Freddie Mercury

Jul 06, 2009 13:41

Մի տեղ արդեն գրել էի, որ սիրած երգիչներ շատ եմ ունեցել և ունեմ, բայց մինչև վերջերս միայն Ֆրեդդի Մերկուրիին կարող էի առանձնացնել նրանց մեջ, որի դեպքում կարող եմ ասել, որ իսկապես ֆանատ եմ եղել։ Ինչքան էլ որ ամոթ լինի, ցավոք, նրա մասին իմացել եմ նրա մահից վեց թե յոթ տարի հետո միայն։ Առաջին կամ երկրորդ կուրսում էի սովորում, երբ ինտիտուտում ընկերուհիներիցս մեկի ձեռքին պատահաբար Queen-ի ձայներիզներից մեկը տեսնելով՝ հետաքրքրվեցի, թե ինչ խումբ է։ Հետո լսեցի ու հենց սկզբից հիացա։ Ինձ համար իսկական բացահայտում էր խմբի ոճը, Ֆրեդիի անկրկնելի վոկալը։ Ուղղակի սիրահարվել էի նրա ձայնին ու կատարմանը։ Նրա մի հատ "yeah"-ն ոնց որ մի աշխարհ լիներ՝ միայն իրեն հատուկ հարուստ բազմերանգությամբ.

image Click to view


Էնքան էի ուրախացել, որ էդպիսի հրաշք խումբ եմ բացահայտել։ Փող հավաքեցի ու շուտով գնեցի Queen-ի իմ առաջին ձայներիզը։ Սրբության պես պահում էի։ Մի քանի "Greatest Hist" գնելուց հետո, երբ որոշեցի անցնել ալբոմներ գնելուն, պարզվեց, որ Հայաստանում ռոք երգչի ալբոմներ ձայներիզով ճարելը բոլորովին էլ հեշտ գործ չէ, շատ դեպքերում՝ նույնիսկ անհնար։ Հետո բացահայտեցի "Orpheus" խանութը, որտեղ կարելի էր էնպիսի կատարողների ձայնագրություններ գտնել, որոնք ուրիշ վաճառակետերում չէի գտնի, համենայնդեպս, ձայներիզի տեսքով, իսկ դիսկերն էդ ժամանակ ինձ համար անհասանելի էին։ Բայց էդտեղ էլ ամեն ինչ չկար, շատ բաներ ամիսներով փնտրելուց հետո էի գտնում որևէ տեղ։ Էդպես քիչ-քիչ  հավաքելով տասնյակից ավել ձայներիզներ ձեռք բերեցի, բայց էդպես էլ չկարողացա բոլոր ալբոմները գտնել, մինչև որ եկավ դիսկերի երանելի ժամանակաշրջանը։ Մի գեղեցիկ ամանորյա գիշեր Ձմեռ պապիկը՝ քրոջս ու եղբորս հովանավորությամբ, ինձ նվիրեց Queen-ի MP3-ին՝ երկու դիսկով։ Հրաշք նվեր էր։


 


Queen-ի երգերին ծանոթանալուն զուգընթաց աճում էր հետաքրքրությունս Ֆրեդդի Մերկուրիի անձի նկատմամբ։ Բոլոր հասանելի միջոցներով ինֆորմացիա էի հավաքում նրա մասին. տեղեկություններ, ամսագրեր, երգերի տեքստեր, նկարներ, պլակատներ, տիպեր։ Ինչ նկար ձեռքս ընկնում էր, պարտադիր քսերոքս էի անում։ "Oscar" երաժշտական սրահ կար մի հատ, էնտեղ հավես բաներ շատ կային, մի անգամ էլ Queen-ի մասին գիրք էի տեսել, գինն էլ՝ 20 դոլլար։ Անհասանելի գին էր, նույնիսկ երազելն անիմաստ էր։ Մի երկու անգամ էնտեղ գնացած ժամանակ բացել ու երկար ժամանակ կարդացել եմ տեղում, մի ուրիշ գիրք էլ «Նոյան տապանում» էի տեսել, մի երկու ժամ էլ էդտեղ եմ դրա պատճառով լռվել։ :D Էդ շրջանում իմ բոլոր ամանորյա նվերները ֆրեդիական էին լինում պարտադիր. մի անգամ Ֆրեդդիին նվիրված ամսագրեր ստացա, մի անգամ՝ արդեն նշածս դիսկերը, մի անգամ էլ՝ գիրք։ Հիշում եմ՝ գիրքը որ ստացա, հավատս չէր գալիս, որ ես Ֆրեդդիի մասին գիրք ունեմ։ Ահագին ժամանակ երանության մեջ էի։


     


Տանը չունեի առանձին սենյակ, բայց ունեի իմ անկյունը, որն էլ տնեցիների բողոքներին հակառակ՝ մեծ հաճույքով «Ֆրեդդիանոց» էի դարձրել։ :D Սեղանս ու դրա վերևում պատին կպցրած գրադարակը ողողել էի Ֆրեդդիի ու Queen-ի զանազան նկարներով ու տիպերով։ Մի քանի նկար էլ ինքս էի նկարել մատիտով։ Հիշում եմ՝ մամաս միշտ բողոքում էր, որ անկյունս ոնց որ «սապոժնիկի բուդկա» լինի։ :D Բայց դե ինձ ահավոր դուր էր գալիս իմ «սապոժնիկի բուդկան»։ Ֆրեդիի նկարներից մեկի հետ նույնիսկ խոսում էի պարբերաբար։ Ու էդ նկարի հայացքը, դեմքի արտահայտությունը ժամանակ առ ժամանակ փոխվում էին ինձ համար ու որոշակի իմաստներ էին արտահայտում։ Չգիտեմ ոնց, բայց ես իր դեմքին իմ ամենատարբեր արարքների հավանության ու անհավանության նշաններ էի միշտ տեսնում։ Մի խոսքով՝ լրիվ «տարած» վիճակ էր։ :D




Ֆրեդդիի ծննդյան օրը միշտ ինքս ինձ համար նշում էի։ Չէ, ոչ մի արտառոց ու հանդիսավոր բան չէի անում. ուղղակի էդ օրը սովորականից ավելի շատ էի մտածում նրա մասին ու խոսում հետը։

Հայտնի մարդիկ, Երաժշտություն, freddie mercury, Հուշադարան, Ես, Լուսանկարներ

Previous post Next post
Up