Կեռասապատում

Jul 28, 2019 11:35

Ինձ համար նստած` մրգերս եմ ուտում, մեկ էլ տեսնեմ` ամանիս մեջից կեռասներն աչքով են անում, թե` մեզ լուսանկարի. տես` ինչ սիրուն, ձիգ , պլպլան ու հյութեղ ենք. անմահացրու՛ մեզ հե՛նց հիմա, քանի մեզ չես կերել, ու չենք հանգրվանել քո մութ ստամոքսում`լխկած ու անձև զանգվածի տեսքով: Ես էլ, ճիշտն ասած, հեչ չեմ սիրում, երբ ուտելս ընդհատում են, բայց դե կեռասների շատ պե՞տքն էր. իրենք ուզում էին լուսանկարվել և վե՛րջ: Երևի գիտեին, որ գեղեցիկի նկատմամբ թուլություն ունեմ ու չեմ դիմանա էդ գայթակղիչ առաջարկին: Ու չնայած էդ պահին հեչ չէի ուզում ուտելուց կտրվել, բայց համ էլ մտածեցի` դե լավ, կեռասներ են, էլի, ինչքա՞ն պիտի տևի, մի երկու սիրուն դիրքով կչխկացնեմ, կպրծնենք: Բայց դու մի ասա` սրանք շատ ավելի ճոխ պլաններ ունեին: Սկզբում երկու ռոմանտիկներ իրենց առաջ գցեցին, թե` մենք ամենասիրունն ենք, սկզբից մեզ պիտի նկարես: Ու հո չեն կոտորում իրենց` մկնիկիս բարձիկի վրա տարբեր դիրքերով թավալ գալով: Հետո որոշեցին մի քանի մտերիմներով էլ նկարվել: Դրանց էլ որ նկարեցի, մի քանի ուրիշ կեռասներ էլ ոգևորված միացան: Էնքան էլ չմահավան էին. ոնց նկարում էի, դուրները չէր գալիս: Մեռան դիրքեր փոխելով: Թե, ասա, ի՞նչ տարբերություն` ինչ դիրքով եք, ա՛յ թիթիզներ, բոլոր դիրքերից էլ նույն կլոր կեռասը չե՞ք, էնքան որ մարդու տանջեք: Մի խոսքով` կյանքս կերան, մինչև որ ջղայնացա ու բոլորին կերա: Բայց մինչ այդ նրանք, իհարկե, հասցրին անմահանալ իմ թեթև ձեռքով. :)))















Լուսանկարչություն, photography, photos, Մանրապատումներ, Ուտելիք, Լուսանկարներ

Previous post Next post
Up