Իսկ Արևն անցավ, ինչպես անցնում են կյանքում բոլոր արևները

Sep 09, 2012 14:37

Ինքս ինձնից նահանջել եմ, այնքան հեռու, որ չգիտեմ՝ ինչպես վերադառնամ: Ու ԵՐԲ ՀԵՏ ԵՄ ՆԱՅՈՒՄ, ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԺԱՄԸ, ՕՐԸ, ԱՆԳԱՄ ՎԱՅՐԿՅԱՆՆ ԻՆՉՔԱՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ: Ու հաճախ ուզում եմ հետ վերադառնալ, ամեն ինչ սկսել նորից, այլ ձևով: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դա անհնար է, կա այն, ինչ կա, իսկ դրանք օդում ցնդած հուշեր են, մղձավանջ կամ բարի երազ: Մենք ամեն վայրկյան վազում ենք երազանքի հետևից, իսկ այն ավելի արագ է փախչում, այնպես, որ չես էլ հասցնում գոնե ուղեծիրը տեսնել:

Ու մտածում եմ՝ մարդիկ իրար ընտելացնում են, մարդիկ հարազատ են դառնում իրար, մարդիկ կարոտում են՝ ինչի՞ համար, որ հետո գնա՞ն, վիրավորե՞ն իրար, թե՞ մնան: Իսկ անորոշությունն այս կյանքում ամենասարսափելին է, մտածել, մտածել.....մի օր հոգնում ես մտածելուց ու հասկանում, որ ամբողջ կյանքն անցավ մտածելով, ժամանակ չմնաց մտածածներն իրականացնելու համար: 
Արի հաշտվենք, դու առաջվա պես շողա, իսկ ես կտաքանամ քո ջերմությամբ: Դու հեռու ես, ինչ-որ տեղ երկնքում, իսկ ես ներքևից միշտ նայում եմ վերև, միշտ սպասում, որ խավարը ցրվի ու դու ժպտաս ամպերի միջից: Արի հաշտվենք ու խոստացիր,որ էլ չես խավարի, որ կշողաս այնպես, ինչպես առաջ էր՝ Արևին վայել......

Անսպասելի հրաժեշտից հետո, այն, որ անգամ հրաժեշտ չէր, այլ՝ մինչ նոր հանդիպում, էլ հանդիպում չեղավ: Դու էլ չշողացիր, իսկ ես երկինք չնայեցի: Ես նեղացել եմ, երկնքից, քեզնից, որ Արև բառով ես կոչվում......ու հիմա իմ ընկերը անձրևն է: Գիտե՞ս ինչու. երբ նա կա, դու չկաս, ես ազատ կարողանում եմ երկինք նայել.....Ես չեմ վախենում մենակությունից, անձրևային միալար կաթկթոցից, ես վախենում եմ նրանից, որ մի օր այդ միայնությունը կխաթարվի ու էլ չեմ ուզի վերադառնալ այդ աշխարհը: Ես այնտեղ՝ իմ մենակության մեջ պատմություն ունեմ, իմ պատմությունը, այն պատմությունը, որ ինքս եմ կերտել՝ մենակ, երբեմն՝ ընկերներիս, երբեմն՝ կիթառիս հետ, երբեմն էլ...ու այդ հեռու օրերից հրաժարվելը, թողնելը, գնալը...այդքան կտրուկ, ասես ոչինչ չի եղել, ոչինչ չի լինի, իսկ Արևն անցավ, ինչպես անցնում են կյանքում բոլոր արևները...

Հասկանո՞ւմ ես հիմա....այսքան հանելուկներ, այսքան մտքեր ու ոչինչ չասող տողեր...իսկ ես գիտեմ դրանց արանքում թաքնված իմաստը: Դու մեղավոր չես, որ չես հասկանում, ուղղակի փորձիր, դա էլ քայլ է:Եվ եթե մի օր հասկանաս, որ չես հասել քո արևին, հիշիր, որ գուցե ոչ թե չես հասել, այլ արագությունից չես էլ նկատել, թե ինչպես անցար նրա կողքով...Ու հիշիր, որ անդեմ արևն ավելի վատ է, քան կիսալուսինը խավարում...

ու այսպես էլ ապրում ենք

Previous post
Up