Feb 05, 2012 00:06
Իբր դիպլոմային եմ գրում... Մի քանի օր առաջ գրքերիս մեջ նկատեցի. «Չարլզ Չապլին. ինքնակենսագրություն»։ Գրքերը դասավորելիս կամ գիրք փնտրելիս հաճախ էր հանդիպում մոխրագույն կազմով այս գիրքը, բայց ոչ մի անգամ կարդալու ցանկություն չէի ունեցել։
Այս անգամ հետաքրքրեց, կարդացի գրեթե մի շնչով։
Աննկարագրելի կամքի ուժ ունեցող մարդ, համենայն դեպս, ինձ էդպես թվաց. չի ընկճվել անհաջողությունից, ամեն ֆիլմով ձգտել է հասնել ավելիին, քան նախորդով։ Զարմանալիորեն դա նրա մոտ ստացվել է նույնիսկ այն ժամանակ, երբ համր կինոյին փոխարինելու են եկել ժամանակակից՝ «խոսուն» ֆիլմերը։ Այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում նրա հաջողությանը, բայց նրա՝ նույնիսկ այդ շրջանի ֆիլմերն ավելի մեծ հաջողություն ու ճանաչում են ունեցել, քան դրանց նախորդածները։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նա շատ ավելի հետաքրքիր է ներկայացրել իր կենսագրությունը, քան շատ հայտնի գրողներ՝ իրենց գեղարվեստական գործերը։ Կամ գուցե նրա կյանքն է հետաքրքիր դասավորվել. սկզբում Անգլիայում՝ որպես հասարակության աղքատ խավի ներկայացուցիչ, ապա՝ Ամերիկայում՝ որպես աստղ՝ հարուստ ու իրեն ցանկացածը թույլ տվող։
Գրքում հիշվող տողերը շատ էին, մի երկուսը գրեմ.
«Ես հարկ չեմ ունեցել գրքեր կարդալու, որ հասկանամ՝ կյանքի հիմքում ընկած են հակասություններն ու տառապանքը»։
«Ես, և յուրաքանչյուր ոք, այն եմ, ինչ կամ՝ միակը իմ ծնունդով ու անկրկնելի անհատականություն, ընդհանրացումը իմ նախնիների համոզմունքների և ձգտումների, ինչպես և իմ սեփական ցանկությունների, երազանքների ու կենսափորձի»։
մտքեր,
Չարլի Չապլին