Մտորումներ ու դիտարկումներ Հայաստան այցելությանս մասին - 3

Sep 11, 2017 09:28


Նախորդ մասերը.

1-ին մաս

2-րդ մաս

Ամեն անգամ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Հայաստանում, ու, որպես կանոն, հենց գետնին դիպչելիս ինքնաթիռում բոլորը սկսում են ծափահարել, էնքան եմ հուզվում էդ պահին, ես էլ չեմ հասկանում, թե ինչի, բայց աչքերս ակնթարթորեն լցվում են միշտ։ Էս անգամ էլ բացառություն չէր, բայց դրանից հետո՝ Հայաստան մտնելիս զգացողություններս առաջվա պես ուժեղ չէին։ Չգիտեմ, գուցե նաև նրանից էր, որ էս անգամ գիշերով էինք տեղ հասել, դիմավորողն էր միայն մամաս էր, իսկ իրեն ընդամենը մի ամիս չէինք տեսել, քանի որ ԱՄՆ-ում մեզ հետ է ապրում։ Իսկ նախորդ անգամները միշտ ցերեկով ենք տեղ հասել, ու մեզ էլ ընտանիքից ավելի շատ մարդիկ են դիմավորել։ Էս անգամ մի տեսակ գործնական էր էդ դիմավորելու պահը, ու գուցե դրանով պայմանավորված՝ զգացողություններս էլ համապատասխան էին, չգիտեմ։

Հայաստանում դրսում քայլելիս կամ ինչ-որ տեղ գնալիս միշտ ինձ տանն եմ զգացել (տանտիրոջ իրավունքով, կարելի է ասել), հարմարավետ ու ապահով, էս անգամ էլ հյուր չէի զգում ինձ, բայց առաջվա տանտիրոջ զգացողությունը նախկինի պես ուժեղ չէր։



Հիշում եմ՝ մոտ տասը տարի առաջ, երբ նոր էի տեղափոխվել ԱՄՆ, մի անգամ Աննայի (urish-ի) հետ Հայաստան այցելելու, վերադառնալու, էնտեղ ապրելու թեմայով խոսում էինք, ես էլ էդ ժամանակ ինչքան հնարավոր է խորը կարոտախտով էի տառապում հայրենիքիս նկատմամբ, ու էդ պահի դրությամբ ուզում ու հավատում էի, որ մի երկու տարուց ընդմիշտ կվերադառնանք Հայաստան։ Աննան էլ, որ արդեն մի քանի տարվա փորձ ուներ դրսում ապրելու, ասեց, որ վերադառնալը մի քիչ սուտ կլինի, դժվար թե էլ վերադառնաք։ Էդ բառերը լսելն էնքան ցավոտ էր ու միաժամանակ էնքան անիրական ինձ համար, իսկ հետո որոշ բաներ ասեց, որոնք էն ժամանակ ես, էդ պահի կարգավիճակիցս ու հոգեվիճակիցս ելնելով, պարզապես ի վիճակի չէի ընկալելու, ու հիմա նոր-նոր կարծես տեղ են հասել։ Ասեց՝ երբ այցելում ես երկիրդ/հայրենիքդ, ու ամեն անգամ տեսնում ես, թե ինչքան բան ա փոխվել, ինչքան բան ա եղել՝ կառուցվել ու քանդվել, ու գիտակցում ես, որ էդ բոլորն առանց քեզ ա կատարվել ու արվել, առանց քո մասնակցության ու ներկայության, այլ կերպ ասած՝ երկիրդ էդքան ժամանակ առանց քեզ շարժվել, առաջ ա գնացել (կապ չունի, որ առաջ գնալը շատ դեպքերում հետ գնալ կարող ա լինել), էդ ժամանակ զգում ես, որ դու էլ նախկինի պես չես կարող ընկալել հայրենիքդ, չես կարող նույն կերպ ուզենալ ապրել էնտեղ, ինչպես որ մինչև էդ էիր ուզում։ Սա շատ ցավալի է, բայց հիմա ես էլ եմ էդպես զգում։

Իրականում հիմա էլ կուզենայի ապրել Հայաստանում, բայց արդեն որոշ վերապահումներով, որոշ պայմանների բավարարման դեպքում, որոնք անհնար չեն, բայց բարդ են, բայց այլևս չեմ տառապում ամեն գնով վայրկյան առաջ Հայաստան վերադառնալու ցավով։ Գուցե դրանում իր դերն ունի նաև էն հանգամանքը, որ իմ՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո էս տասը տարիների ընթացքում ընտանիքիս համարյա բոլոր անդամները հերթով հեռացան Հայաստանից, ու հիմա ընտանիքիցս միայն պապաս է մնացել Հայաստանում։ Ընկերներիցս շատերը նույնպես քիչ-քիչ հեռացան։ Մյուս կողմից էլ, երբ տասը տարի ապրում ես մի երկրում, անկախ նրանից, թե ոնց ես վերաբերվում էդ երկրին, արդեն կամաց-կամաց սկսում ես տնավորվել, ինչքան էլ որ չէիր ուզում, արդեն կյանքիդ շատ բաներ ձևավորվում են էդ վայրում, շատ հուշեր, էդ թվում և հաճելի, թանկ ու կարևոր, կապվում են էդ վայրի հետ։ Ես մեկ-մեկ վեր եմ թռնում էն գիտակցումից, որ կյանքիս երեսունվեց տարիներից տասը, այսինքն՝ մոտ 2/7-ը, ԱՄՆ-ում եմ ապրել։ Էս հո ահագին պատկառելի թիվ է։

ԱՄՆ-ն, կարծում եմ, երբեք էլ չի դառնա իմ տունը, ինչքան էլ որ ապրեմ էստեղ, իմ տունը հիմա միայն իմ նյույորքյան բնակարանն է, որը հիմնել, ձևավորել ու զարգացրել ենք մեր ուզածով, ու էս բնակարանում ես ինձ տանն եմ զգում։ Էդ տնից դուրս ես էստեղ հյուր եմ, ու կարծում եմ՝ հավերժ։ Իսկ Հայաստանը դեռ անորոշ ինչ-որ կարգավիճակում է, ու երևի միայն ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ կզարգանա ու կամրապնդվի էդ կարգավիճակը։ Էս պահին, կարծում եմ, ցանկացած ուղղությամբ զարգանալու շանսեր էլ կան։ Մի խոսքով՝ կապրենք, կտեսնենք։

Շարունակելի

#iamtestingnewposteditor, Հայաստան, Մտորումներ, ԱՄՆ, Հուշադարան, Դիտարկումներ

Previous post Next post
Up