Վերջին երեք տարիներին կարդացածս լավագույն գրքերը

Feb 18, 2023 11:57


Ֆեյսբուքում Հայկ Հովյանը գրել էր, որ բոլորի լավագույն գրքերի տասնյակներն իրար նման են, տեսնես ինչու՞։ Իմ պատկերացմամբ՝ դա պայմանավորված է նաև միանման փորձառությունով, միանման աղբյուրներից խորհուրդներ ստանալով։ Ես էլ որոշեցի իմը գրել, բայց ամեն գրքի հետ կնշեմ նաև, թե ոնց եմ գիրքը հայտնաբերել, որտեղից է ճաշակս թելադրվել։ Կենտրոնանում եմ մենակ 2019 - 2022-ին կարդացածներիս վրա։ Որ գրքին անդրադարձել եմ բլոգումս, համապատասխան հղումը նույնպես կդնեմ։

1. Սամանթա Շվեբլինի «Տենդային երազ» (“Fever Dream”)





Շվեբլինն Օրհուսի գրական փառատոնին էր մասնակցում։ Ամուսնուս՝ Մորթենին, հետաքրքրեց հեղինակի նկարագրությունը, միասին գնացինք իր միջոցառմանը, որտեղից էլ գնեցինք «Մի բերան թռչուն» պատմվածքների ժողովածուն։ Մորթենը կարդաց նաև այլ գործեր, կարելի ա ասել զոռով ստիպեց, որ «Տենդային երազը» գոնե կարդամ (քաշել էր քինդլիս մեջ)։ Ու չփոշմանեցի։ Ընդհանրապես, Շվեբլինը երևի մեր սերնդի ամենալավ գրողն է. ինդիվիդուալիզմից վերացած, աշխարհն ավելի խորությամբ ընկալող (նկարում էլ է ինքը)։

2. Էռլենդ Լոյի «Փաստեր Ֆինլանդիայի մասին» (“Fakta om Finland”)



Նորվեգիայի Բերգեն քաղաքում գրախանութ էի մտել, հարցնում էի՝ նորվեգերեն ի՞նչ խորհուրդ կտա դանիերեն իմացողի համար։ Էռլենդ Լոյի «Նաիվ. սուպերը» խորհուրդ տվեց։ Անգլերենն առա, ահագին դուրս էկավ։ Բայց լոքդաունի ժամանակ նորվեգերենի մեջ լիքը լինելով՝ հաջորդ անգամ երբ Բերգենի նույն գրախանութում հայտնվեցի, առանց վարանելու Լոյի այս գիրքը գնեցի, արդեն նորվեգերեն։ Ու սա նույնիսկ ավելի լավն էր։

3. Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ»



Եղբորս ու մորս խորհրդով։ Ընդհանրապես, ժամանակակից հայ գրականության լավագույն գործն եմ համարում։ Ավելին՝ արտասահմանցի ընկերներիս խորհուրդ եմ տալիս կարդալ, անգլերեն իմ օրինակն էլ արդեն քանի ձեռք պտտվեց։

4. Հելլե Հելլեի «Բոբը» (“Bob”)



Հելլե Հելլեի գրականությանը ծանոթացել եմ Դանիա գալուս առաջին տարում, երբ հարցուփորձ էի անում ինչ կարդամ դանիերեն, որ շատ բարդ չլինի։ Կոլեգաներս Հելլե Հելլե խորհուրդ տվեցին, տոներին էլ նրա գրքերից մեկը նվիրեցին։ Դրանից հետո մի քանի այլ գործեր էլ եմ կարդացել։ Իմ սիրելի դանիացի գրողն է։ Հենց նոր գիրք է լույս տեսնում, վազում եմ գրախանութ։ «Բոբը» լույս է տեսել 2021-ին, էդ ժամանակ էլ կարդացել եմ։ Ու ընդհանրապես, իմ գրելու վրա ամենաշատ ազդեցություն ունեցած հեղինակներից է։

5. Թոնի Մորիսոնի «Սիրեցյալը» (“Beloved”)



Ցուցակումս կար (մի ժամանակ որոշել էի բոլոր նոբելյանակիրներին կարդալ), բայց հետո հայրս էլ խորհուրդ տվեց։ Էդպես կարդացի, հավանեցի։

6. Թովե Դիթլեւսենի «Մանկության փողոց» (“Barndommens gade”)



Թովե Դիթլեւսենը Կոպենհագենի մեր կողքի շենքում է ծնվել-մեծացել։ Դրա համար մեր թաղամասն ամբողջությամբ իրենով է լցված. սալահատակներին իր բանաստեղծություններից, դիմացի մանկապարտեզի անունը՝ «Մանկության փողոց» , իր անունով հրապարակ, իր հիշատակին նվիրված բար և այլն։ Դրա համար որոշեցի կարդալ, որ հասկանամ՝ ո՞վ է մեր կողմերում ապրել։

7. Արունդհատի Ռոյի «Մանրուքների աստված» (“God of Small Things”)



Էլի հորս խորհրդով

8. Էլենա Ֆերանտեի «Կորուսյալ դուստրը»



Մորթենի նախաձեռնությամբ համանուն ֆիլմը դիտեցինք։ Չնայած Ֆերանտեի «Հանճարեղ ընկերուհու» մեծ երկրպագու չէի, էս ֆիլմն էնքան դուրս էկավ, որ որոշեցի տեսնել՝ ի՞նչ գրքի հիման վրա է նկարահանվել։

9. Պատրիկ Մոդիանոյի «Անտեսանելի թանաք» (“Encre sympathique)



Մոդիանոն իմ սիրած հեղինակներից է, որ էլի հորս շնորհիվ եմ հայտնաբերել։ Պարբերաբար նրա գրքերից կարդում եմ։ Էս մեկն էլ անցյալ տարի Պորտոյից գնեցի ու կարդացի. Պորտոն ինձ համար ամենամոդիանոյական քաղաքն է։ Եւս մի հեղինակ, որ իմ գրելու վրա ազդում է։

10. Մարգըրեթ Էթվուդի «Կույր մարդասպանը» (“The Blind Assassin”)



Էլի հորս խորհրդով։ «Աղախնի պատմությունը» չեմ կարդացել ու երևի չեմ էլ կարդա։

Ցուցակը կազմելուց հետո նկատեցի, որ ինչպես միշտ հիմնականում կին հեղինակներ են։ Գենդերային հավասարակշռություն չեմ փորձում ապահովել, մյուսների ցուցակներում էսպես թե էնպես տղամարդիկ շատ են, իսկ ես հիմնականում կանանց եմ կարդում։

Գրքեր

Previous post Next post
Up