Mixed media աշխատանքներ (կոլաժներ, պաննոներ, զարդեր)
Mixed media-ն («խառը միջոցներ». այսպես են կոչվում մեկից ավելի միջոցների կիրառմամբ ստեղծված արվեստի գործերը) ինձ սկսել է հետաքրքրել ու գրավել շատ վաղուց, երբ դեռ ընդհանրապես չգիտեի էլ, որ նման տերմին գոյություն ունի, պարզապես ինձ միշտ էլ հետաքրքիր ու գրավիչ է թվացել տարբեր նյութերի, առարկաների համադրությունը արվեստի մեկ գործի մեջ։
Mixed media-ի հետ համեմատաբար մոտիկից ծանոթացել եմ մոտավորապես 18 տարեկանում, Փարաջանովի տուն-թանգարան այցելությանս շնորհիվ, որից հետո էդ տեխնիկայի մասին մակերեսային ու վերացական պատկերացումներս վերջապես շոշափելի ու առարկայական դարձան։ Ճիշտ է, հատկապես հիմիկվա տեսանկյունից որ նայում եմ, Փարաջանովի mixed media կոլաժների ու ասամբլյաժների ոճն էնքան էլ իմը չի, բայց էն ժամանակ ես դրա մասին չէի էլ մտածում, այսինքն՝ էդ տեսանկյունից չէի նայում էդ ամենին, էնքան տպավորված էի նրա՝ ամենատարբեր կենցաղային իրերը, լուսանկարներն ու նյութերը համադրելու երևակայությամբ ու վարպետությամբ, ապշել էի, թե ոնց է էդ մարդը կարողացել ամենաանէական ու ամենաանպիտան թվացող կենցաղային մանրուքներից էնպիսի տպավորիչ գործեր ստեղծել, որոնցում երևակայությունը, խանդավառությունը, հումորը, ցավը՝ էս բոլորն էդքան հաջողությամբ համատեղված են։
Հիշում եմ, որ թանգարանում շրջելիս էդ հիացմունքի ու տպավորվածության գլխապտույտի մեջ անընդհատ մի միտք էր մեջս խլրտում. ես էլ եմ ուզում էսպիսի գործեր ստեղծել։ Էնքան իմն էր թվում mixed media-ի ու նաև կոլաժների ու ասամբլյաժների գաղափարը, էնքան հավես, ու կարևորը՝ ստեղծագործական անվերջ բազմազանություն ու ազատություն ենթադրող, որ մտածում էի՝ սա հենց այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել։ Իսկ թանգարան այցելությունից հետո մտածում էի՝ հենց որ կյանքն անհետաքրքիր, ձանձրալի ու անիմաստ թվա, հարկավոր է գնալ Փարաջանովի թանգարան, ու միանգամից կյանքի իմաստը, բոլոր գույներն ու հույզերը տեղը կգան։
Բայց mixed media տեխնիկայով կոլաժներ ու ասամբլյաժներ պատրաստելը, էդքան ցանկալի ու գրավիչ լինելով, միաժամանակ էնքան հեռավոր, անիրական ու անհասանելի էր թվում։ Չգիտեմ ինչու, էդ ժամանակ ես գրեթե ոչինչ չարեցի էդ ուղղությամբ։ Էդ հավեսս ու ոգևորությունս ակամա թաղեցի ենթագիտակցությանս խորքերում՝ շարունակելով միայն հիանալ ուրիշների գործերով, որոնք, ի դեպ, էն ժամանակ էնքան էլ հաճախ չէին հանդիպում իմ շրջապատում, ինտերնետն էլ դեռ հասանելի չէր, որ գոնե էնտեղից համ ինչ-որ ինֆորմացիա ստանայի, համ էլ ոգեշնչվեի։ Էդ շրջանում միայն մի քանի թղթե կոլաժներ արեցի՝ լուսանկարներ ու տարբեր ամսագրերից գտած նկարներ կտրել-համադրելով։
Հետո մոտ տասը տարի գրեթե բան չեմ արել էդ ոլորտում, բայց էդ բոլոր տարիների ընթացքում միշտ զանազան գաղափարներ են ծագել գլխումս, մի մասը՝ վերացական ու անորոշ, մի մասը՝ հստակ ու որոշակի, ու միշտ մտքիս եղել է, որ մի օր սկսեմ զբաղվել դրանց իրագործմամբ, բայց, չգիտես ինչու, տարիներ շարունակ ոչինչ չեմ արել։
Mixed media-ով կամաց-կամաց սկսեցի զբաղվել արդեն ԱՄՆ-ում, 30 տարեկանից հետո, գնալով ավելի շատ ու ավելի մեծ ոգևորությամբ, խորանալով, անընդհատ նորանոր հետաքրքիր ոճեր, տեխնիկաներ ու նյութեր բացահայտելով և էդ ոլորտի վերաբերյալ ձեռքս ընկած ցանկացած ինֆորմացիա ուսումնասիրելով։
Mixed media աշխատանքների հետ կապված ինձ ամենաշատը գրավում է բազմազանությունը և երևակայությանդ լիակատար ազատություն տալու հնարավորությունը։ Սա մի բան է, որից, ըստ իս, ձանձրանալ ուղղակի անհնար է, քանի որ միշտ էլ կարելի է նոր ու հետաքրքիր գործեր ստեղծել՝ ամենատարբեր նյութերից, իրերից ու տեխնիկաներից օգտվելով։ Դրանք անսահման են ու անվերջ ստեղծագործելու հնարավորություն են տալիս, ճիշտ էնքան, ինչքան մարդու երևակայությունը։
Ստեղծագործելու բոլոր եղանակներից mixed media-ն թերևս միակն է, որի հետ կապված գլխումս ամենաբազմազան մտահղացումներ են ծնվում անընդհատ՝ մեկը մյուսին հերթ չտալով, ու որոնց պատճառով գլխումս հաճախ ստեղծագործական քաոս է տիրում, ու չեմ կարողանում դրանցից որևէ մեկի վրա կենտրոնանալ, որ իրագործեմ։
Mixed media-ի մեջ ինձ դուր եկող գործոններից մեկն էլ այն է, որ էդ մոտեցումը ենթադրում է լիքը անպիտան, ստանդարտով թափոն կամ աղբ համարվող նյութերի ու առարկաների վերաիմաստավորում, վերափոխում ու վերակենդանացում՝ հետաքրքիր ու սիրուն արվեստի գործերի կամ (դեկորատիվ-)կիրառական առարկաների տեսքով։ Հետաքրքիր ու գրավիչ է նաև այդ՝ շատերի համար «անպետքություն» կամ սահմանափակ դեր ու նշանակություն ունեցող առարկաներն ու նյութերը նոր՝ լրիվ այլ տեսանկյունից բացահայտելու ու դրանց նոր դերում կյանք տալու գիտակցումն ու պրոցեսը։ Հատկապես շատ եմ սիրում բնական նյութերի ու արվեստին/ձեռագործին բնորոշ ավանդական պարագաների համադրությամբ ստեղծվող աշխատանքները, որոնք կարող են տան մեջ բնության տաքուկ ու հետաքրքիր պատառիկի զգացողություն պարգևել։ Իմ սիրած ու նախընտրած նյութերից ու պարագաներից են փայտը, դարչինի փայտիկները, կաղինի գլխարկները, պիստակի, ընկույզի, նարնջի չորացրած կեղևները, քաթանե ցանցը, խցանը և, իհարկե, թուղթը։
Մեկ այլ կարևոր գործոն է այն, որ mixed media-ն նաև եռաչափության հնարավորություն է տալիս, ինչն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հատկանիշ է։
Վերջին տարիներին ինձ նաև սկսել է շատ գրավել աբստրակտ արվեստը, իսկ այն զգալի չափով հատվում է mixed media-ի հետ։ Ընդհանրապես mixed media-ն ինձ համար վաղուց մի տեսակ մտածելակերպ ու ապրելակերպ է դարձել, էն որ համարյա ինչ անում եմ, միշտ փորձում եմ ամենատարբեր միջոցներ ու տեխնիկաներ համադրել, արդեն լրիվ ինքնաբերաբար, կարծես այլ կերպ չի էլ կարող լինել։ Էս մոտեցման դրսևորումներից էր համեմատաբար վերջերս մեծ քանակով զարդեր պատրաստելս, որոնք գրեթե բոլորը հենց mixed media էին։ Զարդերի դեպքում էդ մոտեցումը սկզբում փոքր-ինչ էքսպերիմենտային էր. ընդհանուր պատկերացնում էի, բայց դեռ վստահ չէի, թե ինչպես կստացվի՝ թե՛ գեղագիտական, թե՛ գործնական առումով։ Բայց կարծես թե ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան սպասում էի։ Արվեստի, ձեռագործի ու դիզայնի զանազան միջոցներ, տեխնիկաներ, նյութեր ու առարկաներ եմ գործածել զարդերի պատրաստման մեջ, էդ թվում նաև ահագին բնական նյութեր ու առարկաներ, որոնցից մի մասի կիրառությունը զարդերի մեջ առնվազն ես դեռ չեմ հանդիպել։
Զարդերն առայժմ իմ աշխատանքների միակ տեսակն են, որոնք ոչ միայն նվիրել եմ, այլև վաճառել։ Դեռ միայն մի շրջան է եղել, երբ ինտենսիվ կերպով զարդեր եմ պատրաստել ու դա արել եմ մեծ ոգևորությամբ։ Պատրաստելիս ստեղծագործական հաճույքին գումարվում էր նաև էն հաճելի գիտակցումը, որ լիքը տարբեր մարդիկ կրելու են իմ պատրաստած զարդերը և իրենց լավ են զգալու, որ դրանք նման չեն այլ զարդերի։ Հատկապես հիշարժան էր մի անծանոթ աղջկա կարծիքը, ով իր համար 8 կոմպլեկտ էր գնել զարդերիցս։ Ինձ որոշ ժամանակ անց գրեց, որ զարդերն իրականում շատ ավելի գեղեցիկ ու հարմար են, քան պատկերացնում էր, ու որ երբ կրում է դրանք, միշտ ուշադրության են արժանանում իրենց յուրօրինակությամբ։ Էնքան հաճելի էր դրա մասին իմանալը, ընդհանրապես ուրիշներին, թեկուզ անծանոթ, քեզնից ինչ-որ բան թողնելու զգացողությունը հաճելի է։
Զարդեր պատրաստելու պրոցեսը, թեև պարունակում է զգալի չափով մեխանիկական ու միապաղաղ աշխատանք, բայց, օրինակ, գորգիկներ գործելուց (ու ընդհանրապես նմանատիպ աշխատանքներից) տարբերվում է նրանով, որ մեկ զարդի կամ նույնիսկ կոմպլեկտի պատրաստման ընդհանուր տևողությունն այնքան երկար չէ, որ հասցնես լրջորեն ձանձրանալ։ Բայց ընդհանրապես ցանկացած ստեղծագործական աշխատանք անելիս, երբ զուտ մեխանիկական աշխատանքի մասը շատ է ձգձգվում, սկսում եմ ինձ զգալ ճահճի մեջ լռված վիճակում, երբ միտքս (երևակայությունս, մուսաս, ոգևորությունս) կիլոմետրերով առաջ է անցնում ձեռքերիցս, բայց միաժամանակ գիտակցելով, որ առանց ձեռքերի ինքը ոչ մի շոշափելի բան անելու ընդունակ չէ, որոշ ժամանակ ձեռքերի մոտակայքում անհույս թափառելուց հոգնած՝ փախչում է գրողի ծոցը։ Նման դեպքերում աշխատանքը շարունակում եմ արդեն որպես պարտականություն՝ սկսածս ավարտելու պատասխանատվության զգացումից ելնելով։ Իսկ փախած հավեսս սովորաբար ընթացքում վերադառնում է, որովհետև mixed media-ն անվերջ էքսպերիմենտների ու իմպրովիզացիաների դաշտ է, ամեն ինչ նախապես հստակ որոշված ու ֆիքսված չէ, ու հենց դրանով էլ հետաքրքիր է։
Երբ ինչ-որ պրոյեկտ երկար է տևում, դրա ընթացքում, որպես կանոն, արդեն լիքը նոր մտահղացումներ եմ ունենում, ու դեռևս էդ գործն անելու ընթացքում արդեն սկսում եմ էդ նոր գաղափարներով ապրել, դրանք իրագործելու մասին մտածել։ Սա մի կողմից կարծես խանգարում է տվյալ պրոյեկտի իրագործմանը, քանի որ ինձ լռված եմ զգում դրա մեջ, մյուս կողմից էլ նպաստում է, որ ավելի արդյունավետ ու արագ գործեմ, որպեսզի շուտ ավարտեմ ու անցնեմ հաջորդ հետաքրքիր մտահղացումներիս իրագործմանը։
Ես չգիտեմ, թե երբևէ փորձածս ձեռագործի ու արվեստի մյուս տեսակներից որոնցով հետագայում կզբաղվեմ կամ ինչ հաճախականությամբ, բայց գիտեմ, որ mixed media-ն միակն է, որի հետ «անձամբ» ծանոթանալուց հետո երբեք կապս չեմ խզել ու համոզված եմ, որ այն միշտ ինձ հետ է լինելու, արդեն կարծես անձիս անբաժան մասը լինի, առանց որի կյանքս ուղղակի չեմ պատկերացնում։