) «հայրենիք կորցրած» մեկն եմ: Չնայած դեռ որ Հայաստանում էի, էլի էդպիսի բան չկար: Հիշում եմ՝ Գերմանիա գալուց առաջ մամաս, իմանալով, որ էստեղ լիքը թուրքեր կան, ասեց.
- Կյանքում ոչ մի թուրքի չվստահես:
Դեռ չեմ օգտվել էդ խորհրդից: Ոչ էլ թե կօգտվեմ... Ես մարդուն վստահելու կամ չվստահելու ուրիշ պատճառներ եմ ունենում, որոնք ազգության հետ կապ չունեն:
Չեմ ասում, թե բարի հրեշտակ եմ, բայց այ ազգն ու կրոնը ինձ համար ատելության կամ սիրո գրավական երբեք չեն եղել:
Էս անգամ որ Երևանում էի, մամաս ու պապաս ի վերջո համոզեցին ինձ կնքվել: Էդ տերտերը, որը մեծ անուն ունի ամբողջ Հայաստանով, մինչկնունքային, նախնական զրույցի ժամանակ ահագին թույն թափեց ուրիշ կրոնների հասցեին: Էնպես էի վատացել, նույնիսկ ամաչեցի իր տեղը... Իմ ուղեղում չի տեղավորվում, որ քրիստոնեությունը կարող է ատելություն սերմանել: Ու երևի էդպես էլ չեմ հասկանա էն իրական քրիստոնյաներին, որոնք ուրիշ կրոնների ու ազգերի դեմ ատելության մեջ են ապրում: Ինչպես չեմ հասկանա մեր էն հարևաններին, ովքեր մեր հանդեպ նույնպիսի վերաբերմունք ունեն: Ինձ համար երկուսն էլ ամոթալի է. կապ չունի՝ ով է ում ատողը:
Միշտ փորձել եմ պայքարել մարդկանց հանդեպ իմ անհանդուրժողության դեմ, բայց պիտի խոստովանեմ, որ ազգն ու կրոնը երբեք չեն մտել դրա մեջ: Երևի ավելի լավ. անհանդուրժողության դեմ պայքարս գոնե մի քանի ասպարեզում բացակայում է...
Քոմենթներն անջատում եմ. արդեն բազմիցս առիթ է եղել թե իմ բլոգում, թե դրանից դուրս էս հարցի շուրջ մարդկանց կարծիքներին ծանոթանալու:
թուրքեր,
կրոն