Ներկերով նկարելու փորձ համարյա չունեմ։ Թեև շատ եմ սիրում, բայց, չգիտեմ ինչու, դրան հատուկ ժամանակ չեմ հատկացնում։ Ներկերով աշխատելս սահմանափակվում է զուտ mixed media աշխատանքներիս մեջ ներկերը որպես օժանդակ միջոց կիրառելով։ Բայց հենց գեղանկարներ համարյա չեմ արել, վրձնով աշխատելու հմտություններ էլ չունեմ. էն որ նայում ես ունեցածդ վրձինների առատությանն ու մտածում՝ տեսնես՝ ինչի՞ համար են էս բոլորը՝ շատերն իրար ահագին նման, չնչին տարբերությամբ, մի՞թե էսքան վրձիններ կարող են պետք գալ նկարելիս։ :D
Մինչև երկու օր առաջ կյանքումս ընդամենը երեք գեղանկար էի արել։ Դրանցից մեկը քոլեջում գույների տեսության դասի պրոյեկտ էր. պիտի ընտրեինք որևէ լուսանկար ու այն գեղանկարեինք պուանտիլիստական ոճով՝ օգտվելով միայն հիմնական ու երկրորդական գույներից։ Մյուսը Մոնեի «Տպավորություն. արևածագ» կտավի վերարտադրությունն էր, որն ուղղակի իմ սիրած նկարչի ամենասիրածս կտավն է, և ուզում էի գեղանկարի տեսքով ունենալ, ու մտածեցի՝ որ նկարեմ, համ նկարը կունենամ, համ էլ փորձ ձեռք կբերեմ։ Մի անգամ էլ mixed media աշխատանք եմ արել, որում առաջին անգամ գեղանկարն էր գլխավոր դերում, ու միայն թեթևակի լրացրել եմ այն որոշ այլ առարկաներով։
Բայց հիմա մտածում եմ՝ սկսեմ ավելի հաճախ գեղանկարներ անել։ Հատկապես աբստրակտ գեղանկարներ եմ ուզում անել, բայց երևի մեկումեջ կոնկրետ պատկերներ էլ կանեմ՝ փորձ ու հմտություն ձեռք բերելու համար։ Հետաքրքիր է, որ նույնիսկ կամայական աբստրակտը, որ առաջին հայացքից թվում է, թե պիտի որ դժվարություն չներկայացնի, իրականում էնքան հեշտ չի, որքան թվում է, ահագին աշխատելու, հմտանալու տեղ կա։ Դե, վրձնին տիրապետելու մասին էլ չեմ ասում. սա լրիվ առանձին ու լուրջ հմտություն է, որ պետք է սովորել։ Միայն աշխատելիս եմ զգում, թե ինչքան անվարժ եմ էդ հարցում։Սա էլ երեկ չէ առաջի օրն եմ նկարել քնելուց առաջ։ Ճիշտն ասած՝ մի հատ աբստրակտ mixed media էի նախատեսում սարքել, որտեղ գեղանկար էլ պիտի լիներ, մտածեցի՝ մինչև էդ մի քիչ վարժություն անեմ, պարապեմ, որ լավ ստացվի, ու վարժության արդյունքում սա ստացվեց։ Ի դեպ, առաջին անգամ եմ կտավի վրա նկարել.