Ի վերջո, պարզվեց, որ մեր քանդակագործության խմբում պաշտոնապես հինգ հոգի ենք՝ ինձնից բացի, երկու տղա, մի կին ու մի տատիկ։ Բայց տատիկը ոչ թե առաջին դասի էն շատախոս տատիկն է, այլ լրիվ ուրիշ մի տատիկ, էն տատիկի հակապատկերը՝ սուսիկ-փուսիկ, համեստ, բայց շատ սիրալիր ու տաղանդավոր։ Ինքը խմբում միակն է, ով ինքն իրեն է քանդակում։ Ու էնքան լավ է քանդակել, մենակ տեսնեք՝ լրիվ ինքն է :)։ Իսկ էն շատախոս տատիկն ուղղակի հաճախակի գալիս-գնում է, սրա-նրա հետ զրույցի բռնվում, հետո էլ հանդիսավոր բոլորին հրաժեշտ տալիս ու գործնական, շտապ-շտապ գնում։ Մի անգամ նույնիսկ բոլորիս գալիք Նոր տարին շնորհավորեց գնալուց առաջ, ինչից ես ենթադրեցի, որ, ուրեմն, էս տարի էլ չի գալու, բայց հենց հաջորդ դասին նա կրկին մեզ հետ էր :))։ Ու ընդհանրապես նա հազվադեպ է մեզ լքում։
Մի երկու ճշտում անեմ. նախ պարզվեց՝ մյուս խումբը, որոնց հետ դասախոսը կողքի լսարանում է աշխատում, ոչ միայն տատիկներից է կազմված, այլև պապիկներից, բացի դրանից, պարզվեց՝ ես փոքր-ինչ թերագնահատել էի մեր տարեց դասընկերների մոտավոր տարիքը... Բայց այդ մասին կպատմեմ ավելի կոնկրետ դեպքերի հիման վրա :))։
Երբ դասախոսս իմացավ, որ հայ եմ, ասաց, որ մյուս խմբի տատիկներից մեկն էլ է հայ, ու պատմեց, որ նա Մանհեթընի հայկական եկեղեցու քանդակների (թե քանդակի) հեղինակն է։ Խոստացավ ընդմիջմանը մեզ ծանոթացնել։ Միասին գնացինք կողքի լսարան, մեզ իրար ներկայացրեց, անգլերենով սկսեցինք խոսել, հետո անցանք հայերենի։ Տատիկը, որին, տեսքից դատելով, յոթանասունն անց կտայի, խոստովանեց, որ իր հայերենն էնքան էլ լավ չի, քանի որ ամուսնու մահից հետո հայերեն խոսելու շատ առիթներ, ցավոք, չի ունենում, իսկ ամուսինը, որը, պարզվեց մեր քաղաքի միակ հայկական եկեղեցու առաջին քահանան էր եղել, մահացել էր մի 30-40 տարի առաջ։ Երբ տարիների ու թվականների հետ կապված մի քանի բան նշեց, ինձ սկսեց հետաքրքրել, թե տատիկն, այնուամենայնիվ, քանի տարեկան է։ Հարցրի ու պատասխանից շշմեցի. 90 :o։ Զարմանքս արտահայտելով՝ ասացի. «Լավ եք պահպանվել»։ «Հա, փառք Աստծո»,- ուրախ պատասխանեց։ Մեկ էլ ասաց, որ մի խումբ կանանցով շատ են ուզում հայերենի դասընթացների գնալ, որ հայերենը կատարելագործեն։ Ո՞վ կմտածեր, որ 90 տարեկանում մարդիկ էդպիսի ցանկություններ կարող են ունենալ։
Էն շատախոս տատիկն էլ ամեն օր գալիս, մեկի ականջին նստում է։ Մի անգամ եկավ մոտս, նայեց մոտիս սեղանին դրված եղբորս լուսանկարին, իրեն հատուկ հետաքրքասիրությամբ հարցրեց, թե ով է այդ բարետես երիտասարդը։ Ասացի՝ եղբայրս։ Դե, եղբայրս էլ հիմա մորուքով ու երկար մազերով է։
- Հիփփի՞ է,- հարցրեց կասկածանքով։
- Չէ,- ծիծաղեցի։
- Լա՞վ տղա է։
- Հա։
- Դե լավ է, որ չնայած արտաքին տեսքին՝ լավ տղա է։ Թե չէ՝ գիտես, էդպիսի երկար մազերով ու մորուքով տղաները հաճախ ինչ վատ պահվածք են ունենում։
Ծիծաղս հազիվ էի զսպում :))։ Հետո հարցրեց, թե եղբայրս ինչով է զբաղվում։ Ասեցի՝ ծրագրավորող է։ Բայց, ըստ երևույթին, էդ բառը նրան շատ բան չասեց, քանի որ հարցրեց, թե ինչ է ծրագրավորում։ Համակարգչի անուն լսելով՝ հիշեց, որ ինքը կարգին գլուխ չի հանում համակարգիչներից։ Հետո սկսեց բողոքել, որ հիմա բոլորն ամեն ինչ համակարգչով են անում՝ ուղեղներն աշխատեցնելու փոխարեն։ Բա իրենց ժամանակ էդպե՞ս էր... Ու խոսակցությունը սահուն կերպով վերածվեց «Վայ, էս հիմիկվա ջահելները...» կարգի մենախոսության (եթե նախապես չիմանայի, որ տատիկը հրեա է, կկարծեի՝ հայ է), որի ժամանակ ես մեկումեջ տմբտմբացնում էի գլուխս ու մտածում, թե երբ է տատիկը վերջապես թողնելու, որ հանգիստ քանդակեմ։ Ես չգիտեմ, թե մեր խմբի էն տղան ոնց է հաջողացնում տատիկին լսելով քանդակել, բայց ինձ համար դա միանգամայն անհնար էր. տատիկի խոսելաոճն էնպիսին էր, որ անմնացորդ ուշադրություն էր պահանջում։ Լավ էր՝ շատ երկար չմնաց։ Նա շուտով մի ուրիշ թարմ ականջ գտավ ու տեղափոխվեց դրա վրա «նստելու»։
Հետո քիչ-քիչ դասերին հայտնվեցին նաև պապիկներ։ Ես արդեն վաղուց եմ համոզվել, որ մարդկանց տարիքները գուշակելն ինձ համար բավական անհույս գործ է, իսկ ամերիկացի ծերերի դեպքում՝ առավել ևս։ Ու արդեն չէի էլ փորձում գուշակել, թե քանի տարեկան են էս մեր պապիկները։ Ինձ համար յոթանասունին մոտը մի տեսակ ստանդարտ տարիք է բոլոր ծերերի համար :D։
Էն օրն էլ պապիկներից մեկը մյուսին հարցնում է.
- Դու մի ժամանակ դահուկասահքով էիր զբաղվում, չէ՞։ Հիմա է՞լ ես զբաղվում։
- Չէ, մի քանի տարի առաջ թողեցի։
- Ինչու՞։
- Դե, մտածեցի՝ 86 տարեկանում դահուկասահքն արդեն մի քիչ էն չի, էլի։
86 տարեկանում դահուկասա՞հք :օ։ Փաստորեն, դեռ մի քանի տարի առաջ նա արդեն 86 էր։ Այսինքն՝ էս պապիկն էլ մոտ 90 կլինի։ Ու՞մ մտքով կանցներ...
Մի խոսքով՝ էս ծերուկների հետ չենք ձանձրանում :))։