Ընկուզային ալերգիա կամ մի թխվածքի պատմություն

Jan 12, 2017 20:26

ԱՄՆ-ում կարծես մարդկանց ճնշող մեծամասնությունն ինչ-որ բանից ալերգիա ունի։ Ընդ որում՝ հաճախ էնպիսի ալերգիաներ են, որոնց մասին Հայաստանում ընդհանրապես լսած չկայի։ էլ չեմ ասում, որ մարդիկ կան, որ համարյա ամեն ինչից ալերգիա ունեն։ Ամենատարածված ալերգիաներից մեկը (հնարավոր է՝ հենց ամենատարածվածը) գետնանուշից (peanut, фисташка) ալերգիան է։ 2008-ի տվյալներով ամերիկացիների 1.4%-ը գետնանուշից ալերգիա ունի։ Ընդ որում՝ շատերը ոչ միայն այն ուտելուց են վատանում, այլև երբ իրենց ներկայությամբ ուրիշն է ուտում։

Երբ տղաս սկսեց մանկապարտեզ գնալ, էնտեղ միանգամից հատուկ զգուշացրին, որ մանկապարտեզը peanut free է (գետնանուշից զերծ)։ Մենք էլ մտածեցինք՝ դե, ոչինչ, մենք էսպես թե էնպես գետնանուշ չենք ուտում, բայց ընդհանրապես ընկուզեղենը չրեղենի հետ մեր ամենօրյա սննդի անբաժանելի մաս է կազմում, ու մտադիր էի տղայիս հետ որպես snack՝ ամեն օր չրերի հետ ընկուզեղեն դնել, որ տանի մանկապարտեզ։ Բայց հենց առաջին անգամից հետո գրավոր խիստ զգուշացում եկավ, որ չի կարելի ընկուզեղեն պարունակող որևէ բան տանել մանկապարտեզ։ Հետաքրքիր է, որ պաշտոնապես ընդամենը գետնանուշն էր արգելվում, բայց գործնականում, պարզվում է, ցանկացած տեսակի ընկուզեղեն արգելված է։ Հետագայում իմացանք, որ էստեղ բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում անխտիր արգելված է որևէ տեսակի ընկուզեղենի մուտքը, բայց, չգիտես ինչու, պաշտոնապես միայն գետնանուշի անունն է տրվում ամեն տեղ։

* * *

Վերջերս տղայիս ծնունդը պիտի նշեինք դպրոցում։ Էստեղ դա սովորաբար արվում է հետևյալ կերպ. ծննդյան կապակցությամբ հատով ինչ-որ թխվածք (հիմնականում՝ cupcake-ներ) են տանում՝ (փոքր կեքսեր՝ վրան կրեմով ու երբեմն գույնզգույն մանր կոնֆետներով զարդարված)) և ամեն երեխայի համար մի փոքրիկ տոպրակով մի երկու կոնֆետ-մոնֆետ ու մանր-մունր, զիզի-բիզի խաղալիքներ, գրենական պիտույքներ։ Մի տեսակ անկապ փաթեթ, որն ամեն մեկի համար առանձին վերցված՝ մի երևելի բան չի, հատկապես որ դասարանում ամեն երեխայի ծննդյան առթիվ մոտավորապես նույն բաներից ստանում են, բայց ընդհանուր վերցված՝ ահագին ծախս է ստացվում։ Բայց դե բոլորն անում են, չես ուզում, որ երեխադ իրեն վատ զգա, որ իր ծննդին էդ արարողությունը չի արվել։ Մի խոսքով՝ որոշեցինք cupcake-ներ պատվիրել ու փոքրիկ տոպրակներ պատրաստել, ինչպես որ կարգն է։

Ամուսինս մեր մոտակայքում գտնվող թխվածքների խանութից նախօրոք պատվիրեց cupcake-ները, ես էլ համապատասխան խանութից առա էն ամենը, ինչ պիտի լիներ տոպրակներում։ Ուսուցչուհուն նախօրոք նամակ գրեցինք, տեղեկացրինք, որ ուզում ենք Արեգի ծնունդը նշել, ու հարցրինք, թե որ ժամին ու ոնց է պետք դա կազմակերպել։ Պատասխանելիս նաև հիշեցրին, որ ուտելիքի մեջ հանկարծ որևէ տեսակի ընկուզեղեն չլինի։ Մի տեսակ ավելորդ զգուշացում էր թվում՝ հաշվի առնելով, որ էստեղ կարծես էդպիսի մարդ չկա, որ չիմանա, որ բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ընկուզեղենը խստիվ արգելված է։ Բայց մի պահ վարանեցի. Վազգենին հարցնում եմ՝ իսկ cupcake-նեը պատվիրելիս ասե՞լ ես, որ հանկարծ ընկուզեղեն չլինի մեջը։ Տարակուսած ասում է՝ չէ... Cupcake-ներն արդեն վերցրել ենք։ Հիմա մտածում եմ՝ բա որ հանկարծ ընկույզով լինեն... Ո՞նց իմանանք։ Ասում եմ՝ դու իրենց գոնե ասեցի՞ր, որ դպրոցում ծնունդ նշելու համար է։ Ասում է՝ հա։ Ուրեմն երևի կարող ենք ենթադրել, որ էդքանը կֆայմեն, այսինքն՝ պիտի որ ընկույզով չանեն։ Հնարավո՞ր բան է, որ էստեղ որևէ մեկը չիմանա, որ դպրոցներում ընկույզով ուտելիք չի կարելի։ Էդպես մեզ հանգստացրինք, որ ամեն ինչ պիտի որ նորմալ լինի, բայց կասկածի ինչ-որ նշույլ, այնուամենայնիվ, մեջս շարունակում էր խլրտալ...

Պայմանավորված ժամին ծննդյան պարագաներն արդեն տանում եմ դպրոց՝ փորձելով վանել cupcake-ների՝ ընկույզ պարունակելու հնարավորության մասին միտքը։ Իրենք գիտեին, որ դպրոցի համար է, հետո՞ ինչ, որ հատուկ չենք զգուշացրել։ Մինչ դասարանում երեխաների հետաքրքրված հայացքների ներքո լարված տեղավորում ու քանդում եմ թխվածքի արկղիկները, ուսուցչուհին ևս մեկ անգամ ճշտում է. «Ընկուզեղենով չեն, չէ՞»։ Ակնթարթորեն լարվում եմ ու ինքս ինձ համոզելով, որ չէ, ասում եմ՝ չէ, ու միաժամանակ կասկածը մեջս գնալով ուժեղանում է... Իսկ եթե պարզվի, որ ընկուզեղենո՞վ են...

Արկղը բացում եմ, ու ինձ թվում է, թե թարմ թխվածքի հոտի հետ միախառնված ընկուզեղենի բույր է խփում քթիս... Չէ, երևի ինձ է թվում, շատ եմ ներշնչվել... Ուսուցչուհին արդեն բաժանում է cupcake-ները։ Լարված նայում եմ, թե ոնց է բաժին հանում յուրաքանչյուր աշակերտի։ Գրողը տանի, թե ինչի՞ համար նախաձեռնեցինք էս ամենը... Մեզ համար հանգիստ ապրում էինք... Երեխաները սկսում են ուտել cupcake-ները։ Ես էլ, ըստ կարգի, պիտի սպասեմ, մինչև վերջացնեն, որ հետո տոպրակները բաժանեն, ու նոր գնամ։ Խմբով Happy Birthday-ն են երգում։

Նկատում եմ, որ cupcake-նրը երկու տեսակի են՝ մեկը մուգ խմորով է, ըստ երևույթին՝ շոկոլադով, մյուսն՝ ավելի բաց գույնի։ Հուսով եմ՝ երկու տեսակներից գոնե մեկն ընկուզեղենով չի լինի, ու եթե կան ընկուզեղենից ալերգիա ունեցողներ, ապա նրանց ընկույզովներից չի ընկնի։ Էհ, ինչպիսի հիմարություն։ Պետք է հուսալ, որ ընդհանրապես ոչ մի տեսակն էլ ընկուզեղենով չի։ Շունչս պահած՝ հայացքս սահեցնում եմ բոլոր երեխաների վրայով՝ սարսափած սպասելով, որ հիմա ինչ-որ երեխաներ կվատանան, քանի որ ընկույզից ալերգիա ունեն...

Մի երկու երեխա ընդհանրապես հենց սկզբից հրաժարվեց թխվածքից։ Տեսնես՝ ինչու՞։ Համենայնդեպս, իրենց հաստատ չի սպառնում ալերգիայից վատանալը... Բայց հետաքրքիր է, ընդհանրապես իրենց դասարանում կա՞ն ընկուզեղենից ալերգիա ունեցողներ, դրա համա՞ր ուսուցչուհին բաժանելուց առաջ մի անգամ էլ ճշտեց՝ ընկույզով է, թե չէ, թե՞ էդ ստուգումը պարզապես ստանդարտ գործողություն է, որ ցանկացած դեպքում անելու էր։ Մինչ նայում եմ, թե ոնց են որոշ երեխաներ ախորժակով լպստում cupcake-ների վրայի կրեմի կույտը, ինչ-որ թույլ հազի ձայներ եմ լսում... Սարսափած սկսում եմ փնտրել հազի աղբյուրը... Ինչ-որ երեխաներ թեթևակի հազում են։ Աստված իմ, չլինի՞ թե ալերգիայի դրսևորման առաջին նշաններն են։ Արդեն պատկերացնում եմ, թե ոնց են կոկորդները բռնում ու խեղդվելով, վատացած ընկնում...

Չէ, կարծես հազերը դադարեցին։ Լավ պրծանք... Շարունակում եմ ուշադիր հետևել բոլոր ուտողներին։ Ինձ թվու՞մ է, թե՞ տղաներից մեկի՝ Մայլզի աչքերը կարմրել ու լցվել են։ Չէ, չի թվում, դեմքն էլ է կարմրած... Գուցե ալերգիա ունի, և ուր որ է՝ կվատանա... Մայլզին աչքիս տակ պահելով՝ միաժամանակ շարունակում եմ հայացքով ստուգել բոլորին՝ համոզվելու համար, որ ուրիշ ոչ ոք չի վատանում։ Մայլզի դեմքն ու աչքերը դեռ կարմիր են, բայց «առաջընթաց» կարծես չկա։ Դա արդեն լավ նշան է։ Չէ, երևի ամեն դեպքում cupcake-ներն ընկուզեղենով չեն։ Ի վերջո, էդ թխվածքատան (ինչ էլ բառ մոգոնեցի) աշխատողները հո լուսնից չեն իջել, հաստատ կիմանային, որ ընկույզով սարքել չի կարելի։ Բայց տեսնես՝ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ալերգիան դրսևորվի։ Ու տեսնես՝ ի՞նչ ձևերով կարող է դրսևորվել ընկուզեղենի նկատմամբ ալերգիան։ Երեխաների մի մասն արդեն վերջացրել է ուտելը։

Մայլզի դեմքն ու աչքերը կարծես նորմայի են եկել։ Բայց ամեն դեպքում շարունակում եմ ուշադիր հետևել ուտողներին, ուտելը վերջացրածներին էլ։ Աղջիկներից մեկը, որին շոկոլադով տեսակից է բաժին հասել, cupcake-ը ծամելով, հանկարծ տարակուսած ասում է. «Ընկուզային համ է գալիս...»։ Սիրտս ընկնում է չոքերս... Ո՞նց թե՝ ընկուզային համ է գալիս... Գրողը տանի... Ուրեմն, այնուամենայնիվ, ընկույզո՞վ է։ Չի կարող պատահել... Առաջին պահին մտածում եմ, որ էս աղջիկը շուտով կվատանա, հետո մտածում եմ՝ չէ, եթե էդքան լավ գիտի ընկուզային համը, ուրեմն կարելի է ենթադրել, որ շատ է կերել ընկուզեղեն, այսինքն՝ ինքը դժվար թե ընկուզեղենից ալերգիա ունենա։ Բայց ամեն դեպքում, եթե ընկուզեղենով է, ուրեմն կարող են որոշ մարդիկ վատանալ... Մնում է միայն հուսալ, որ էս դասարանում ընկուզեղենից ալերգիա ունեցողներ չկան։ Կամ՝ որ ալերգիա ունեցողներն էն մի երկուսն էին, որոնք հենց սկզբից հրաժարվեցին ուտելուց։ Կամ գուցե բացակաների մեջ են ալերգիա ունեցողները (դատելով ներկաների քանակից՝ մի քանի հոգի հաստատ բացակա է)։ Սկսում եմ հատուկ ուշադրությամբ հետևել էն երեխաներին, որոնց հենց շոկոլադով cupcakе-ներից է բաժին ընկել։

Արդեն համարյա բոլորը վերջացրել են։ Ուսուցչուհին բաժանել է տոպրակները։ Բայց դրանք ինձ էս պահին չեն հետաքրքրում։ Կարևորը գրողի տարած cupcake-ներն են, ու դրանց հնարավոր հետևանքները... Արդեն բոլորը վերջացրել են ու ուսուցչուհու կարգադրությամբ նստել գորգին՝ պատրաստվելով ինչ-որ հերթական առաջադրանքի։ Քանի որ ուսումնական օրն ավարտվելու վրա է, ծննդյան արարողությունից հետո ծնողը կարող է հոբելյարին հետը տուն տանել, այսինքն՝ ուսումնական օրվա պաշտոնական ավարտից մի փոքր շուտ։ Համոզվելով, որ հազեր, կարմրություններ ու ալերգիայի հնարավոր այլ՝ առնվազն ակնհայտ դրսևորումներ չկան՝ Արեգի հետ լքում եմ դասարանը՝ ուսուցչի առաջարկով հետս վերցնելով մնացած մի քանի cupcake-ները։ Լավ է, որ մի քանիսը մնացել են, համ էլ կստուգեմ՝ իսկապես ընկուզեղենի համ գալիս է, թե չէ։

Դպրոցից դուրս գալուն պես անհամբեր բացում եմ արկղիկը ու հենց փողոցում շոկոլադային cupcake-ներից մեկը հանելով՝ մի փոքր կտոր պոկում խմորային մասից ու համտեսում։ Աստվա՜ծ իմ, պնդուկի համ է գալիս... Շատ հստակ... Էն աղջիկն իզուր չէր ասում, որ ընկուզային համ է գալիս։ Լրիվ ոնց որ Nutella։ Խայտառակություն։ Ի՞նչ է լինելու սրա վերջը։ Թե ի՞նչ մի խելքներիս փչեց դպրոցում ծնունդ նշել։ Իրականում տղայիս ծնունդը դեկտեմբերի երեսունմեկին է՝ դպրոցում ծնունդ չանելու համար հիանալի օր. ոչ իմանում են, որ ծնունդն է, ոչ էլ ակնկալում, որ պիտի հատուկ նշես։ Ինչների՞ս էր պետք օրեր հետո, երբ մոտ մեկշաբաթյա արձակուրդից հետո դպրոցը նոր բացվել է, ուշացումով ծնունդ նշել, որ հիմա էլ էսպիսի կրակի մեջ ընկնեինք... Ինչ էլ թարս է. ուրբաթ օր է. եթե վատացողներ լինեն, կարող է մինչև երկուշաբթի չիմանանք։ Երեք օր պիտի տառապենք։ Չնայած եթե լուրջ բան լինի, երևի մինչև էդ էլ մեզ կտեղեկացնեն էդ մասին։ Ճանապարհին համարյա լացակումած զանգում եմ Վազգենին, պատմում եղելությունը ու խնդրում, որ ինտերնետում որոնի պնդուկից ալերգիայի ախտանիշները, հնարավոր հետևանքներն ու արտահայտման տևողությունը։ Նայում է ու ասում, որ դրսևորումները շատ բազմազան կարող են լինել. մի հսկայական ցուցակ է նշված... Տևողությունն էլ անորոշ է՝ անհատական։ Չէ, առանձնապես մխիթարիչ բան չկա կարծես... Էդ էլ դեռ հերիք չի՝ պարզում է, որ կան պնդուկով շոկոլադային cupcake-ներ, որ բավական տարածված են վաճառքում։ Գրողը տանի. երևի հենց դրանից է մեր առածը...

Հասնում եմ տուն ու նետվում դեպի համակարգիչը, որ ինքս էլ որոշ որոնումներ անեմ։ Միակ մխիթարիչ բանը, որ պարզում եմ, այն է, որ պնդուկից ալերգիան բավական հազվագյուտ ալերգիա է։ Վազգենն էլ փորձում է մխիթարել նրանով, որ հավանականությունը, որ հենց էդ դասարանում հենց պնդուկից ալերգիա ունեցող կլինի, գործնականում խիստ փոքր է։ Բայց ինձ թվերը չեն հետաքրքրում։ Մինչև չհամոզվեմ, որ ոչ ոք ալերգիա չի ստացել, չեմ հանգստանա։ Հետն էլ արդեն պատկերացնում եմ, որ կարող են անգամ մահանալ էդ ալերգիայից (ինտերնետում դրա մասին էլ կարդացի), ու լրիվ եմ գժվում... Հետո պատկերացնում եմ, որ մեզ դատի են տալիս, բանտարկում։ Տեսնես՝ ինչքա՞ն կտան... Մի խոսքով՝ արդեն երևակայությունս լրիվ հիվանդագին զարգացումներ է ստանում։ Հետո չարաբաստիկ cupcake-ները համտեսել եմ տալիս մամայիս, Վազգենի պապային, Կիտայի մամային, որը մեր տուն հյուր էր եկել էդ ժամանակ։ Բոլորն ասում են, որ ոչ մի ընկուզային համ էլ չի գալիս, ինձ է թվացել։ Այ քեզ բան։ Բայց ես ախր շատ հստակ զգում եմ էդ համը։ Իրենք ո՞նց չեն զգում, չեմ հասկանում։ Ո՞նց է հնարավոր չզգալ էդքան ճանաչելի պնդուկի համը։ Ասում եմ՝ դուք Nutella կերած չկա՞ք, ի՞նչ է, չե՞ք զգում՝ ինչ նման է համը։ Անկախ Nutella-ից էլ՝ ախր շատ որոշակի պնդուկի համ է գալիս։ Չէ, ասում են, քեզ է թվացել, ոչ մի նման համ չկա։ Ընթացքում գլխիս եկածը ինտերնետով պատմում եմ մի երկու մտերիմների, մի կողմից Բյուրի զահլան եմ տանում՝ ալերգիայի մասին հարցեր տալով, մյուս կողմից՝ Զաքարը հուշում է, որ մինչև երկուշաբթի չտառապելու համար կարելի է հենց էդ թխվածքատնից ճշտել՝ ընկուզեղենով են սարքել, թե չէ։ Հիանալի միտք է, ո՞նց չէի ֆայմել։

Հենց Վազգենն աշխատանքից գալիս է, ասում եմ, որ զանգի թխվածքատուն, հարցնի։ Զանգում է, հիշեցնում, որ երկու օր առաջ դպրոցում ծնունդ նշելու համար cupcake-ներ էր պատվիրել իրենց մոտ, և ուզում է իմանալ՝ արդյոք դրանց մեջ ընկուզեղեն կար։ Ինչ-որ աշխատող է պատասխանում, ասում է, որ ինքն անձամբ տեղյակ չի էդ cupcake-ներից, բայց գիտի, որ իրենք ընդհանրապես ընկուզեղենով չեն անում cupcake-ները, ասում է, որ համարյա հարյուր տոկոսով համոզված է, որ ընկուզեղեն չկա էդ cupcake-ներում, բայց լրիվ համոզվելու համար կարող ենք վաղն առավոտյան զանգել, որ թխվածքատան տերն էլ տեղում լինի, ու հենց իրենից ճշտենք։ Ես էդ ընթացքում էնքան էի վատացել, որ ահագին մխիթարվում եմ, բայց միաժամանակ անհամբեր սպասում առավոտվան, որ լրիվ համոզվեմ։ Չէ, առավոտյան արդեն վերջնականապես պարզվեց, որ cupcake-ներում իսկապես ոչ մի տեսակի ընկույզ ընդհանրապես չի օգտագործվել։
Հըմ, բայց հետաքրքիր է, էդ դեպքում էդ ի՞նչ պնդուկի համ էի ես առնում...   

Ազգային դիմանկար, Զվարճալի, Մանրապատումներ, ԱՄՆ, Դիտարկումներ

Previous post Next post
Up