Գրքանման 2. Անգլիա

Aug 03, 2009 01:52

Լոնդոնը

Երևանում մեքենաների խցանումներ են լինում, Ամստերդամում՝ մարդկանց, իսկ Լոնդոնում՝ ինքնաթիռների: 10-15 րոպե ստիպված էինք օդի մեջ պտույտներ անել՝ մինչև ճանապարհը կազատվեր: Իսկ երբ եկավ իջնելու ժամանակը, նկատվեց Լոնդոնին բնորոշ հատկանիշներից մեկը. ամպեր, էլի ամպեր, նորից ամպեր, որից հետո երևաց քաղաքը: Մեծը հասկացանք, բայց ա՞յդ աստիճանի, երբ անգամ վերևից անծայրածիր էր թվում:

Ինձ դիմավորելու էր եկել Լինդընը, որն ինձ նման հինգերորդ կուրսի ուսանողուհի էր:
- Լոնդոնում ամեն ինչ շարժվում է,- ասաց նա, երբ ես կանգնած էի, և մի մարդ ներողություն խնդրելով անցավ:
Իսկապես, շարժումը հենց ինքը Լոնդոնն էր:

Ես ու Լինդընը մետրոյով տուն եկանք: Լավ էր, որ երբեմն թունելից դուրս էր գալիս, և կարող էի շուրջս նայել: Շարքերով հավասար կանգնած կարմիր կտուրներով մի քանի հարկանի տներ էին… Անվերջ, անընդհատ: Երբ դրանք վերջացան, կանաչ տարածություններ տեսա ու զարմացա: Հետո հիշեցի, որ երբ Փարիզի ձմեռային կանաչությունն ինձ զարմացնում էր, ասում էին. «Բա որ Լոնդոնը տեսնես»:

Ապրելու էի հանրակացարանանման մի բնակարանում: Խոհանոցը, լողարանը, զուգարանն ու հյուրասենյակն ընդհանուր էին, բայց տան յուրաքանչյուր բնակիչ ուներ իր առանձին սենյակը: Լինդընն իրենն ինձ էր զիջել, ինքը տեղափոխվել հյուրասենյակ:

Մոտ երեք ժամ քնելուց հետո Լինդընի հետ գնացի նրա ընկերների՝ Թիմի ու Քեթիի տուն ճաշելու: Նրանք ամուսիններ չէին, ազգականներ չէին, սիրեկաններ չէին: Պարզապես միասին նույն տանն էին ապրում: Երկու կատու ունեին՝ շեկ ու սպիտակ, մարդամոտ Սիսըլին և սև, ագրեսիվ Փարսլին: Վերջինս «Ես շաքարախտ ունեմ, ինձ չկերակրեք» գրությամբ վզկապ էր կրում: Քեթին բացատրեց, որ իրականում կատուն առողջ է, պարզապես գեր է: Դրա համար վզկապն ամրացրել են, որ ուրիշները չկերակրեն:

Տանը բազմաթիվ մոմեր էին վառված: Բոլորը ոտաբոբիկ էին քայլում, ինչպես Լինդընի բնակարանում: Միայն մեզնից մի քիչ հետո ժամանած մալազիացյի Ալվինը կոշիկները չէր հանել, բայց երբ բարձրացանք վերևում կառուցված նոր սենյակը տեսնելու, Քեթին Ալվինին պարտադրեց կոշիկները հանել, որ նոր գորգը չփչացնի:

Մինչ տղամարդիկ՝ Թիմն ու Ալվինը, խոհարարությամբ էին զբաղված, ես, Քեթին ու Լինդընը զրուցում էինք: Պարզվում է՝ առավոտյան Քեթին, Ալվինը ու էլի ինչ-որ մեկը 15 մղոն վազել էին, և ամբողջ խոսակցությունը դրա մասին էր:

Թիմի պատրաստած կերակուրը, որի անունն այդպես էլ չհիշեցի, շատ համեղ էր: Կուշտ ստամոքս, կիսամութ սենյակ, լարված օր… Իհարկե քունս կտաներ: Լինդընն էլ պակաս հոգնած չէր: Շուտով տուն գնացինք:

Շարունակելի

Գրքանման2, Ճամփորդական

Previous post Next post
Up