Լինքոլնը

Nov 17, 2017 00:54


Էսօր Արեգենց դպրոցում ուսուցիչների ու ծնողների հանդիպման օր էր, ինչն առիթ դարձավ, որ էստեղի դպրոցի մասին ընդհանուր գրառում անելու ցանկություն ունենամ, ու մոտ ժամանակներիս կանեմ երևի, բայց ուսուցիչների հետ հանդիպումները նաև հիշեցրին մի փոքրիկ դեպք, որի մասին էլ ուզում եմ պատմել այս գրառման մեջ։



Մոտ երկու տարի առաջ, երբ Արեգը դեռ մանկապարտեզում էր (Kindergarten), որն էստեղ դպրոցի մաս է կազմում՝ մի տեսակ զրո դասարանին համարժեք մի բան, էլի գնացել էինք ծնող-ուսուցիչ հանդիպման։ Ամուսինս ինչ-որ շտապ գործ ուներ, ու վերջին երկու ուսուցիչների հետ հանդիպմանը չկարողացավ մնալ, ես մենակ հանդիպեցի հետները։ Նրանցից մեկը գիտություն առարկայի ուսուցիչն էր, որին երբևէ տեսած չկայի։ Հիշում եմ, թե ինչ տարօրինակ զգացողություն ունեցա, երբ դասասենյակի մուտքի մոտ հայտնվեց արտասովոր բարձրահասակ, երկար վերջույթներով ու նիհար ու մորուքավոր ուսուցիչը։ Ինձ թվաց՝ իմ առջև կանգնած է ոչ այլ ոք, քան ինքը՝ Աբրահամ Լինքոլնը։ Մինչ ուսուցիչն ինձ սիրալիր բարևեց ու ուղեկցեց դասասենյակ, սկսեց խոսել տղայիս առաջադիմության ու պահվածքի մասին, ես ապշած նայում էի նրան ու մտածում, թե ինչ աստիճանի նման է էս մարդը Լինքոլնին։ Նմանը ո՞րն է, հենց ինքն էր, որ կար։ Թե՛ շարժուձևը, թե՛ ձայնն ու խոսելաձևը՝ լրիվ Լինքոլնն էնտեղ դրած։ Ընդ որում՝ կոնկրետ դիմագծերով առանձնապես նման չէր, բայց դա բնավ չէր խանգարում նրա ընդհանուր շշմեցուցիչ լինքոլնությանը։ Էդպես՝ Լինքոլնին տեսած լինելուց խիստ տպավորված՝ գնում եմ տուն, մեկ էլ հանկարծ ցնցվում եմ հետևյալ մտքից. այ մարդ, բայց ախր ես ե՞րբ եմ լսել Լինքոլնի ձայնը, խոսելաձևը, կամ՝ ե՞րբ եմ տեսել Լինքոլնին շարժվելիս, որ համ խոսելաձևն եմ էդպես նմանեցնում Լինքոլնին, համ շարժուձևը։ Լինքոլնի ժամանակ դեռ իսկի լուսանկարչություն չկար, էլ ուր մնաց՝ ձայնագրություն կամ տեսագրություն լիներ, որ դրանց միջոցով իմանայի։ Ասեմ, որ Լինքոլնի մասին ֆիլմն էլ չեմ տեսել, միայն մի երկու րոպե ինչ-որ հատվածներ եմ տեսել, ու դերասանն էլ ո՛չ արտաքինով, ո՛չ էլ շարժուձևով ու խոսելաձևով նման չէր իմ իմացածպատկերացրած Լինքոլնին, այսինքն՝ էդ կերպարը չէր կարող հիմք լինել Լինքոլնի իմ պատկերացման համար։ Բայց ես, փաստորեն, շատ հստակ պատկերացնում եմ Լինքոլնի ոչ միայն ձայնն ու խոսելաձևը, այլև շարժուձևը, որոնցից ոչ մեկի մասին փաստացի տվյալներ չունեմ և հանգամանքները հաշվի առնելով՝ չէի էլ կարող ունենալ։

Մինչև հիմա էլ էդ մարդուն հիշելիս մի տեսակ ակնածախառը-սարսռացնող զգացողություն եմ ունենում։ Ու համոզված եմ, որ Լինքոլնն իրականում հենց էդպիսին էլ եղել է։

#iamtestingnewposteditor, Այ քեզ բան, Մարդիկ, Զգացողություններ

Previous post Next post
Up