Ինտերնետ ժուռնալիստիկան` որպես այդպիսին, ՀՀ-ում այնքան էլ երկար պատմություն չունի, ինչի հետևանքով շատ ինտերնետային պարբերականներ ճիշտ չեն կարողանում օգտագործել դրա ընձեռած հնարավորությունները: Սակայն վերջին շրջանի փոփոխությունները, ինչպես նաև նոր ինտերնետային պարբերականների ստեղծումը թույլ է տալիս դաշտում ստեղծել մրցակցություն, ինչի հետևանքով նաև օր օրի կարգավորվում է դաշտում տիրող խառնաշփոթը:
Ինտերնետ ժուռնալիստիկան ունի մի շատ կարևոր առանձնահատկություն` իրադարձությունների, դեպքերի արագ արձագանքելու հնարավորություն:
Եթե հեռուստատեսությամբ կամ ռադիոյով սովորական մամուլի ասուլիսը ցուցադրվում է լուրերի ժամին, որը սովորաբար ասուլիսի ժամից բավականին ուշ է եթեր հեռարձակվում, իսկ տպագիր մամուլում նման նյութերը տեղ են գտնում միայն հաջորդ օրը, ապա ինտերնետային պարբերականները դա անում են շատ արագ` հիմնականում ասուլիսի վայրից ինտերնետի միջոցով նյութն ուղարկելով։
Ինտերնետ ժուռնալիստիկան հնարավորություն է ընձեռնում կարդալու հին նյութերը, քանի որ յուրաքանչյուր լրատվական կայք ունի արխիվ, որտեղ նշելով ամսաթիվը կամ ուղղակի Google-ում կամ այլ որոնման համակարգում նշելով տվյալ նյութի վերնագիրը՝ կարելի է գտնել և ընթերցել այն։ Այն հնարավորություն է տալիս նաև հղումներ անել։
Հաճախ ստացվում է այնպես, որ աշխատանքի կամ այլ պատճառներով մարդիկ ի վիճակի չեն կարդալու երկար նյութեր, դիտել հեռուստացույց կամ լսել ռադիո։ Նման դեպքերում օգնության է հասնում ինտերնետային պարբերականը։ Աշխատանքի վայրում նստած՝ օրվա նորություններին կարելի է ծանոթանալ հենց քո առջև դրված համակարգչից։ Կարիք չկա թերթ գնել կամ միացնել հեռուստացույց կամ ռադիո։ Սրան գումարենք նաև այն, որ լրատվական կայքերում աշխատանքային ժամերին ինֆորմացիան տեղադրվում է հակիրճ և արագ։ Այսինքն՝ մի քանի րոպեն բավական է՝ գոնե մակերեսայնորեն ծանոթանալու, թե ինչ է կատարվում աշխարհում։
Ինտերնետի առկայության պարագայում ավելի հեշտ և հասանելի է օգտվել ինտերնետային լրատվությունից, քանի որ ոլորտն ավելի ազատ է և գրեթե ամեն ինչի մասին լրատվական կայքերը գրում են։ Սա բխում է նաև նրանից, որ դաշտում վերահսկողությունը թույլ է։ Ինչպես ասում է Ռոնալդ դե Վոլկը, ինտերնետային ժուռնալիստիկա պարզապես նշանակում է որակյալ լուրեր և տեղեկատվություն՝ տեղադրված ինտերնետում, մասնավորապես՝ «Համաշխարհային սարդոստայնի» հատվածում, ուր մարդիկ կարող են կարդալ, տեսնել և լսել դրանք՝ իրենց համակարգիչների և այլ նման սարքավորումների միջոցով։
Ըստ
http://circle.am-ի տվյալների՝ Հայաստանում գործում է 229 ինտերնետային կայք, որտեղ տեղադրվող ինֆորմացիան բազմազան է՝ քաղաքականությունից մինչև ուտեստներ։