Երախտագիտության տոնի պատրաստություններ

Nov 19, 2017 18:42


Հենց Հելոուինը վերջացավ, հաջորդ օրվանից Արեգի ողջ ուշադրությունն ու հետաքրքրության ուղղությունը կտրուկ շրջադարձ կատարեց դեպի երախտագիտության տոնը (Thanksgiving)։ Հիմա ամբողջ օրը մտածում է, թե ինչ սիրուն ու հետաքրքիր դեկորացիաներ կարելի է սարքել Thanksgiving-ի համար։ Ես էլ, ճիշտն ասած, էս տարի առաջին անգամ մի տեսակ հավես ունեմ Thanksgiving-ի։ Նախկինում էս տոնը երբեք չենք նշել որևէ կերպ։ Ինձ թվում է՝ ինձ հնդկահավն էր մի քիչ խանգարում Thanksgiving-ը սիրելու ու ըստ այդմ նաև նշելու տրամադրված լինելու համար։ Բայց էս տարի որոշեցի, որ թքած էդ հնդկահավի վրա, կարելի է կենտրոնանալ տոնի ներկայիս խորհրդի վրա՝ մարդկանց ու կյանքին շնորհակալ լինելու, ունեցածդ գնահատելու ու դրանով գոհանալու դրական գաղափարի վրա։ Հաճելի են նաև Thanksgiving-ի հետ ասոցիացվող աշնանային դեկորացիաները՝ տերևներով, դդումներով, կոներով, մոմեր, զամբյուղներ, պսակներ, և այդ ամենը իմ սիրած՝ աշնանային տաք ու հյութեղ գունապնակով։ Մի խոսքով՝ կատարյալ սիրունություն. սիրուն տոն՝ սիրուն ձևավորմամբ։

Արեգի հետ ինտերնետում ահագին thanksgiving-ային գաղափարներ ենք նայել, քննարկել ու ընտրել։ Դե, ինքն իր համար նաև զանազան մանր-մունր բաներ նկարում-կտրտում-սարքում է ձեռի հետ ամեն օր, բայց ունենք նաև մի քանի համեմատաբար լուրջ համատեղ «պրոյեկտներ», որոնք փորձում ենք քիչ-քիչ իրագործել։ Թաղիքից (felt) աշնանային տերևներ ենք սարքում՝ համապատասխան զամբյուղի այլ ձևավորումների համար, շնորհակալությունների ամանիկ են սարքում ու ձևավորում։



Հելոուինից մի քանի օր հետո մտել էինք մեր մոտի խանութները, որ, իբր, մի քիչ Thanksgiving-ային դեկորացիաներ նայեինք, նախօրոք պայմանավորվել էինք, որ Արեգը ոչինչ չի ուզելու, որ առնենք, գնում ենք պարզապես նայելու ու գուցե որոշ բաներից ոգեշնչվելու համար։ Էն էլ, ի զարմանս մեզ, համարյա ոչինչ չկար, փոխարենը խանութները լցված էին Նոր տարվա զարդարանքներով, ու ընդամենը մի երկու խղճուկ աշնանային դեկորացիա։ Իսկ նախկինում, հիշում եմ, լիքը հավես աշնանային դեկորացիաներ էին լինում։ Էս տարի կարծես Հելոուինից միանգամից անցում էին արել դեպի Նոր տարի՝ Thanksgiving-ի վրայից թռնելով։ Էդպես հիասթափված դուրս եկանք խանութներից։ Բայց հետո մի հատ աշնանային կոմպոզիցիա գտանք, որը երկուսս էլ էնան հավանեցինք, որ որոշեցինք առնել. թող էդ մեկն էլ պատրաստի լինի։

Ձեռքի աշխատանքով՝ զանազան սիրուն դեկորացիաներ պատրաստելով զբաղվելն, ինչ խոսք, ինձ համար էլ է շատ հաճելի ու հետաքրքիր, բայց Արեգի հետաքրքրվածության թափին ու անհամբերությանը երբեմն ուղղակի դիմանալ չի լինում… Ահագին հոգնեցուցիչ ու նյարդայնացնող է, երբ ամեն վայրկյան, հաճախ ամենաթունդ զբաղվածությանդ պահին գալիս, պնդում է, որ էսինչ բանն անենք կամ հարցնում՝ արդյոք մտածել եմ, թե էսինչ բանը ոնց ենք անելու, ու եթե չէ, ապա հենց հիմա մտածեմ, մի բան ասեմ։ Այ մարդ, դե արի ու էս էրեխուն բացատրի, որ դու «հենց հիմա» մտածողներից ու որոշողներից չես։ :D Ամեն ինչ հենց հիմա, հենց էս պահին… Համբերություն չունի էս մարդը։ Ու էդպես «հենց հիմա, հենց էս պահին» էլ սարքում է ամեն ինչ՝ հաճախ նախապես չպլանավորելով, լիքը բաներ հաշվի չառնելով։ Վերջերս փորձում եմ հատուկ աշխատել էդ ուղղությամբ, որ սովորի մի քիչ ավելի անշտապ անել, բայց որակով, որոշակի ժամանակ հատկացնել նախօրոք պլանավորելուն, որ գիտակցի ու հաշտվի էն մտքի հետ, որ լավ ու որակյալ բաներ սարքելը սովորաբար կարճ չի տևում, պիտի կարողանա համբերել, երկար աշխատել, առանց շտալելու, որպեսզի արդյունքն ավելի լավը ստացվի, թե չէ՝ իրեն որ մնա, էդ պահին ինչ խելքին փչեց, միանգամից առնում է թղթեր, մկրատ, սոսինձ, մատիտ-մարկերներ ու հապշտապ անցնում գործի։ Ես էլ էս առումով հակառակ ծայրահեղությունն եմ ու փոքրուց եմ էսպիսին եղել, երևի դրա պատճառով էլ ավելի ծանր եմ տանում իր էդ հապճեպությունը։ Ու մտածում եմ՝ գուցե մեզնից լավ թիմ դուրս գա՝ մեկս մյուսից սովորենք մեր մեջ պակասող հատկանիշները։

Ակամա հիշեցի, թե բուհում ոնց էինք համակուրսեցի ընկերուհուս հետ կուրսային գրում. բոլորիս զույգերի էին բաժանել, ու ամեն զույգը պիտի մի թեմայի վրա աշխատեր, ամեն ինչ միասին պիտի անեինք՝ արդյունքում մեկ վերջնական աշխատանք ներկայացնելով, միայն պաշտպանությունն էր առանձին։ Դե, ես իմ դանդաղկոտությամբ, ամեն ինչի մեջ խորանալու, ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնելու ու դրա պատճառով լռվելու բնավորությամբ, ընկերուհիս էլ իր նախաձեռնողականությամբ, արագաշարժությամբ՝ կարծում եմ՝ բավական լավ թիմ էինք. ինքը գործին թափ ու արագություն տվողն էր, ես էլ, կարելի է ասել, որակն ապահովողը։ Ճիշտ է, հիմնական աշխատանքը երկուսս էլ անում էինք (հանուն արդարության ասեմ, որ քանակական առումով՝ ինքն ինձնից շատ, քանի որ ես մըզմըզ էի), բայց բացի էդ հիմնական աշխատանքից, նաև ամեն մեկս մեր բնավորության առանձնահատկությունների ներդրումներով էինք նպաստում գործին։

#iamtestingnewposteditor, Արեգ, Առօրեական, Տոն

Previous post Next post
Up