ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐ - ԾԱՂԿԱՁՈՐԻ(CAKHKADZORI, ЦАХКАДЗОРИ)

Sep 09, 2011 20:51

Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, և շատ հաճախ նրանք պարվում են բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ:
Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` Ծաղկաձորին:

Դեռևս ամենապարզունակ հավատալիքների առաջացման պահից, պարը օրգանապես միահյուսվել է տվյալ միջավայրի ծեսերին: Հնուց Ժողովուրդների կյանքում պարին մեծ դեր էր հատկացվում: Ինչքան շատ էր զարգանում մոգությունն ու հմայությունները, ավելի ուշ նաև կրոնը, այնքան բարդանում էին տարբեր նախնի-տոտեմների, ոգիների, աստվածությունների պաշտամունքին վերաբերվող պարային գործողություններով ծեսերը, ստանալով ավելի ու ավելի բարդ արտահայտչական տեքստ - ձևավորում, ավելի բարդ թատերականացում:
Պարային թատերականացված ներկայացումները`նաև բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի, աշխատանքում, որսի ժամանակ, պատերազմում, ձկնորսությունում, հաջողության կոչող մոգական ակտեր էին:
Աշխատանքային գործիքների, սպասքի, ամենօրյա և տոնական հագուստի, կացարանի կահավորանքի, զենքի և այլնի զարգացմանը զուգահեռ զարգանում էին նաև գործողությունների բովանդակության հետ կապված սրբազան գործողությունների պիտույքները, նրանց ռեկվիզիտների առարկաները, գործող անձանց հանդերձանքը, նրանց գլխարկները, դիմակները, կոշիկները, երաժշտական գործիքները,սիմվոլիկ զարդանախշերն ու նկարները:

Ծաղկաձորին հիմնականում պարվել է ուխտատեղիներում, ուխտագնացությունների ժամանակ, և նրա անվանման ծագումը կարելի է կապել Վասպուրականում գտնվող համանուն մի տեղանքի հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, որոնք հիմնականում ոչ թե տեղային բնույթ էին կրում, այլ ընդհանուր, և Վասպուրականի համար մեծ նշանակություն ունեին, ուր էլ տարբեր ազգային տոների` բարեկենդանի, որի ժամանակահատվածը ժողովուրդը անվանում էր «Հայոց ազգի օրեր», վարդավառի, աստվածածնա և այլ տոներիժամանակ ուխտագնացության էին գալիս Վասպուրականի տարբեր բնակավայրերից:
Ծաղկաձորի պարը կապված է պտղաբերության աստվածությունների, և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճիվրա մոգական ազդեցություն ունեցող, հաջողության կոչող մոգական ակտերի հետ:
Ծաղկաձորի պարի կապըպտղաբերության հետ մատնանշում է, նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին գերել մոգին, ստանալ մոգերի հաճո վերաբերմունքը իրենց բերքի աճի համար:
Իսկ պարում տեղ գտած ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության,երբեմն բնության մեջ տեղի ունեցող բացասական պրոցեսների, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլն ազդեցությունը պտղաբերության վրա:
Սակայն ինչպես ընդունված է դրական մոգություն ունեցող պարերում պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով, և որպես վերջաբան տեղում սովորականից ավելի բարձր կատարվող թռիչքը, հավատարիմ այն հավատալիքներին, որը պարը չպետք է վերջանա ձախ գնացող պարաքայլով, ինչը ողբերգության, բնության ամլացման խորհուրդն է կրում, այլ պարտադիր աջ գնացող շարժումներով, թռիչքներով, քանզի հայերենում հոմանիշներ լինելուց բացի, աջ, առաջ, հաջողություն բառերն ու նրանց համապատասխան շարժումները ըստ մեր նախնիների հավատալիքների դրական ազդեցություն են ունենում պտղաբերության վրա:

image Click to view

ЦАХКАДЗОРИ, ազգային մշակույթ, ազգային պար, ազգային, cakhkadzori, ԾԱՂԿԱՁՈՐԻ, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐ, ՀայՖոն շարժում

Previous post Next post
Up