Մտորումներ ու դիտարկումներ Հայաստան այցելությանս մասին (4-րդ մաս)

Sep 18, 2017 23:56


  Սկիզբը՝ այստեղ.

1-ին մաս

2-րդ մաս

3-րդ մաս

Էս անգամ Հայաստանի մասին գրառումներս ընդհանուր առմամբ բավական դեպրեսիվ ստացվեցին, ես էդպես չէի նախատեսել, չգիտեմ՝ ինչի էդպես եղավ, որովհետև իրականում դրական զգացողություններ ու տպավորություններ էլ քիչ չեն եղել, ու էսօրվա գրառումս Հայաստանում ունեցածս որոշ դրական զգացողությունների ու ինչ-որ պահերի ծագած մտքերի շուրջ է լինելու։ Դիտարկումների ու մտորումների մի մասը գրի եմ առել հենց Հայաստանում՝ պահի տակ զգացածս կամ մտքիս եկածը թարմ-թարմ նոթատետրումս ֆիքսելով, մի մասը գրել եմ արդեն վերադառնալուցս  հետո՝ հետադարձ հայացքով։

* * *

Փռած լվացք տեսնելիս էն զգացողությունն եմ ունենում, որ կյանքը շարունակվում է։ ԱՄՆ-ում շատ հազվադեպ կարելի է որևէ տեղ փռած լվացք տեսնել։

* * *

Լավ բան է պատշգամբը, հատկապես մեծ ու հարմարավետ պատշգամբը։ Ինչ ափսոս, որ ԱՄՆ-ում պատշգամբներն ընդունված չեն ու շատ քիչ շենքերում ու տներում կան։

* * *

Ամեն անգամ Հայաստանում լինելիս մտածում եմ, թե մարդիկ էստեղ ինչքան իսկական են։ Սրա մասին նախկինում էլի եմ գրել։ Այլ հարց է՝ ավելի լավն են, թե ավելի վատը (իրականում երկուսից էլ  կան, բնականաբար), ու այդ իսկականության ֆոնին ԱՄՆ-ի մարդիկ մի տեսակ սինթետիկ են թվում։



Հայաստանում նկատածս հավես երևույթներից մեկը երեխաների՝ բակում խաղալն է։ ԱՄՆ-ում բակեր՝ որպես այդպիսին, գրեթե չկան, ու տան մերձակայքը հիմնականում նախատեսված չի խաղալու համար։ Էստեղ շենքերում ապրող երեխաները միայն խաղահրապարակներում են խաղում, ու նույնիսկ առանձնատներում ապրելն էլի ոչ միշտ է երաշխավորում երեխաների խաղալու հնարավորությունը։ Գիտեմ, որ Հայաստանում ոչ բոլոր բակերում է էդպես, բայց մերոնց շենքի բակում երեխաների խաղալու սովորույթն անխափան գործում է առնվազն իմ երեխա ժամանակվանից։ Երեխաները մինչև գիշերվա տասը-տասնմեկը բակում խաղում են՝ ուրախ ճվճվոցներն թաղամասով մեկ գցած։ Ճիշտ է, հաճախ խանգարում են քնելուն, ու ես էդ պահերին միշտ պատկերացնում եմ, որ, օրինակ, ԱՄՆ-ում նման բան չէին թույլատրի, հաստատ մի հարևան կամ կբողոքեր տնային կառավարչությանը, կամ ոստիկանություն կզանգեր իրենց հանգիստը խաթարելու համար։ Բայց էդ ճվճվոցներն էլ ընկալում եմ որպես կյանքի շարունակականության նշան ու որպես իմ մանկությունից մնացած մի բան, հետևաբար դրական լույսի տակ եմ տեսնում։ Բացի դրանից, նաև ուրախանում եմ, որ էդ էրեխեքն ամբողջ օրը կոմպի, այփադի կամ հեռախոսի դիմաց լռվելու փոխարեն բակում ակտիվ խաղեր են խաղում։ Միակ բանը, որից մի քիչ տխրում եմ, էն գիտակցումն է, որ էդ էրեխեքից գրեթե ոչ մեկին ես չեմ ճանաչում, նույնիսկ չգիտեմ՝ ով որ հազար տարվա հարևանիս երեխան կամ թոռն է. բոլորն ինձնից հետո են հայտնվել, այսինքն՝ կամ իմ՝ Հայաստանից գնալուց հետո են ծնվել, կամ իմ՝ էստեղ ապրելու ժամանակ դեռ նորածին կամ մեկ-երկու տարեկան են եղել, ամեն դեպքում ես նրանց չեմ ճանաչել քիչ թե շատ գիտակից տարիքում։ Էսքան կտրուկ սերնդափոխությունը մի քիչ վախենալու է, որովհետև ցույց է տալիս, թե ինչքան վաղուց ես էստեղ չեմ ապրում ու ինչքան բան եմ բաց թողել...

Հայաստանի հետ կապված մի բան էլ կա, որից դրական հույզեր եմ ստանում միշտ։Չգիտեմ՝ ում համար ինչ նշանակություն ունեն նման բաները, բայց ինձ միշտ ջերմություն են հաղորդում, հարմարավետության, հարազատության ու ապահովության ինչ-որ բացառիկ զգացողություն առաջացնում մեջս։ Խոսքը էնպիսի մարդկանց, առարկաներ, տեսարաններ ու երևույթներ տեսնելու մասին է, որոնք ծնվածս օրվանից միշտ եղել են, միշտ տեսել եմ տվյալ տարածքում, տվյալ վայրում։ Դժվար է լիարժեք նկարագրել էն զգացողությունը, որ ունենում եմ էդ պահերին. բացի վերևում նշածս զգացողություններից, էդ պահերին նաև ոնց որ արմատներս շոշափելիորեն զգամ։ Ասենք, երբ տեսնում եմ, որ նույն մարդիկ մեր շենքի դիմացի տաղավարում կամ թեկուզ կողքի շենքի կամ մոտակայքում գտնվող այլ շենքի կամ տան դիմաց ինչ-որ տեղ նստած նարդի են խաղում։ Կամ՝ շենքի միջանցքներում կամ վերելակում տեսնում եմ հազար տարվա հարևաններին, ու կապ չունի՝ ոնց եմ վերաբերվում իրենց, անձամբ շփվել եմ, թե չէ, իրար բարևում ենք, թե չէ։  Կամ՝ ինչ-որ մարդկանց եմ տեսնում մեր թաղամասում, որոնց երբևէ անձամբ չեմ ճանաչել, որոնց մասին նույնիսկ ոչինչ չգիտեմ, բայց ինչ ինձ հիշում եմ, էդ մարդկանց միշտ տեսել եմ մեր թաղամասում, նույն փողոցով անցնելիս կամ նույն տեղում նստած կամ ինչ-որ բան վաճառելիս և այլն։ Իրականում ահավոր սովորական, ոչ մի բանով հետաքրքրություն չներկայացնող «տեսարաններ» են, բայց մի ուրիշ հարմարավետություն եմ զգում գիտակցելիս, որ ինչ-որ բաներ նույնն են մնացել, շարունակվում են այնպես, ինչ միշտ, այսինքն՝ էն որ ինչ ինձ հիշում եմ, էդպես է եղել։ ԱՄՆ-ում կյանքն էնքան արագ է փոխվում՝ մարդկանց աշխատանքներն ու ըստ այդմ՝ բնակավայրերը (այսինքն՝ կարելի է ասել՝ ամեն ինչը), որ դժվար է գտնել էսպիսի առօրեական «կայունություններ», մի տեսակ կարոտ եմ մնում, իսկ Հայաստանում տեսնելիս ինձ լավ եմ զգում, երևի նաև տանն եմ զգում էդ պահերին։

Շարունակելի

Մանկություն, Մտորումներ, Հավես բաներ, Հուշադարան, #iamtestingnewposteditor, Կենցաղ, Հայաստան, Ազգային դիմանկար, ԱՄՆ, Դիտարկումներ, Կարոտ

Previous post Next post
Up