Արվեստի, ձեռագործի տեսակները և ես (3-րդ մաս)

Oct 08, 2017 13:57


Քանդակագործություն

Կավի հետ առաջին շփումս եղել է բավական ուշ՝ 28 տարեկանում, երբ Հայաստան այցելությանս ընթացքում Apsara-ի առաջարկով մի քանի ակումբցիներով մասնակցեցինք արտ թերապիայի մի քանի դասի։ Հիշում եմ, որ շատ հավես էր, հիանալի ջերմ ու տնական մթնոլորտ էր, ուսուցչուհին էլ՝ հաճելի ու բարեհամբույր մի երիտասարդ աղջիկ, համբերատար ու հանգամանալից բացատրում էր ամեն ինչ։ Բայց ես, չգիտեմ ինչու, էդ դասերից բավականություն ստանալով հանդերձ՝ ամբողջ ընթացքում էդպես էլ չկարողացա լիարժեք մտնել պրոցեսի մեջ, ստեղծագործական առումով բացվել ու ինչ-որ հետաքրքիր կամ առնվազն ինձ դուր եկող, ինձ բավարարող բան սարքել։ Ճիշտ է, մեծ ու լուրջ պրոյեկտներ էսպես թե էնպես չէին նախատեսվում, բայց կարելի էր թեկուզ փոքր չափի ինչ-որ հետաքրքիր բան սարքել։ Բայց միայն մի երկու սուտի բան սարքեցի.







Կավով աշխատելն ինձ շատ դուր էր եկել ու զգում էի, որ շատ ավելին կարող էի անել էդ մի քանի դասերի ընթացքում, բայց էդպես էլ ինձնից դժգոհ եզրափակեցի դասերը՝ մտքումս, սակայն, իմանալով, որ կավի հետ հարաբերություններս դեռևս ավարտված չեն, և մենք դեռ հանդիպելու ենք։

Կավի հետ հաջորդ հանդիպումս եղավ դրանից մոտ կես տարի հետո, երբ քոլեջ ընդունվելով՝ հենց առաջին կիսամյակին վերցրի եռաչափ դիզայն առարկայի կուրսը, որը պարտադիրներից էր։ Էդ դասի ընթացքում մենք աշխատում էինք ամենատարբեր նյութերով ու գործիքներով, ու թեև բոլոր պրոյեկտների արդյունքն էլ եռաչափ ինչ-որ առարկա կամ կոմպոզիցիա էր, բայց հիմա կխոսեմ միայն այն երեք պրոյեկտների մասին, որոնք ինձ ամենաշատն էին դուր եկել և որոնք կարելի է քանդակ համարել։

Նշածս պրոյեկտներից մեկի ժամանակ հանձնարարված էր միայն ստվարաթուղթ օգտագործելով պատրաստել որևէ եռաչափ առարկա՝ իրական չափերով։ Ես էլ որոշեցի սեփական դիզայնով կանացի պայուսակ պատրաստել։ Ահագին ծավալուն աշխատանք էի արել՝ ամեն մի դետալի վրա մանրակրկիտ աշխատելով.







Ստվարաթղթով աշխատելը, ճիշտն ասած, առանձնապես հետաքրքիր կամ առանձնահատուկ զգացողություններ առաջացնող պրոցես չէր, ոչ էլ ինչ-որ նորություն էր, թեև ստվարաթղթից եռաչափ առարկա, այն էլ իրական չափերի ու էդքան մանրամասն, ինչ խոսք, մինչ այդ պատրաստած չկայի, ու արդյունքի սպասումն էս դեպքում գործընթացը հետաքրքիր դարձնող միակ, բայց բավական լուրջ գործոնն էր։ Հետաքրքիր գործոն էր մեկ էլ այն, որ ոչ մի ուրիշ նյութ կամ առարկա չէինք կարող օգտագործել պրոյեկտի մեջ։ Ու պայուսակը պատրաստելիս ես պարզեցի, որ ճարահատյալ լինելու դեպքում ստվարաթղթից քուղեր (կապիչներ) էլ կարելի է սարքել։

Հաջորդ պրոյեկտի համար հանձնարարված էր օճառից պատրաստել այն նույն առարկան, որը նախորդ պրոյեկտին պատրաստել էինք ստվարաթղթից։ Էս պրոյեկտն արդեն իսկապես քանդակագործություն էր հիշեցնում: Նաև առաջին անգամ գործ էի ունենում արվեստի նվազական (subtractive) ձևի հետ, այսինքն՝ երբ ինչ-որ բան պատրաստվում է ընդհանուր զանգվածից նյութը մասամբ հեռացնելու, հանելու միջոցով: Էդ առումով մի քիչ դժվար էր, որովհետև դա էն դեպքն է, երբ արդեն արածդ քայլը չեղարկելու հնարավորություն չունես, հետևաբար ստիպված ես ամեն ինչ ի սկզբանե առավելագույնս ճշգրիտ հաշվարկել ու նախատեսել: Ի տարբերություն մինչ այդ արածների, էս դեպքում պատրաստվելիքն իրար կցվող առանձին մասերից չէր բաղկացած, որ մտածեինք՝ էսինչ մասը լավ չստացվեց, փչացավ՝ ոչինչ, նորից կսարքեմ. ինչ-որ մաս փչանալու դեպքում ամբողջն էր փչանալու: Ճիշտ է, որոշ դեպքերում կարելի է նաև ծավալի հաշվին նորից անել չհաջողված մասը, բայց ցանկացած դեպքում շատ-շատ՝ մի երկու նմանատիպ շտկում կարողանաս անել, քանի որ դրանից ավելի դեպքում արդեն ծավալի խնդիր է առաջանում՝ նախատեսված ճիշտ համամասնությունը խախտվում է, էլ չեմ ասում, որ ինչքան փոքր լինի, էնքան ավելի բարդ կլինի մանր դետալների վրա աշխատելը: Բայց բախտի բերմամբ թե պատահմամբ կոտրվածքներ չեղան. վտանգավոր մասերը բարեհաջող փորվեցին ու հղկվեցին, ու ընդհանուր արդյունքը, կարելի է ասել, հաջող ստացվեց։ Ինչ խոսք, աշխատանքս բավական հեռու էր գլուխգործոց լինելուց. մի քիչ սիմետրիայի խնդիր ուներ, մի քիչ կոպիտ էր, լիարժեք հարթ ու ողորկ չէր, բայց դասախոսս ահագին գոհ էր։ Ես ինքս էլ դժգոհ չէի, համենայնդեպս, որպես առաջին փորձ՝ կարծում եմ՝ վատ չէր, պրոցեսն էլ հետաքրքիր էր և ուսանելի՝ ամբողջ ընթացքում զգուշություն ու համբերություն պահանջող։







Բայց օճառն ամեն դեպքում էն նյութը չէր, որի հետ կուզենայի էլի գործ ունենալ՝ որպես քանդակագործության նյութի՝ որևէ լուրջ ու մնայուն գործ ստեղծելու համար։ Օճառով երբևէ նորից կաշխատեի միայն հատուկ էդպիսի հանձնարարություն կամ խնդրանք ստանալու դեպքում, բայց իմ ցանկությամբ ու նախաձեռնությամբ՝ հազիվ թե։

Վերջին պրոյեկտի ժամանակ պետք է ամեն մեկս կավից մեր ձեռքը քանդակեինք՝ էլի իրական չափերով, ընդ որում՝ ձեռքը կարող էինք քանդակել ցանկացած դիրքով, բացառությամբ բոլոր մատներն ուղղված, լայն բացած դիրքից, քանի որ դա ամենահեշտ քանդակելի դիրքն էր՝ ի տարբերություն այս կամ այն չափով ծալված ու տարբեր դիրքեր ընդունած մատների։ Հենց սկզբից էլ շատ էի ոգևորվել էս պրոյեկտով։ Մի կողմից կավով աշխատելու հեռանկարն էր շատ գրավիչ, մյուս կողմից՝ իրական ձեռք քանդակելու գիտակցումը։ Մի խոսքով՝ մեծ եռանդով գործի լծվեցի։

Պրոյեկտի համար կարծեմ երկու շաբաթ ունեինք, դասն էլ շաբաթը մեկ անգամ էր, բայց կոնկրետ ժամեր կային, երբ շաբաթվա ընթացքում կարող էինք գալ արվեստանոց ու աշխատել մեր պրոյեկտի վրա։ Շատերի պես ես էլ չէի հասցրել աշխատելու համար նախատեսված վերջին դասին ավարտել քանդակը, և պետք է արտաժամյա աշխատեի արվեստանոցում, որպեսզի արդեն հաջորդ դասին հանձնեի պատրաստի պրոյեկտը։ Ես էլ էդ ժամանակ ութ ամսական հղի էի։ Արվեստանոցում երեքուկես ժամ անդադար աշխատեցի, ու զարմանալիորեն ոչ մի հոգնածություն, անհարմարավետության զգացում, նույնիսկ սով չէի զգում, ընդհանրապես ինքս ինձ ֆիզիկապես չէի զգում բացարձակապես, էն դեպքում, երբ հղի ժամանակ էդ բոլոր պահանջմունքներն ու զգացողություններն անհամեմատ ավելի շատ պիտի լինեին։ Ավարտելուց հետո, երբ արդեն տուն էի գնում, էդ բոլոր զգացողությունները միանգամից իրենց ներկայությունը հիշեցրին. Հոգնածությունից լրիվ քամած լիմոն էի դառել, ահավոր սոված էի, ծարավ էի և այլն: Դեռ ոչ մի պրոյեկտի վրա էդքան հաճույքով ու խորասուզված չէի աշխատել: Ոնց որ տարերքիս մեջ լինեի: Նույնիսկ մտքովս անցավ՝ չբռնե՞մ թքեմ ամեն ինչ վրա ու քանդակագործ դառնամ: :D Էդ ժամանակ էր, որ մտքովս անցավ հետագայում հենց քանդակագործության կուրս վերցնել քոլեջում՝ որպես ընտրովի առարկա, որովհետև իմ մասնագիտության համար դա պարտադիրների մեջ չէր մտնում, ցավոք։ Բայց դա մի տեսակ անիրական, գործնական առումով ոչ էնքան խելամիտ քայլ կլիներ՝ հաշվի առնելով, որ դեռ լիքը պարտադիր առարկաներ ունեմ վերցնելու, որոնցից ամեն մեկի համար գումար եմ վճարում, իսկ ընտրովի առարկաների մեջ կային մասնագիտությանս հետ ավելի շատ առնչվող ու ավելի պիտանի առարկաներ, որոնք կարող էի վերցնել։











Էդպես քանդակագործության կուրս վերցնելու մասին շուտով մոռացա՝ մտքումս, սակայն, չդադարելով երազել։ Դասախոսս էլ ձեռքի քանդակից հետո ասաց, որ ինձնից շատ լավ քանդակագործ դուրս կգար, ու իմանալով, որ ընտրածս մասնագիտությունը կապ չունի քանդակագործության հետ, զարմանք ու ափսոսանք հայտնեց։

Դրանից մոտ չորս տարի հետո, երբ արդեն վերցրել էի բոլոր պարտադիր մասնագիտական առարկաները և պիտի ընտրովի առարկա վերցնեի՝ կրեդիտների կոնկրետ քանակ լրացնելով, դրանցից ընտրեցի մասնագիտությանս համար ամենահանձնարարելի առարկան՝ իլյուստրացիան, որն ինձ, իհարկե, հետաքրքրում էր, ու հաճույքով սպասում էի կիսամյակի սկզբին։ Բայց կիսամյակի սկզբից կարճ ժամանակ անց տեղեկացում ստացա այն մասին, որ իլյուստրացիայի տվյալ սեկցիան այս կիսամյակ չի բացվելու՝ անհրաժեշտ թվով ուսանողների չհավաքվելու պատճառով, ու ես պետք է այլ առարկա ընտրեմ։ Սկզբում խուճապի մեջ ընկա, թե ինչ պիտի անեմ. կիսամյակն արդեն սկսվում էր, համարյա բոլոր առարկաներն արդեն վերցված էին, դժվար թե էդ ժամանակ մի նորմալ առարկա գտնեի, որ համ ինձ հետաքրքեր, համ էլ թափուր տեղեր ունենար, դե, համ էլ արդեն տրամադրվել էի, որ պիտի էդ հետաքրքիր առարկան՝ իլյուստրացիան, վերցնեմ ։ Էդպես անհույս նայում էի տվյալ պահին հասանելի առարկաների ցուցակը, որ մի բանի գրանցվեմ, և պարզվեց, որ միակ հասանելի առարկան, որին էդ պահին կարող եմ գրանցվել, ոչ այլ ինչ էր, քան քանդակագործությունը։ Ուրախությանս չափ չկար, հատկապես որ էդ պահին այլընտրանք չունեի, ու, փաստորեն, իմ երազած առարկան ինքնաբերաբար եկել-ընկել էր ձեռքս, այն էլ՝ իմ սիրելի դասախոսի հետ, որի ուսանողը լինելուց հետո անհույս մտածում էի՝ երանի էլի նման առիթ լիներ։ Մի խոսքով՝ իրավիճակն էնպիսին էր, որ լրիվ հանգիստ խղճով կարող էի վերցնել իմ շատ սիրելի քանդակագործության դասն ու վայելել։

Էդպես գրանցվեցի ու գնացի իմ սիրած առարկային՝ իմ սիրած դասախոսի ղեկավարությամբ։ Էս անգամ արդեն քանդակագործության էությանն ավելի խորությամբ հաղորդակից դարձա։ Պրոյեկտը մարդու գլուխ քանդակելն էր, այսինքն՝ ամբողջ կիսամյակի ընթացքում պետք է դրա վրա աշխատեինք։ Հարկավոր էր ընտրել էնպիսի մարդու, ում նկատմամբ զգացմունքներ ունենք՝ կամ սիրում ենք, կամ ատում։ Երկար մտածելուց հետո ես ընտրեցի եղբորս, ձեռք բերեցի անհրաժեշտ դիրքերով նրա լուսանկարները և հավեսով գործի անցա։

Պետք է խոստովանեմ, որ մինչ այդ արդեն համարյա հասցրել էի մոռանալ, թե ինչ գերագույն հաճույք է կավով աշխատելը։ Իսկ խոշոր քանդակի դեպքում, պարզվեց, հաճույքը զգալիորեն ուժեղանում է։ Նախորդ գրառման մեջ նկարագրածս զգացողություններն ու հոգեվիճակները, որ ունենում եմ դիմանկարներ նկարելիս, պարզվեց, քանդակի դեպքում ավելի վառ են արտահայտված։ Ու կարծում եմ՝ բնական էլ է. ի վերջո, էս դեպքում եռաչափ պատկերի հետ ես գործ ունենում՝ համարյա մարդու։ Կարելի է ասել՝ ֆիզիկական իմաստով էլ կարծես շփվում ես մարդու հետ։ Ու շփումից բացի, նաև մի անկրկնելի զգացողություն ես ունենում՝ արարման բացառիկ գիտակցում, որը երևի մեկ էլ երեխա ունենալիս է մարդ ապրում, միայն թե քանդակի դեպքում շատ ավելի շատ բան է քո ձեռքերում։









Ես մտածում եմ, որ ցանկացած մարդ պիտի գոնե մի անգամ փորձի կավով աշխատել, պիտի հնարավորություն ունենա ապրելու էդ հրաշքի զգացողությունը։ Ինձ թվում է՝ ուղղակի հնարավոր չի էդ պրոցեսից հաճույք չստանալ՝ անկախ նրանից, թե մարդն ինչ ունակություններ, հետաքրքրություններ ու ձգտումներ ունի։ Չգիտեմ՝ որքանով է էս կարծիքս սուբյեկտիվ, գուցե սխալվում եմ, ամեն դեպքում նույնը չեմ կարող ասել արվեստի կամ ձեռագործի որևէ այլ տեսակի կամ ենթատեսակի մասին։ Ուղղակի քանդակագործությունը մի տեսակ ուրիշ երևույթ է, կամ առնվազն ես էդպես եմ ընկալում։

Դասախոսս ասում էր. «Գիտե՞ք՝ որն է քանդակագործի և պլաստիկ վիրաբույժի միջև եղած տարբերությունը. տարեկան [չգիտեմքանի] տասնյակ հազար դոլարը»։

3-d design, Դասախոսներս, sculpture, Եռաչափ դիզայն, #iamtestingnewposteditor, Արվեստ, Ուսում, Քանդակագործություն, Ձեռամոգոնվածք, Քանդակներ

Previous post Next post
Up