Երբ մտա Ուժուպիսի (Արվեստագետների անկախ հանրապետություն Վիլնյուսում) ամենահայտնի եկեղեցին, փշաքաղվեցի «Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա» երգի հնչյուններից:
Լիտվական խումբը կատարում էր հայկական ազգային երգեր ու շարականներ, հանդիսատեսը զարմացած հետեւում էր նրանց, իսկ իմ սիրտը թրթռում էր: Համերգի ավարտին մոտեցա մեներգչուհուն` Յուստինային, ներկայացա անգլերենով, ասացի որ հայ եմ: Սկսեց հայերեն խոսել, ծանոթացրեց ինձ իր հարազատների եւ ընկերների հետ, հպարտացավ, որ հայ է գտել: Յուստինայի հետ հանդիպեցի երկու շաբաթ անց` սրճարանում:
- Հայրս հայ է, մայրս` լիտվուհի, բայց շատ լավ է խոսում հայերեն, երբեմն նույնիսկ հորիցս լավ: Նա հայերեն-լիտվերենի թարգմանչուհի է եւ դեռ տարիներ առաջ գնացել է Հայաստան` պրակտիկայի, այնտեղ էլ հանդիպել է հորս, ու ամուսնացել են: Ես, արդեն 16 տարի է, ինչ Հայաստանում չեմ եղել, պատկերացում անգամ չունեմ` հիմա ինչպիսին է այն: Քույրս Հայաստանում է ծնվել, իսկ ես` այստեղ:
-Ինչո՞վ ես զբաղվում Լիտվայում:
-Կրթությունս երաժշտական է, եկեղեցում երգեհոն եմ նվագում, նաեւ փոքրիկ խմբով համերգներ ենք ունենում, հայկական շարականներ, երբեմն նաեւ լիտվական եւ հրեական ազգային երգեր կատարում: Երեւի նկատեցիր համերգի ժամանակ, որ հայկական հին երգերը մենք որոշակի փոփոխությունների ու մշակման ենք ենթարկել: Փորձում ենք ավելի շատ ներթափանցել ու բացել այդ հարուստ երաժշտության խորքերը, ներդնել նաեւ մեր զգացումները... Բայց երբեք չենք աղավաղում դասական ձեւը, երաժշտության իրական ասելիքը. «Կիլիկիայի» մեր մշակումն այն է, ինչ ես զգում եմ:
-Կարծում ես` ունկնդի՞րը պահանջ ունի` հին երգերը նորովի լսելու:
-Մենք մշակում ենք երաժշտությունն այնպես, ինչպես մենք ենք բացահայտում դրա գեղեցկությունը: Կարիք չունենք ունկնդրի պահանջների մասին մտածելու, քանի որ երգում ենք միայն մեզ համար. այդ երաժշտությամբ գումար չենք աշխատում: Դա ուրիշ երաժշտություն է, փոփ չէ...
Լիտվայում իրականում երաժշտական բազմազանությունը մեծ չէ: Իհարկե, կան լավ երաժիշտներ, բայց, համենայն դեպս, կոնտրաստը քիչ է:
Մենք ուզում ենք, որ մարդիկ լսեն, զգան ու հասկանան հայկական շարականների, ազգային երաժշտության գաղտնիքը, խորքայնությունը: Համերգների ընթացքում շատերն առաջին անգամ են լսում հայկական երաժշտություն, եւ ամեն անգամ ելույթի ընթացքում հասկանում ես, թե մարդկանց համար որքան նոր, որքան չտեսնված ու չլսված է այս ամենը:
Հրաշալի է զգալ, թե ինչպես են մարդկանց մեջ նոր զգացողություններ ու հուզումներ առաջանում, որոնք նախկինում երբեք չէին ունեցել: Երբեմն զգում եմ, որ ձեռքիս մի շատ յուրահատուկ ու զարմանալի պարգեւ ունեմ, որ նվիրում եմ բոլորին: Հայկական երաժշտությունն իմ աշխարհն է, որտեղ այնքան ուժ ու խորություն կա: Իհարկե, դա նաեւ իմ գենոֆոնդից է գալիս... Ես հայերեն լավ չեմ խոսում, բայց մշակույթն ու երկիրն իմն են...
-Քո երգը լսողը կարծում եմ` զգում է այն, ինչ ուզում ես փոխանցել, եթե նույնիսկ բառերը չի հասկանում...
-Սովորաբար ամեն ելույթից առաջ մի քանի բառով պատմում եմ երգի նշանակության մասին, որպեսզի կապ լինի, ընդհանուր զգացումներ...
-Ազգային երաժշտությունը կրում է տվյալ ազգի պատմությունն ու բնավորությունը: Այլազգի ունկնդիրը կարո՞ղ է ընկալել մեր բնավորությունը երաժշտության միջոցով:
-Ինքս շատ եմ լսում այլ ազգերի երաժշտություն, կլինի դա հնդկական կամ պարսկական: Ազգային երաժշտությունն ինքնին շատ գեղեցիկ է, բայց հայկականը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ իմն է. դա ավելի կարեւոր է եւ ուժեղ: Իհարկե, այլ ազգերի երաժշտության մեջ էլ կարող ես գտնել քոնը, բայց հայկականը բացառիկ է... լիտվականը նույնպես... Երկուսը` մեկում. այդպես լինում է (ժպտում է):
-Ծանր չէ՞...
- Ինչո՞ւ:
-Երկու հայրենիք ունենալը հեշտ բան չէ:
-Ես իմ կյանքի մեծ հատվածն եմ այստեղ` Լիտվայում, անցկացրել ու միշտ մտածում եմ, որ երկու երկիր ունենալը նույնիսկ լավ է. լրացնում են միմյանց:
...Նախկինում ինձ այստեղ սպիտակ ագռավ էի զգում... Հայաստանում մարդիկ ջերմ են, շատ բաց իրենց փոխհարաբերություններում: Երբ հայերի շրջապատում եմ լինում, ինձ շատ հարմարավետ եմ զգում, հասկանում եմ, որ դա ես եմ: Լիտվայում այդ զգացողությունը չունեմ, բայց վատ էլ չէ... Իմ ընկերները, շրջապատն այստեղ են ստեղծվել:
-Կուզեի՞ր ապրել Հայաստանում:
-Իմ կյանքը Հայաստանում չեմ պատկերացնում: Կարեւորը ոչ թե երկիրն է, այլ մարդիկ: Եթե այնտեղ հարազատներ ունենայի կամ, ասենք, ամուսին, իհարկե կգնայի Հայաստանում ապրելու:
-Միգուցե հայի հետ ամուսնանաս...
-Հայաստան գնալ` հատուկ հայ ամուսին գտնելու, մի քիչ ճոխ է ասված: Բացի դրանից` Լիտվայում ընկեր ունեմ արդեն... Չէ, երեւի թե ոչ հայի հետ...
-Ինչո՞ւ չես այցելում Հայաստան:
-Թանկ է, հիմա հեշտ չէ ինքնաթիռի տոմս գնելն ու այցելելը: Բայց հայրս հաճախ է գնում. այնտեղ ծանոթներ ու ընկերներ ունի: Հորս էլ խնդրում եմ, որ հայկական երգերի նոտաներ բերի ինձ համար: Նախկինում հայրս Վիլնյուսի հայ համայնքի նախագահն էր, համայնքում էլ ինչ-որ համերգներ, միջոցառումներ են լինում, բայց ես սիրում եմ մեր խմբով համերգներ տալ:
-Հայերեն արտասանությամբ երգելը դժվար չէ՞:
-Չէ, չնայած ակցենտ ունեմ, բայց դժվար չէ, աշխատում եմ ինձ վրա: Ծնողներս տանը հիմնականում հայերեն են խոսում: Մայրս մաքուր խոսում է, բայց հայրս Սեւանից է, մի քիչ այնտեղի ակցենտն ունի: Քույրս շատ ավելի լավ է խոսում հայերեն, քան ես, նա նույնիսկ գրում-կարդում է:
-Ի՞նչ ես երազում:
-Ես պետք է միշտ երգեմ, լինեմ բեմում. դա իմ մի մասնիկն է: Որոշ ժամանակ կար, որ չէի երգում, մենեջմենթով էի զբաղվում, բայց դա ինձ չհերիքեց... Ուզում եմ նաեւ ընտանիք ու երեխաներ ունենալ: Երազում եմ, որ մեր համերգները շարունակվեն ոչ միայն Լիտվայում, այլեւ տարածվեն այլ երկրներով: Շատ եմ ուզում ճանապարհորդել:
-Երբ դու երգում էիր «Կիլիկիան», «Կռունկը», ես լեռներ ու երկինք էի պատկերացնում: Դու ի՞նչ ես տեսնում...
-«Բարի արագիլը» երգելիս հստակ տեսնում եմ արագիլին իր բնում, լեռների մեջ, կապույտ երկնքի տակ... Ես հիշում եմ, ես դեռ հիշում եմ այդ տեսարանները Հայաստանից:
-Անտառոտ Լիտվայում երեւի լեռների կարիքը զգում ես, չէ՞:
-Հա, մի բան չի հերիքում... Երբ այստեղ ուժեղ շոգ է լինում, ինձ դուր է գալիս, երբ ամեն ինչ լուսավոր է, գույներն այլ են... Հայաստանում բաներ կան, որ շատ կարեւոր են... Մարդկային շփումները, ջերմությունը... Դրա կարիքը շատ եմ զգում...
Click to view
Աղբյուրն`
այստեղ: