Պարզվում է՝ Լոնդոնի խցանումները միայն երկնքում չեն, ամենուր են. փողոցներում, մետրոյում, խանութներում: Աջակողմյան երթևեկությունը փոքր-ինչ շփոթեցնող է: Անգամ մետրոյի գնացքը թվում է՝ թարս է գնում: Բայց ամեն քայլափոխին փակցված գրություններն ամեն ինչ ծամում, դնում են բերանդ: Մետրոյում կնկատես "Mind the gap between the train and the platform" գրությունը: Էլ չեմ ասում, որ յուրաքանչյուր անցումումգետնին գրված է "Look Right" կամ "Look Left", դեռ մի բան էլ սլաքով ցույց է տրված ուղղությունը:
Լոնդոնում ես ինձ օտար չզգացի, բայց ոչ մի դեպքում այնտեղ չէի ապրի: Չհասկացա, թե որն էր տեղացի զգալուս պատճառը: Իհարկե, մի քիչ անսովոր էր, որ օտար երկրում եմ, բայց լեզուն հասկանում եմ: Բայց քաղաքն ինքը բնավ նոր չէր ինձ համար. ասես էլի էի եղել այնտեղ: Գուցե պատճառն այն էր, որ շատ նման էր եվրոպական մյուս քաղաքներին: Մինչև հիմա միայն Ամստերդամն է մի քիչ ուրիշ թվացել, չնայած եթե ասեմ ճարտարապետությունը շատ էր տարբերվում, կսխալվեմ:
Իմ մանկության ընկերուհու՝ Մարիայի հետ ժամդրավայրն այնքան հեշտ գտա, որ ասես առաջին անգամ չէի այնտեղ գնում: Մենք իրար հազիվ ճանաչեցինք: Չնայած դրան, հավատս չէր գալիս, որ վերջին անգամ չորսուկես տարի առաջ ենք հանդիպել:
Օգտվելով առիթից, որ Լոնդոնը դեռ չեմ տեսել՝ առաջարկեց զբոսնել քաղաքով: Էդպես հերթով անցնում էինք Լոնդոնի բոլոր տեսարժան վայրերի կողքով, հետաքրքրվում միմյանց կյանքերով, հիշում մեր մանկությունը:
- Էվային վաղուց չեմ տեսել,- ասաց (Էվան մեր երրորդ ընկերուհին էր),- մի տարի կլինի:
- Ես ավելի վաղուց չեմ տեսել,- ծիծաղեցի,- տասներկու տարի կլինի:
Երբ արդեն չէր մնացել ոչ մի տեսարժան վայր, որի անունը գրված չէր հայկական դպրոցների անգլերենի դասագրքերի "London" կոչվող տեքստում, թեքվեցինք, քայլեցինք Թեմզայի ափով: Այնտեղ բազմաթիվ դերասաններ զանազան կապիկություններ անելով փող էին աշխատում:
Եղանակը լավն էր, չնայած Մարիայի ու մյուսների պնդմամբ բավական ցուրտ էր: Ամեն դեպքում, իմ ձմեռային վերարկուի փոխարեն աշնանային կուրտկա էի հագել ու չէի մրսում: Ավելին՝ դեռ մի բան էլ արև կար, ինչը տեղի բնակիչների պնդմամբ և իմ գիտելիքների համաձայն հազվագյուտ երևույթ էր Լոնդոնում:
Երբ սովածացանք, մտանք խանութ սենդվիչ գնելու: Այստեղ էլ էր խցանում. որպեսզի կարողանաս ուզածդ սննդամթերքին մոտենալ, պիտի սպասես:
Սենդվիչս այծի պանրով ու սև սոխով էր: Բայց վերջինիս սոխությունը միայն նրանում էր, որ ատամի տակ խրթխրթում էր: Անգամ համը քաղցր էր, իսկ գույնը համապատասխանում էր անվանը: Ու եթե մի օր աշխարհի որևէ անկյունում այծի պանրով ու սև սոխով սենդվիչ ուտեմ, անպայման Լոնդոնը կհիշեմ:
Լոնդոնը կհիշեմ նաև Կաֆկայի շնորհիվ, չնայած նրա անունը Պրահայի հետ է կապված: Ես կկարդամ ամեն առավոտ, երբ կնստեմ մետրո, որ հասնեմ CMF-ի գրասենյակ՝ սեմինարների: Կկարդամ նաև հետդարձի ճամփին, և աշխարհում գուցե միակ մարդը կլինեմ, որը Կաֆկա ասելիս Լոնդոն կպատկերացնի:
Չնայած Լոնդոնը ստանդարտ եվրոպական քաղաք է, պետք է նշեմ, որ ամեն ինչից շատ-շատ կա: Ճարտարապետությանը նայելիս թվում է՝ Ամստերդամում ես: Մի պահ զայրանում ես, որ գողացվել է քո սիրելի քաղաքից, բայց հետո հիշում ես, որ իրականում Ամստերդամի շենքերն են անգլիականներին նման:
Եվրոպական նեղլիկ փողոցներ կան ինչքան ասես, ավելի շատ, քան ցանկացած այլ քաղաքում:
Ձմեռ օրով կանաչ կա ու այնքան շատ, որ թվում է՝ գարուն է:
Ու բոլոր քաղաքների պես Լոնդոնի միջով գետ է հոսում, որն ավելի լայն է, ավելի շատ, իսկ կամուրջներն իրար մոտ են:
Մետրո կա, որտեղ շատ հեշտ է խճճվելը. աչքդ թարթեցիր, սխալ գնացք ես նստում: Եվ չես հասկանում, թե ինչպես է այդ հսկայական ցանցը կառուցվել:
Ինչպես մնացած եվրոպական մայրաքաղաքները, սա էլ է տուրիստական, բայց ես կասեի՝ տուրիստական մայրաքաղաք: Ամստերդամի մարդաշատությունն էր զարմացնում, բայց Լոնդոնի հետ ոչ մի ուրիշ քաղաք չի կարող մրցել:
Այստեղ էլ, ինչպես Ամստերդամում, փողոցում անվճար թերթեր են բաժանում, բայց նորից ավելի շատ և օրվա բոլոր ժամերին (Ամստերդամում միայն առավոտյան էր):
Կենտրոնում աղավնիներ են շրջում, բայց նույնիսկ Փարիզի Աստվածամոր տաճարի շուրջ պտտվողներն իրենց թվով չեն կարող մրցել Լոնդոնի հետ:
շարունակելի