Տրիվիալ մտքեր. Մաս Դ

Sep 16, 2014 09:35

Ինքնասպանության մասին

Մի անգամ, դեռ ուսանող ժամանակ, Մհերը (եղբայրս, ով ինձնից մի երեք անգամ ավելի շատ գրքեր է կարդացել), ինձ մի հարց ուղղեց՝ «Գիտե՞ս, թե որոնք երկու աններելի մեղքերը»: Չգիտեի: Ասաց՝ «Մեկը՝ ինքնասպանությունը, մյուսը՝ Աստծուն հայհոյելը»... Դա երեւի մի 20 տարի առաջ էր, պետք էր ապրել դեռ մի էդքան՝ խորապես զգալու ու հասկանալու համար, թե ինչու է ինքնասպանությունը չներվող մեղք, մի աններելի արարք:

Ինքնասպանության թեման մի չարագուշակ ձգողականություն ունի, մի աներեւակայելի մագնիսական դաշտ... Անձամբ իմ կյանքում ինքնասպանության հետեւանքով ունեցել եմ երկու ցավալի կորուստ, ու էն ամենը, ինչ պատրաստվում եմ գրել, ոչ մի այլ նպատակ չունի, քան՝ փորձել ցույց տալ երեւույթի մի ուրիշ հատույթը, մեկ ուրիշ ռակուրսից միասին խորհել էս տարօրինակ ու գայթակղիչ արարքի՝ սեփական կյանքին վերջ տալու շուրջ: Նեղացնելու կամ ցավեցնելու նպատակ չունեմ, բայց եւ չեմ կարող անկեղծ չլինել:



Միանգամից ասեմ, որ ներել-չներվելը ես չեմ դիտարկում մի ինչ-որ սարսափազդու վերերկրային դատաստանի միջոցով. ես դեմ եմ մարդկանց երկյուղի մեջ պահելուն, ու ասելիքիս կենտրոնում ինքը մարդն է, մարդ արարածն ու իր որոշումը:

Կարծեմ Կամյուն էր ասում, որ ինքնասպանության պատճառը երբեք մեկը չի լինում... Միայն Բազարովի օրինակն էր դրան հակասում, ըստ հանգիստ չունեցող էդ մարդու:

Իսկ ես ինքնասպանություն գործելու պատճառը ուզում եմ շատ պարզ ձեւակերպել.

Վիճակ, երբ մարդը ներքուստ համոզված է, որ ինքն այլեւս ոչինչ չունի կյանքից ՎԵՐՑՆԵԼՈՒ:

Շեշտել եմ «վերցնել» բառը, քանի որ ամբողջ ասելիքիս առանցքում տալ-վերցնելու հակասությունն է, ներքին «установка»-ն: Ինքնասպանություն գործելու մեջ ամենասարսափելին ապերախտությունն է, կամավոր հրաժարվելը էն անհամար բարիքներից ու հարստությունից, որ Աստված տվել է մարդուն՝ թե՛ մարդուն օժտելով անսպառ ունակություններով, թե՛ նրա շուրջ ստեղծելով մի հրաշք միջավայր՝ բնության տեսքով:

Երբ կյանքին նայում ես ՎԵՐՑՆՈՂԻ դիրքից, այո, գալիս է մի պահ, երբ այլեւս իմաստ չի լինում ապրելու, քանի որ վերցնելու բան չի մնում, քանի որ ինչ-որ բան խանգարում է վերցնելու այն, ինչին ձգտում է մարդու երկատված միտքն ու հոգին: Ընդ որում, հաճախ, շատ հաճախ այն, ինչը վերցնելուն ձգտում ենք, ամենեւին արժանի չէ դրան, քանի որ ունայն ու սին է: Ինքնասպանության եզրին կանգնած մարդը, բնականաբար, ունի սթափության որոշակի դեֆիցիտ: Բայց նույնիսկ այն դեպքերում, երբ միտքը համեմատաբար սթափ է, հոգին ու սիրտը նեղացած ու փոքրացած են լինում, քանի որ այլեւս անելիք չեն տեսնում այս կյանքում:

Մինչդեռ անելիքը միայն մեկն է ու միայն մեկը պետք է լինի՝ ՏԱԼ:

Քանի դեռ մարդն ունակ է, նա չպիտի դադարի տալ՝ ջերմություն, սեր, ժամանակ, ուշադրություն, բարի խրատ, օգնող ձեռք, գոտեպնդող գաղափար, ապրեցնող խոսք, կենարար համբույր, տաքացնող գիրկ, բեղմնավորող սեքս, անմոռանալի ուղեւորություն, մի գեղեցիկ լուսանկար, մի հոգեթով բանաստեղծություն, մի հուզիչ երգ, նույնիսկ՝ երգի մի տող, մի սիրելի դիմանկար, մի ուրախացնող ներկայացում, մի անկեղծ զրույց, մի հետաքրքիր պատմվածք, մի զբոսանք՝ աշնանային ծառուղիով, մի հայացք՝ խոնարհ ու իմաստուն...

Ընթերցող ջան, այն պահին, երբ կկանգնես կամրջի եզրին, երբ ատրճանակը կուղղես քունքիդ, երբ «պարանը կդարձնես վզիդ մի զարդ»... հիշիր բոլոր նրանց, ովքեր ունեն սիրո, ջերմության, ուշադրության, բարի խրատի, օգնող ձեռքի, գոտեպնդող գաղափարի, ապրեցնող խոսքի, հուզող երգի, կենարար համբույրի, տաքացնող գրկի........ կարիք: Հիշիր բոլոր նրանց, ում դու կարող էիր ՏԱԼ քո ներսում ունեցածից:
Տալ՝ առանց դիմացը պատասխան ակնկալելու: Քանի որ միայն դա է մարդու առաքելությունն էս կյանքում: Ու եթե չենք անում այն, ինչի համար ստեղծված ենք (ներել-չներվելու հարց չէ), ինքներս ենք տուժում, հենց մենք՝ ինքներս, ու ոչ թե ինչ-որ հանդերձյալ աշխարհում, այլ հենց այս կյանքում, հենց այս աշխարհում: Քանի որ ով չի տալիս, նա չի էլ ստանում: Ով չի սիրում, չի էլ սիրվում: Ու կյանքը վերածվում է ամենօրյա դժոխքի: Ես հենց դա՛ եմ ճանաչում որպես ամենաիսկական դժոխք:

Բայց մի հատ նայեք էլի, մի հատ ուշադիր նայեք, թե նախքան մեզնից ուզելը, մեզ որքան է տրվել՝ անհատույց, առատաձեռնորեն, շռայլաբար... Մի հատ նայեք ձեր շուրջն ու ձեր ներսը եւ տեսեք, որ հարուստ ենք թե՛ ներսից, թե՛ դրսից, որ անասելի հարուստ ենք,ավանսով... Ու էս առատաձեռնության պատասխանը եթե լինում է կամավոր հրաժարումն այդ ամենից ու սեփական կոչումից, այ դա՛ ես կոչում եմ ապերախտություն:

Ու դա է պատճառը, որ չեմ կարողանում ուղիղ պատասխանել իմ սիրելի Ասլիկյան Լալայի սպառնալիքին՝ «պահանջում եմ հարգել ինքնասպաններին»... Հարգելու խնդիր չէ: Աչքերը, հոգու աչքերը բացելու խնդիր է: Ու հուսամ՝ միիիի պստիկ կարողացա բացել ձեր աչքերը...

ՀԳ. Միայն այն, որ կան ամպեր, մարդուն պետք է հետ պահի իր կյանքին վերջ տալուց...

Քրիստոնեության մասին (բոնուս՝ ալտերնատիվ «Հայր մեր»)

Պարադոքսալ կարող է թվալ, սակայն երբ ես ասում եմ, որ հասկացել եմ, որ քրիստոնյա չեմ, միեւնույն ժամանակ հասկացել եմ, որ ստիպված եմ Քրիստոսի ուսմունքը պաշտպանել շատ-շատերից, ովքեր հայտարարում են, թե քրիստոնյա են: Համաձայն եմ, որ մի փոքր անհավատալի է հնչում, բայց՝ փորձեմ բացատրել:

Ըստ իս, քրիստոնյա կարող է լինել նաեւ լավ, ճշմարիտ մուսուլմանը: Քրիստոնյա կարող է լինել ճշմարիտ բուդդայականը, ճշմարիտ հեթանոսը, ճշմարիտ բողոքականը, ճշմարիտ կաթոլիկը... Բանալի բառը, ինչպես հասկացաք՝ «ճշմարիտ»-ն է, այն իմաստով, ինչ իմաստ ես եմ դրա մեջ դնում: Եթե ես կարծում եմ, որ Հիսուսն ուղղակի մի արտակարգ մարդ է եղել, դա դեռ չի նշանակում, թե ես չեմ հետեւում կամ չեմ փորձում հետեւել նրա դավանած, նրա քարոզած ուսմունքին: Էս ուսմունքը մարդու ստեղծած մեծագույն, բարձրագույն, վեհագույն ուսմունքներից մեկն է, բայց ոչ՝ միակը:

Ես հարց եմ տալիս իմ ընթերցողին, իմ զրուցընկերոջը. «Ի՞նչ անուն էր ունենալու քո Աստվածը, եթե դու հայ չծնվեիր: Պատկերացրու, թե ծնվել ես որպես էսկիմոս, զուլուս կամ ավստրալացի աբորիգեն, ուդմուրտ կամ մոնղոլ...»: Մտածիր այս մասին:

Ես հարցնում եմ՝ «Արդյո՞ք ճանաչում եք որեւէ ուժ, որեւէ երեույթ, որեւէ ստեղծականություն՝ Քրիստոսից վեր, Հիսուսից անդին: Արդյո՞ք պնդում եք, թե մարդ արարածին ու ողջ բնությունն ու տիեզերքը ստեղծողը հենց Հիսուսն է, որ կա»: Իհարկե, ոչ: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի մարդկանց գլուխը լցնել մոլորեցնող դոգմաներով ու գաղափարներով: Ի՞նչ իմաստ ունի օգտագործել «Աստծո որդի» բառակապակցությունը: Հիսուսի ուսմունքը երկրագնդի վրա երբեւէ գոյություն ունեցած ամենաամբողջական, ամենաունիվերսալ, ամենամաքուր ու ամենակենսատու ուսմունքներից մեկն է: Խաբելու անհրաժեշտություն ամենեւին չկա. խաբեությունը հետեւորդներ, ճշմարիտ հետեւորդներ չի բերելու:

Ինձ համար ակնհայտ ու ապացուցման կարիք չունեցող են հետեւյալ պնդումները.
ճշմարիտ քրիստոնյան չի կարող լինել անհանդուրժող, չի կարող ներող չլինել, չի կարող լինել ազգապաշտ, չի կարող լինել իշխանատենչ, չի կարող լինել բանակի կազմում կամ խրախուսել ռազմական որեւէ գործողություն, չի կարող հավատացած չլինել, որ բոլոր մարդիկ մեկ միություն են, եղբայրներ ու քույրեր, չի կարող ունենալ որեւէ վախ, այդ թվում՝ այլ դավանանքների կամ այլ ուսմունքների նկատմամբ... Շարքը կարող եմ անվերջ շարունակել:

Իսկ հիմա շուռ եկեք ու նայեք ձեր հանդիպած եկեղեցականներին ու կրոնավորներին՝ ողջ աշխարհով մեկ: Քանի՞ հանդուրժող «հոգեւորական» եք հանդիպել:

Մինչեւ իմ առաջարկած այլընտրանքային «Տերունական աղոթքը» ներկայացնելը, ներկայացնեմ քրիստոնեության վերաբերյալ վերջին տրիվիալ միտքս.

Եթե տեսնում եք մեկին, ով ձեզ հմայում է ինչ-որ գաղտնիքներով, ինչ-որ անճանաչելի ու գերգաղտնի գաղափարներով, եթե տեսնում եք մեկին, ով ձեզ հմայում է հրաշքներով, ինչ-որ անպատկերացնելի հրաշագործություններով, ուրեմն շատ հեռու ուղարկեք նրան: Եթե տեսնում եք մեկին, ով անբացատրելի ու չհիմնավորված կանոններ է փաթաթում ձեր վզին, ով հղում է անում մարդու գրած ինչ-որ տեքստերի, որպեսզի լռեցնի ձեզ, ճնշի ու հպատակեցնի, մի՛ ենթարկվեք, մի՛ զիջեք ձեր անձնական ազատության ոչ մի թիզը: Հասկացեք, որ այդ մարդուն պետք է ձեր վախը, ձեր կույր վախն ու հպատակությունը, այլ ոչ թե ձեր ազատ ոգին ու կամքը, որով օժտված եք ի վերուստ:

Դե իսկ հիմա անցնենք «Տերունական աղոթքին» (Մատթ. 6.9-13), որը դարեդար միլիոնավոր մարդիկ կրկնում են՝ առանց գիտակցելու, թե որքան անհավատ ու նեղմիտ-հողեղեն տեքստ է այն: Հեշտության համար քննադատությունս եւ առաջարկներս ներկայացնում եմ աղյուսակի տեսքով (MSWord-ում աղյուսակ էի սարքել, բայց էստեղ կարծես թե նման հնարավորություն չկա... քննադատությունս ներկայացնում եմ շեղատառ):

Աղօթք Տէրունական (գրաբար) / Տէրունական Աղօթք (աշխարհաբար) / Հակիրճ քննադատություն / Ճիշտ աղոթքի իմ տարբերակը

Հայր մեր / Հայր մեր / Ինչո՞ւ հենց «հայր», իսկ գուցե՝ մա՞յր: Մարդկային սահմանափակ դատողության արդյունք է «հայր» բառն օգտագործելը: Առաջարկում եմ ավելի չեզոք ու ընդգրկուն բառ: / Արարիչ մեր,

որ յերկինս ես / որ երկնքում ես / Ինչո՞ւ միայն երկնքում: Իսկ հողո՞ւմ, իսկ ջրո՞ւմ, իսկ մարդու ներսո՞ւմ, իսկ տերեւի՞... / Որ ամենուր ես:

սուրբ եղիցի անուն քո / Սուրբ թող լինի քո անունը / Ի՞նչ է նշանակում «սուրբ» անուն, եւ եթե դա մի շատ կարեւոր բան նշանակում է, մի՞թե էդ անունը դեռ նոր պետք է սրբանա: Այսինքն՝ հիմա սուրբ չէ, ու մենք մաղթում ենք, որ ապագայում սուրբ դառնա, հա՞: Ամոթ մեզ: / Ինչ էլ լինի քո անունը.

Եկեսցէ արքայութիւն քո / Քո թագաւորութիւնը թող գայ / Մարդու ճղճիմ ու հողոտ երեւակայությունը «արքայություն»-ից, իշխանությունից հեռու չի գնացել: Եվ եթե այլ բառ չկա, որ կարելի է օգտագործել, մի՞թե այդ «արքայությունը» միշտ չի եղել, կա, պետք է լինի: Հը՞: Մի՞թե մենք այս աղոթքն ասելիս պնդում ենք, որ դեռ նոր է գալու Աստծո ստեղծածը: Ողբամ: / Շնորհակալ եմ, որ արժանի ես դարձրել քո ստեղծած կյանքին:

եղիցին կամք քո որպէս յերկինս` եւ յերկրի / Քո կամքը թող լինի երկրի վրայ, Ինչպէս որ երկնքում է / Էլի՝ մարդու ողորմելի դատողություն: Իսկ մի՞թե լինում է այլ բան, քան Նրա կամքը: Արդյո՞ք անցյալում չի եղել, արդյո՞ք ներկայում չի կատարվում Նրա կամքը: / Շնորհակալ եմ, որ ազատ կամք ես տվել ինձ:

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր / Մեր հանապազօրեայ հացը տուր մեզ այսօր / Մեկնաբանություններն ավելորդ են: Աղոթում ենք, որ հաց ուզենք, նյութական բարիք ուզենք, որ սոված չմնանք... Էս հատվածի համար պարզապես ամաչել կարելի է: / Շնորհակալ եմ, որ շռայլորեն բնություն ես պարգեւել ու տվել ինձ ամենը, ինչ պետք է՝ լիուլի ապրելու համար:

Եւ թող մեզ զպարտիս մեր որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց / Եւ ներիր մեզ մեր յանցանքները, Ինչպէս որ մենք ենք ներում նրանց, Որ յանցանք են գործում մեր դէմ / Անթաքույց կեղծավորություն ու սուտ կա սրա մեջ: Մի՞թե մենք ներում ենք մեր պարտապաններին: Մի՞թե ի վիճակի ենք ներել ընդհանրապես: Եվ ինչու՞ է մեզ անհրաժեշտ, որ ներվեն մեր հանցանքները, մեր մեղքերը: Մի՞թե դա կազատի մեզ սեփական արարքների համար պատասխանատվությունից, մի՞թե այդպիսով ներվելու են մեր ազատ կամքի գործադրմամբ ու մեր գիտությամբ մեր իսկ կողմից կատարված հանցանքները... / Շնորհակալ եմ, որ ներելու ունակ հոգի ու սիրտ ես տվել ինձ, ներելու ունակ միտք ու ոգի:

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն / Եւ մի տար մեզ փորձութեան / Վախկոտ մարդու, վախի մեջ ապրող ու անհավատ մարդու գրած տող է: Հակառակը. Աստծո ու ինքն իր հետ հաշտ ու ներդաշնակ մարդը չի կարող վախենալ փորձությունից: Ավելին, միայն փորձության պահին ես ճանաչում ինքդ քեզ, գործադրում քո ազատ կամքը: Միայն փորձության ենթարկվելիս ես կանգնում ճամփաբաժանին ու ընտրություն կատարում՝ ո՛ր ուղիով ընթանալ: Ու վերջապես՝ գտնում կամ կորցնում Աստծուն: / Տա՛ր ինձ փորձության, որ ճանաչեմ ինքս ինձ:

այլ փրկեա զմեզ ի չարէն / Այլ փրկիր մեզ չարից / Չարից փրկողը մենք ինքներս ենք: Եթե կա փրկություն, եթե կարող է լինել փրկություն, դրա բանալին մեր ձեռքին է, մեր ներսում: Պատասխանատվությունը ուրիշի վրա դնելը մեզ չի ազատում: Մեզ տրվել է կյանք, սիրելու ունակություն ու ազատ կամք: Եվ ուրեմն՝ մնացյալը մեր ձեռքերում է: / Շնորհակալ եմ, որ բարին գործելու կամք ու կարողություն ես տվել:

Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս / Որովհետեւ քոնն է թագաւորութիւնը Եւ զօրութիւնը Եւ փառքը յաւիտեանս / «Զի»-ն, ըստ աղբյուրների, հունարեն բնագրում չի եղել («բնագիր» բառն էլ շատ պայմանականորեն է պետք կիրառել...): Նեղմիտ մարդու դատողություններ են, չափումներն էլ՝ զուտ մարդկային: Բոլոր երեքն էլ իրականում մարդկային են, այլ ոչ թե աստվածային: Փա՜ռք, արքայությո՜ւն, իշխանությո՜ւն... էլի լավ է՝ փողի մասին չենք նշում աղոթքում... Կույր ու խավարում խարխափող մարդ արարած... / Արարիչ իմ եւ ամենի:

Ամէն / Ամէն / Հունարեն բնագրում, ըստ աղբյուրների, չի եղել: Չեմ մեկնաբանում:
Եթե էդպես հաճելի է, վերջում էլ ասեք՝ «Ամեն» :)

Եվ այսպես, ահա թե ինչ ստացվեց.

«Տերունական աղոթքի» իմ առաջարկած տարբերակը

Արարիչ մեր, որ ամենուր ես,
Ինչ էլ լինի քո անունը.
Շնորհակալ եմ, որ արժանի ես դարձրել քո ստեղծած կյանքին:
Շնորհակալ եմ, որ ազատ կամք ես տվել ինձ:
Շնորհակալ եմ, որ շռայլորեն բնություն ես պարգեւել ու տվել ինձ ամենը, ինչ պետք է՝ լիուլի ապրելու համար:
Շնորհակալ եմ, որ ներելու ունակ հոգի ու սիրտ ես տվել ինձ, ներելու ունակ միտք ու ոգի:
Տա՛ր ինձ փորձության, որ ճանաչեմ ինքս ինձ:
Շնորհակալ եմ, որ բարին գործելու կամք ու կարողություն ես տվել,
Արարիչ իմ եւ ամենի:

* * *
Այս անգամ՝ այսքանը:

Անոնս.«Տրիվիալ մտքեր» Մաս Ե-ում գրելու եմ «Սիրո եւ սեր-շտրիխի մասին», «Իմ «ուտոպիայի» մասին» եւ, գուցե, «50 դրամի մասին»...

Մինչ նոր հանդիպում :)

04.11.2013

* * *

Հղումը facebook-ում. https://www.facebook.com/notes/592181114157239/


ինքնասպանություն, կրոն, religion, ականջդ բեր՝ ասեմ, անձնական, suicide, տրիվիալ մտքեր

Previous post Next post
Up