Մտորումներ Агата Кристи ռոք խմբի մասին

Mar 09, 2018 00:40


Չգիտեմ էլ` սա ում համար է ընդհանրապես հետաքրքիր, գուցե ոչ մեկի, բայց մի տեսակ արտահայտվելու կարիք ունեմ էս թեմայով: Մի խոսքով` պիտի գրվի:

Агата Кристи ռոք խմբի երգերին մոտիկից ծանոթացել եմ կարծեմ 2000-ականների սկզբներից: Մինչ այդ լսել էի միայն հեռուստատեսությամբ ու ռադիոյով հաճախ հնչող երկու հիթ` Как на войне և Ковер-вертолет երգերը, որոնք երկուսն էլ հավանում էի (հատկապես երկրորդը), բայց էդ շրջանում դեռ առիթ ու հնարավորություն չէր եղել խմբին ավելի լավ ծանոթանալու: Իսկ հետո եղբայրս կարծեմ ինչ-որ մեկից ալբոմները վերցրեց, քիչ-քիչ լսեցինք մինչև էդ պահը թողարկված բոլոր ալբոմները ու պարբերաբար լսում էինք:

Վերջին տասնամյակում  ժամանակ առ ժամանակ հիշում եմ Агата Кристи-ի մասին ու, ասենք, կարող է էդ ժամանակ մի ամբողջ օր իրենց երգերը լսեմ: Բայց էս անգամ միայն հիշելով չբավարարվեցի, ընդ որում` հիշեցի լրիվ պատահական ինչ-որ բանից (վաղ առավոտյան մտքերիս շարանը չգիտեմ որտեղից ինձ բերեց, հասցրեց Агата Кристи-ի երգերին), հավեսս տվեց, հենց վեր կենալուն պես միացրի իրենց երգերը ու արդեն քանի օր է` չեմ կարողանում կտրվել: Նույնիսկ հասցրի իրենց երգերի տակ աբստրակտ գեղանկար անել: Ու էս օրերին ոչ միայն երգերն էի լսում, այլև ունեցածս ազատ ժամանակը տրամադրեցի խմբի մասին կարդալուն ու լսելուն` սկզբից մինչև մեր օրերը:





Պիտի խոստովանեմ, որ չնայած Агата Кристи-ն ռուսական ռոքի իմ ամենասիրած մի քանի խմբերից է, բայց խմբի մասին, բացի երգերից, ոչինչ չգիտեի մինչև հիմա: Ժամանակին պարզապես նման հնարավորություն չէր եղել, իսկ հետո արդեն էնքան հետաքրքրված չէի, որ հատուկ որոնեի, ուսումնասիրեի: Ամոթ էլ է ասելը, իրենց երգերն էդքան լսած լինելով` միայն նոր եմ պարզել, որ խմբում երկու մեներգիչ է եղել միշտ, այսինքն` բոլոր երգերը կատարվել են երկու տարբեր մարդկանց կողմից, իսկ ես միշտ կարծել եմ, թե նույն մարդն է երգողը: Մեներգիչները երկու եղբայրներ են` Գլեբ և Վադիմ Սամոյլովները, որոնցից ավագը` Վադիմը, խմբի հիմնադիրն է եղել ու կրտսեր եղբորն էլ կարճ ժամանակ անց բերել է խումբ: Երգերի (հիմնականում և՛ տեքստի, և՛ երաժշտության) մեծ մասի հեղինակը Գլեբն է, իսկ կատարում են երկուսը, բայց ոչ միաժամանակ, այսինքն` երգեր կան, որ Վադիմն է երգում, երգեր կան` Գլեբը` անկախ նրանից, թե ով որ երգն է գրել: Նրանց ձայներն առաջին հայացքից նման են կամ, առնվազն այն ժամանակ, նման էին: Եղբայրներն արտաքինով էլ են առաջին հայացքից ահագին նման, համենայնդեպս, սկզբից նկարները նայելիս չէի կարողանում տարբերել` որն ով է, ընդ որում` ինչքան հասկացա, ժամանակին շատերն են իրենց շփոթել, բայց ահագին ուսումնասիրություններից հետո արդեն արդեն էդքան չեմ նմանեցնում, ավելին` լիքը առումներով լրիվ հակապատկերներ են` խառնվածքից, դեմքի արտահայտությունից սկսած, զանազան հարցերի նկատմամբ իրենց մոտեցումներով ու պահվածքով վերջացրած:

Գլեբ և Վադիմ Սամոյլովները.









Հաջորդ զարմանքս այն էր, որ խումբն իմ սպասածից շատ ավելի վաղ էր ստեղծվել ու շատ ավելի ուշ պառակտվել. որպես Агата Кристи` սկսել է հանդես գալ 1987 թվից, բայց մինչ այդ` 1985 թ-ից այլ անվամբ ու մի փոքր այլ կազմով արդեն գործել է: Խումբը ցրվել է միայն 2010-ին (իսկ ինձ, չգիտեմ ինչու, թվում էր, թե վաղուց արդեն չկա)` Սամոյլով եղբայրների հարաբերությունների վատացման պատճառով, իսկ մի քանի տարի անց նրանք ընդհանրապես դադարել են իրար հետ շփվել ու միայն փոխադարձ մեղադրանքների (ընդհուպ` իրար դատի տալ), պարտքուպահանջների ու լուրջ տարաձայնությունների առիթներով են որևէ կերպ առնչվել: Եղբայրներին առանձին-առանձին էլ ահագին ուսումնասիրեցի` թե՛ կենսագրական նյութեր, հոդվածներ, օնլայն ասուլիսներ կարդալով, թե՛ հարցազրույցներ լսելով (այդ թվում և միմյանց մասին խոսելիս):

Նաև ահագին երկրպագուների կարծիքների ու մեկնաբանությունների հանդիպեցի էս ընթացքում ու պարզեցի, որ վերջիններս  զգալի չափով պառակտված են երկու եղբայրների միջև. մի մասը խիստ համակրում է Գլեբին` Վադիմին համարելով ստոր մարդ, վատ եղբայր ու անտաղանդ երաժիշտ (իբր, ոչ կարգին երգել գիտի, ոչ էլ առանձնապես երգ է գրել, քանի որ երգերը հիմնականում Գլեբն էր գրում, եղբոր հետ էլ ստորաբար է վարվել ու երկերեսանի, տականքի մեկն է), մյուս մասը պաշտպանում էր Վադիմին` պնդելով, որ նրա վոկալը շատ ավելի լավն է, քան Գլեբինը, ու այդ Գլեբն է, որ երգել չգիտի, բացի դրանից, Վադիմն էլ է երգեր գրել, համ էլ եթե նա չլիներ, խումբը հաջողություն չէր ունենա, քանի որ Գլեբը բացի երգեր գրելուց ու դրանք կատարելուց, ուրիշ ոչինչ չէր անում, ու մնացած ամեն ինչը` երգերը վերջնական` կոմերցիոն տեսքի բերելը, դրանք համապատասխան ձևով ներկայացնելը ու մնացած բոլոր կազմակերպչական հարցերը Վադիմի վրա են եղել միշտ, նաև որ Գլեբը կործանված, ինքն իրեն վարի տված դեմք է, ու հիմա ընդհանրապես իրենից ոչինչ չի ներկայացնում, երգելիս էլ կարծես փորկապությամբ տառապող մոլագար լինի: Մի խոսքով` երկուսն էլ երկրպագուների ու հակակրողների պակաս չունեն: Եղբայրների քաղաքական հայացքներն էլ, ի դեպ, խիստ տարբեր են. Վադիմը ներկայիս իշխանության կողմնակից ու պաշտպան է (ասում են` նույնիսկ Պուտինի վստահված անձ է եղել), իսկ Գլեբը թունդ ընդդիմադիր է ու առիթը բաց չի թողնում իշխանությանը հայհոյելու: Այնուամենայնիվ, երկրպագուների մի ստվար զանգված էլ, անկախ նրանից, թե որ եղբորն է ավելի շատ համակրում, շատ ցավում է եղբայրների հարաբերությունների այս տխուր վիճակի համար և հույսեր փայփայում, որ նրանք մի օր կներեն իրար ու կհաշտվեն: Շատերը նույնիսկ հույսեր ունեն, որ եղբայրներն իրար հետ հաշտվելուց հետո կվերամիավորվեն, կվերականգնեն Агата Кристи-ն, քանի որ նրանք միասին ավելի մեծ ուժ էին, քան առանձին-առանձին: Ես, իհարկե, համաձայն եմ, որ նրանք միասին ավելի լավն էին, քան առանձին, բայցևայնպես խմբի վերամիավորումն էս պահին լրիվ ժամանակավրեպ ու անիրական եմ համարում:

Թեև Գլեբն իր ապրելակերպով ու կյանքի նկատմամբ վերաբերմունքով ինչքան հնարավոր է` հակառակ է իմին, բայց դրանով հանդերձ` կարդացածիս ու լսածից հիման վրա` համակրանքս ավելի շատ Գլեբի կողմն է: Ճիշտն ասած` համակրանքիս մի զգալի մասն էլ, ցավոք, խղճահարություն է ու ափսոսանք… Իմ տպավորությամբ` Գլեբն ի սկզբանե դեպրեսիայի ու ինքնակործանման հակված կերպար է, «ոչ էս աշխարհից», ով, այս կյանքին չհարմարվելով, փորձել է իր մխիթարանքը գտնել թմրանյութերի, ալկոհոլի և դրանց հետ սերտորեն կապված այլ կործանարար երևույթների մեջ, բավական անհավասարակշիռ, խիստ էմոցիոնալ ու խոցելի է, նաև շատ վառ, ես կասեի` հիվանդ երևակայությամբ օժտված (որի շնորհիվ էլ ստեղծվել են նրա յուրօրինակ երգերը): Երիտասարդ ժամանակվա նկարներում ու վիդեոներում նաև մի տեսակ պարզ ու մանկական տպավորություն է թողնում: Ճիշտն ասած` ահագին տխուր էր նրա ներկայիս կերպարը տեսնելը` թե՛ տեսքի, թե՛ ընդհանուր վիճակի առումով: Ի տարբերություն եղբոր, որը կարծես սանրվածքի փոփոխությունից ու ավելորդ քաշից ազատվելուց բացի, առանձնապես չի փոխվել, Գլեբը, կարելի է ասել, անճանաչելիորեն է փոխվել. կարծես լրիվ ուրիշ մարդ լինի. մի տեսակ ծերացած, կյանքից հոգնած ու սպառված, ակնհայտորեն անառողջ մարդու տեսք ունի` թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահման ակնհայտ կնիքը վրան: Թեև Агата Кристи-ից հետո իր նոր խումբն է ստեղծել` The Matrixx, ու երկրպագուների որոշակի խումբ ունի, ակտիվ հանդես է գալիս համերգներով, բայց շատ դժբախտ է երևում, էն որ զգում ես, որ մարդը դրանից բացի, ուրիշ ոչինչ չունի կյանքում, կյանքի իմաստ չունի, էդ խումբն էլ որ չլիներ, երևի ինքնասպան կլիներ կամ, չգիտեմ, ուղղակի ինքն իրեն աստիճանաբար վարի տալուց կմեռներ շատ արագ:

Գլեբ Սամոյլովը.













Մի քանի հարցազրույց լսեցի Գլեբի հետ, ոնց որ մի կերպ խոսեր. համ արտասանությունն է մի տեսակ անհստակ, համ էլ կարծես դժվարությամբ է բառերը գտնում, խոսքը դանդաղ է, անհարթ: Հարցազրույցներից մեկում ասում էր, որ ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ է ունենում պարբերաբար ու ամեն անգամ բուժվում որոշ ժամանակ: «Ցավոք, այնպես է ստացվել, որ ինձ ձգում է ամենայն անառողջը…. Ժամանակ առ ժամանակ այնպիսի դեպրեսիաների մեջ եմ ընկնում, այնպիսի անտանելի դատարկության ու անիմաստության զգացողություն եմ ունենում, որ խմելը միակ մխիթարանքն է թվում, այլ կերպ ես ուղղակի չեմ կարողանում ապրել»,- խոստովանում էր Գլեբը: Նաև խոստովանել է, որ արդեն քսան տարի է` մշտապես այցելում է հոգեթերապևտների ու նյարդաբանների (հաճախակի փոխում է նրանց), իսկ պատճառը` իր ասելով` Агата Кристи-ի շլացուցիչ փառքն էր, որ շատ արագ ու միանգամից թափվել էր գլխին, ու չէր կարողանում դրա տակից դուրս գալ: Ասում են` երիտասարդ ժամանակ եղբայրները բավական անառողջ կյանք են վարել ու երկուսն էլ բացի շատ ծխելուց ու խմելուց, նաև ակտիվ կերպով թմրանյութեր են օգտագործել, բայց Վադիմն, ըստ երևույթին, բնույթով ավելի գիտակից ու հավասարակշռված լինելով, ժամանակին կարողացել է դադար տալ, իսկ Գլեբը` ոչ: Նաև ահագին քոմենթներ հանդիպեցի այն մասին, թե արդյոք Գլեբը թմրամոլ է, թե ոչ: Ինչպես միշտ, մի մասը պնդում էր, որ հա, մյուս մասը` որ չկա նման բան, միայն խմում է: Շատերը պնդում էին, որ նրա խոսելու ձևը, ընդհանուր վիճակը որոշակիորեն հերոինի ազդեցության տակ գտնվող մարդու պահվածք է, ինչքան էլ որ պնդի, թե 2000 թ-ից այս կողմ հերոինից հրաժարվել է: Ամեն դեպքում զգացվում է, որ մարդը լրջորեն խեղված է` թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առումով: Իսկապես խղճալի տեսարան է: Ամեն հարցազրույց կամ համերգ նայելիս էդ խղճահարության ու ցավի զգացումն առաջանում է մեջս:

Իսկ Վադիմը լրիվ ուրիշ կերպար է` բավական ինքնավստահ ու ինքնագոհ (ընդ որում` դեռ էն ջահել ժամանակների հարցազրույցներից էր էդպիսի տպավորություն թողնում, հիմա պարզապես էն ջահելական ինքնագոհությունը չկա), սառը, զուսպ, սթափ, ես կասեի` ավելի շրջահայաց ու ավելի հաշվենկատ: Մի խոսքով` լրիվ եղբոր հակապատկերը:

Վադիմ Սամոյլովը





Եղբայրների հակամարտության հետ կապված ինչքան կարդացի, իրենց հետ հարցազրույցներ լսեցի, էդպես էլ նորմալ գլուխ չհանեցի` ով է մեղավոր, ով` անմեղ: Երկուսն էլ իրենց տեսակետից ճիշտ են թվում ու միաժամանակ սխալ: Մի տեսակ երկուսին էլ հասկանում եմ: Ընդհանրապես պիտի որ շատ տխուր բան լինի 30 տարի համատեղ խումբ պահելուց հետո հարաբերությունների էդպիսի խզումը: Երաժշտական խմբերի անդամները, դատելով միասին անցկացրած ժամանակի ահռելի քանակությունից, պիտի որ ահագին հարազատ մարդիկ դարձած լինեն, ի վերջո, միասին համ աշխատում են, համ հաճախ միասին ուտում ու քնում նույն տեղում: Իսկ երբ էդ ամենի հետ մեկտեղ նաև հարազատ եղբայրներ են` առավել ևս:

Երկու եղբայրների սոլո գործունեությանն էլ մի քիչ ծանոթացա: Հանուն արդարության պիտի ասեմ, որ իմ կարծիքով, ձայնի ու կատարման առումով Վադիմը գրեթե չի փոխվել. նորմալ երգում է, երգերն էլ վատը չեն, որոշները նույնիսկ ահագին հավանեցի, բայց, իհարկե, Агата Кристи-ի էն էմոցիոնալ թափն ու կայծը, որն, ըստ երևույթին, Գլեբն էր ապահովում, չկա: Իսկ Գլեբը հիմա, ցավոք, հնամաշ ու ճռճռացող մեքենա է հիշեցնում բեմի վրա. ինչպես որ դժվարությամբ խոսում է, այդպես էլ երգում է: Ձայնը բավական խղճուկ է դարձել, կարելի է ասել, էն ասածս էմոցիոնալ թափը միակ բանն է, որ մնացել է, ու որի շնորհիվ իրեն շարունակում են լսել: Բայց իր ընդհանուր վիճակը թույլ չի տալիս, որ էդ էմոցիոնալ թափը պատշաճ ձևով դրսևորվի ու երևելի արդյունք տա: Կարելի է ասել, մարդը ոտքի վրա հանգչում, մոխրանում է: Չեմ զարմանա, եթե ոչ հեռավոր ապագայում հենց բեմի վրա էլ շունչը փչի: :(

Ընդհանրապես հետաքրքիր է հետևել տարբեր հայտնի խմբերի անդամների գործունեությանը խմբի ցրումից հետո, երբ անդամներից ամեն մեկն սկսում է սոլո կարիերա անել: Էդ ժամանակ նոր սկսում է երևալ, թե ով ինչ ներդրում ուներ խմբում, թե որ մեկը կոնկրետ որ մասն էր ապահովում, ու թե որքան էր նրա ազդեցությունը խմբի ընդհանուր ոճի ու դրսևորման վրա: Իսկ խմբի համատեղ աշխատանքի դեպքում էդ ամենը միշտ տեսնում ես զուտ որպես հաջող մշակված ու համադրված կուռ միասնություն: Ու, իմ կարծիքով, միշտ, համենայնդեպս, իմ իմացած դեպքերում խմբի համատեղ ստեղծածը շատ ավելի լավն է լինում, քան անդամներից ցանկացածի առանձին ստեղծածը: Իհարկե, նաև ճաշակի հարց կարող է լինել, բայց էս հարցում բացառություններ չեմ մտաբերում, առնվազն իմ ընկալմամբ: Ընդ որում, էս երևույթը գործում է նույնիսկ էն անդամների դեպքում, որոնք խմբի ոգին կամ ուղեղն են լինում, ու համատեղ ստեղծվածի առյուծի բաժինն իրենցն է լինում, միևնույն է, նույնիսկ էդ մարդկանց առանձին ստեղծածը միշտ զիջում է խմբի համատեղ ստեղծածին: Բալանսն ամեն դեպքում ճիշտ բան է, հատկապես երբ կողմերից մեկը խիստ էքսցենտրիկ է, միշտ պետք է լինի նաև ավելի սառը գլխով, թեկուզև ոչ նույնքան հետաքրքիր ու ոչ նույնքան տաղանդավոր մեկը, որ հավասարակշռության բերի վիճակը, ու ընդհանուր արդյունքը հնարավորինս ընդունելի ու ներկայանալի տեսք ստանա: Անհատական գործունեության` խմբի համեմատ ավելի հաջող գործունեության վառ օրինակներից մեկն էլ, իմ կարծիքով, Pink Floyd-ն է: Այլ ցայտուն օրինակներ էլ կարող եմ բերել, բայց չեմ ուզում շատ շեղվել: Ի դեպ, նաև իմացա, որ Pink Floyd-ն Агата Кристи-ի (թե՛ Գլեբի, թե՛ Վադիմի) սիրած խումբն է եղել ու եղբայրների` ռոք երաժիշտ դառնալու խթանն ու ոգեշնչումը: Խմբի պատմության, ներքին հարաբերությունների ու պառակտման մեջ էլ, իմ կարծիքով, շատ բան հիշեցնում է Pink Floyd-ին, իսկ Գլեբի կերպարն ու ապրելակերպը շատ առումներով նման է խմբի առաջին մեներգիչ Սիդ Բարեթին:

Չնայած Գլեբին շատ ավելի հետաքրքիր, տաղանդավոր ու գրավիչ կերպար եմ համարում, բայց եղբայրների ներկա գործունեությանը մի քիչ ծանոթանալով` կնախընտրեի Վադիմի երգերը լսել (որոշ երգեր նույնիսկ սեյվ եմ արել), իսկ Գլեբի նոր խմբի երգերը կարծես իր կործանվող կերպարի վառ արտահայտությունը լինեն. առնվազն ինձ համար ընդհանրապես լսելու բան չեն. էլի եմ ասում, լսելիս մենակ ցավ եմ ապրում էդ մարդու համար` տեսնելով թե ուր է գլորվել ու շարունակում գլորվել:

Ընդհանրապես երբ մարդը սպառվում է, հաճախ իր համար դժվար է դա գիտակցելն ու հեռանալը, իսկ երգիչների դեպքում էդ սպառվածությունը, կարծում եմ, շատ ավելի ակնհայտ է լինում, քան այլ մասնագիտության տեր մարդկանց դեպքում: Ու հենց իրենք ամենամեծ դժվարությամբ են դա գիտակցում ու բեմից հեռանում: Ցավոք, քչերն են, որ համապատասխան գիտակցություն և ուժ են ունենում ժամանակին հեռանալու, մեծ մասը մինչև վերջին փշուրն իրեն մսխում է ու թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մահանում հանդիսատեսի առաջ: Երևի որովհետև մարդն ամենաշատը պիտանի, գնահատված լինելու կարիք ունի:

Չգիտեմ, թե Агата Кристи-ի երգերն ում համար ինչ նշանակություն ունեն, ինչպես են ընկալվում, ազդում և այլն, բայց ինձ համար դրանք բացառիկ էմոցիոնալ թափ ունեցող երգեր են, առավելագույնս անկեղծ ու համարձակ, հարուստ երևակայությամբ ու յուրահատուկ պատկերավորությամբ հագեցած տեքստերով: Ճիշտ է, հիմնականում մռայլ են ու խիստ դեպրեսիվ, բայց հույզերի ու հոգեվիճակների անկեղծ ու ակտիվ արտահայտումն օգնում է, որ լսելիս ինքդ էլ չընկղմվես դեպրեսիայի մեջ, դե, համենայնդեպս, իմ դեպքում էդպես է: Ինձ համար դրանք ահագին լիցքաթափող երգեր են. հատկապես ազատ ու բարձր ձայնով հետները երգելու դեպքում մի տեսակ ոնց որ քերեն-հանեն մեջիդ ամբողջ բացասականը:

Агата Кристи-ի իմ ամենասիրած երգերից մի քանիսը դնեմ:

Ковер-вертолет

image Click to view



Два карабля

image Click to view



Ураган-ը երբևէ լսածս ամենասրտակեղեք ու ամենաէմոցիոնալ երգերից է: Գլեբն ասել է, որ այն իր համար շատ անձնական երգ է, ու որ իր մասին է.

Ураган

image Click to view



Чудеса

image Click to view



Хали-гали Кришна

image Click to view



Սա էլ խմբի վերջին` հրաժեշտի համերգի վիդեոն.

image Click to view



Զգացողություններ, Մտորումներ, агата кристи, Ագատա Կրիստի, Գլեբ Սամոյլով, Մարդիկ, Հայտնի մարդիկ, Վիդեո, Երաժշտություն, Դիտարկումներ, music, Глеб Самойлов

Previous post Next post
Up