Կրթության ու գիտության մասին
Ամենաիսկական, ճշմարիտ կրթությունն ինքնակրթությունն է: Ամենաարդյունավետ ճանապարհը՝ դրան հասնելու՝ այնպիսի կրթական միջավայր ստեղծելը, որտեղ երեխային, պատանուն, երիտասարդին ոչ թե կսովորեցնեն երկրորդական ու երրորդական կարեւորության բաներ, այլ նախ դաշտ կբացեն ամենակարեւորի, ամենաէականի շուրջ սեփական մտորումների ու այլոց մտորումների նկատմամբ հետաքրքրասիրության, պրպտելու, խորանալու համար: Սովորեցնել, թե ինչու եւ ինչպես է պետք զբաղվել ինքնակրթությամբ՝ այդ ընթացքում հնարավորինս ուշադիր լինելով աշակերտի/ուսանողի մտքի ու հոգու ազատության նկատմամբ: Տալ խորհուրդներ, չսահմանել տաբուներ:
Մեր դպրոցներում մենք աշակերտների հետ չենք խոսում ամենակարեւոր հարցերից՝ հոգի, Աստված, բռնություն, մահ, ինքնասպանություն, սեր, ատելություն... Մենք սովորեցնում ենք, թե ինչպես է գրվում «որեւէ» բառը, որն է Նյուտոնի առաջին օրենքը, ինչի է հավասար (a+b)-ի քառակուսին, ինչպիսի հզոր զորավարներ ու առաջնորդներ էին (իսկ իրականում՝ մեծ մեղսագործներ ու մոլորյալներ) Ալեքսանդր Մակեդոնացին ու Հուլիոս Կեսարը, Տիգրան Մեծն ու Նապոլեոնը:
Կրթությունը՝ այն իմաստով, որով մեզնից շատ-շատերն են դա հասկանում, consumerism-ի մի տարատեսակ է, նույն consumerism-ը սնող: Այդ բոլոր բակալավրիատներն ու մագիստրատուրաները, այդ բոլոր PhD կուրսերը... մարդուն ինքն իրենից հեռացնող, ներհայեցողության ցանկությունը բթացնող, սին ու ունայն մրցակցություն սերմանող ինստիտուտներ են: Ու մենք դրա համար դեռ վճարում ենք :) Արեւմուտքում՝ աստղաբաշխական գումարներ...
Այնինչ բոլոր կարեւորագույն հարցերի բոլոր պատասխանները մեր ներսում են: Մեր բուն սովորելը պետք է սկսվեր հենց դրանից, մեր ներսից...
Հարգում եմ գիտնականներին, հիանում... բայց գիտության մեջ չեմ տեսնում ավելին, քան հոբբին :) Մարդկության մեծ հոբբին: Նույնիսկ տիեզերք թռչելն է հոբբի, բնագիտությունը, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան... :) կարելի է զբաղվել դրանցով, բայց կարելի է նաեւ յոլա գնալ առանց դրանցով զբաղվելու: Դրանից մարդ ոչ մի ԷԱԿԱՆ բան չի կորցնի ու ձեռք չի բերի: Ինչպես մեծ բան չենք կորցրել, երբ դադարել ենք ակտիվորեն զբաղվել մեր մանկության-պատանեկության-երիտասարդության ֆիլատելիայով կամ նումիզմատիկայով: Մենք պարտավոր ենք օգնել միմյանց ու նախեւառաջ՝ մեր երեխաներին, չշփոթել էն, ինչ կոչում ենք գիտություն, եւ էն, ինչ իրական գիտելիքն է, ճշմարիտ գիտելիքը, առանց որի ապրելն անիմաստ ու անտանելի է դառնում: Սա՝ կարեւոր է:
Քաղաքականության մասին
Ասում են, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով...
Ինչպես մարդկային գործունեության բազմաթիվ այլ ոլորտներ, քաղաքականության մեջ նույնպես հոգեւորը մղված է երրորդական պլան, ավելին՝ համարվում է քաղաքականության բուն սահմանմանը հակասող, այն չեզոքացնող: Քաղաքականություն ասելով միջին վիճակագրական մարդը ավելի շուտ հասկանում է պատերազմներ, քան խաղաղություն, սպանություններ, այլ ոչ թե խաղաղ գոյակցություն, հասկանում է կոռուպցիա ու անսահման հարստացում, այլ ոչ թե եղած բարիքների արդար բաշխում, հասկանում է ինտրիգներ, այլ ոչ թե անկեղծություն ու ազնվություն:
Ես մերձքաղաքական անցուդարձերում հայտնվել եմ 2006-ին՝ նորաստեղծ «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության շրջանակներում:
Ուզում եմ կարեւոր արձանագրումներ անել. երբ ինքդ քո մասին չափազանց մեծ կարծիքի ես, երբ քեզ թվում է, որ դու փրկչի միսիա ունես, երբ այն միակ բանը, որը, ըստ քեզ, դեռ պակասում է քեզ՝ իշխանությունն է, ուրեմն դու մոլորված ես, կուրացած, նույնիսկ՝ վտանգավոր: Իմ «Տրիվիալ մտքերում» մի փոքր խոսել եմ իշխանության մասին. չեմ կրկնվի: Իսկ քաղաքականության միակ, կրկնում եմ՝ ՄԻԱԿ իմաստն ու նշանակությունը կարող եմ ճանաչել մարդկանց ավելի ազատ դարձնելը, մարդուն Մարդուն ու Մարդուն Աստծուն մոտեցնելու գործին ծառայելը:
Քաղաքականությունը նման է հաշիշի: Դրա ազդեցությունը զգացածները գիտեն, թե ես ինչ եմ ասում: Այն ստեղծում է կախվածություն, գրավում միտքդ ու հոգիդ, միայն իրեն հատուկ շղարշ կապում աչքերիդ... Լուծո՞ւմը. սեփական անձը, նրա ազատությունն ու անկախությունը վեր դասել ու վեր դնել քաղաքականությունից, քաղաքական ընչաքաղցությունից, կոկորդկրծոցիից: Քաղաքականությունը դիտարկել միայն ու միայն որպես միջոց՝ մարդկանց բարիք տալու, բարին անելու:
Երկրներ գրավելը, ժողովուրդներ հպատակեցնելը, կրոն պարտադրելը, լեզու պարտադրելը, մշակույթ պարտադրելը, մարդկանց ստրկացնելը, արվեստի կոթողները վերացնելը, գրավված տարածքները եկամտի աղբյուր դարձնելը, ֆաշիզմը, ռասիզմը, նացիոնալիզմը... էս ամենը որեւէ կապ չպիտի ունենան քաղաքականության հետ, քանի որ բարիք չեն բերում մարդ արարածին:
Կարող ե՞նք մենք արդյոք, օրինակ՝ Հայաստանում, հասնել սրան: Ինչպես Մհերն էր ասում 2007-ի փետրվարի 3-ի իր հիշարժան ելույթում՝ եկեք փորձենք Հայաստան կառուցել Թումանյանի կերպով ու նմանությամբ... Նույնիսկ եթե մենք ձախողվելու ենք մեր փորձերում, դրանք ամենեւին անիմաստ չեն: Ես ավելին կասեի՝ ձգտելն ու իդեալին հասնելու փորձեր անելը մարդու միակ անելիքն է էս կյանքում:
Սյուրպրիզ :) - Որձության ու էգության մասին
Վերջերս իմ կողմից շատ սիրված մի քանի աղջիկ անթաքույց կերպով, ուղիղ տեքստով ինձ ասացին, որ կուզեին հղիանալ... ինձնից չէ :), սխալ չհասկանաք: Ընդհանրապես: Մայրանալ... Նոր կյանք հղանալ ու պահել-սնել սեփական սափորում, հետո Լույս աշխարհ բերել էդ նոր կյանքին... ՄԱՅՐանալ: Իրացվել, իրականում իրացնել սեփական միսիան՝ որպես էգ, որպես կին:
Շոկային էր, իհարկե, լսել նման ցանկություն: Թե՛ անկեղծության առումով, թե՛ էն հանգամանքի, որ ինչ-որ առումով երկրորդական կարեւորություն էր տրվում ենթադրյալ ապագա հոր ընտրությանը: Չգիտեմ՝ ով ոնց, բայց սա ես անձնական, ցեղական, սեռական վիրավորանք եմ ընդունում իմ հասցեին, որպես տղամարդ: Ուրեմն էդ ինչքա՞ն ենք մենք դարձել վախկոտ, ինչքա՛ն ենք մտել մամաների փեշերի տակ, ինչքա՛ն ենք մոռացել մեր որձության մասին, ինչքա՛ն խորն ենք թաքցրել մեր մեջ ամբարված Սերն ու ջերմությունը... որ աղջիկները ընկած մեզ են փնտրում... ու չեն գտնում: Բա ամոթ չի՞, բա մենք արժանի ե՞նք տղամարդ կոչվելու, որձ կոչվելու:
"Ogres are like onions!" :D
Այ մարդ, բացվեք էլի, բացվե՛ք վերջապես: Մի փոքր կտրվեք սեփական վախերից, սեփական ես-ից, սեփական անիրական ու փուչ, ֆիլմային-կարծրատիպային պատկերացումներից՝ ձեր ապագա կնոջ մասին, ձեր ապագա երեխաների մոր մասին: Չկա, հասկացե՛ք, չկա՛ աշխարհում սիրելու ոչ արժանի աղջիկ, տգեղ աղջիկ, ջերմության անարժան աղջիկ... Վերջ տվեք էդ նվնվոցներին, էդ անվերջանալի ենթադրություններին ու սեփական ֆոբիաներից սնվող եզրահանգումներին: Տեսա՞ր, նկատեցի՞ր... բռնի՛ր, ճանկի՛ր, խլի՛ր, փախցրո՛ւ, գողացի՛ր, թռցրո՛ւ, գետնի՛ր, էլի թռցրո՛ւ... զգա, թե ինչպես ես լցվում որձի ինքնագոհությամբ, զգա, թե ոնց ես լցնում էգի կանչող ու ցամաքած հոգին, մարմինը, միտքն ու սիրտը:
Վախենալ սխալվելուց ու պապանձվել-մնալ-դառնալ 38 տարեկա՞ն: Անուն կպցնել էս աղջկա հետույքին, էն աղջկա կրծքերին, երրորդի մազերին, չորրորդի ոտքերին, հինգերորդի քթին, վեցերորդի կզակին... Բա սազում ա՞: Բա դա տղամարդավարի է՞: Բա ափսոս չի՞ ձեր մեջ դրած էդ ուժը, էդ սերը, էդ մղումը, էդ տենչը... բա ափսոս չի՞: Տալ, լցնել, նվիրել, տրվել ու նվիրվել, հայտնաբերել էգի ներսում պարփակված Աստվածայինը, ու դարձնել դա նոր կյանք... բա մի՞թե սրա կողքին չեն խամրում մի քիչ թմբլիկ հետույքը, մի քիչ համեստ կրծքերը, մի քիչ նոսր մազերը, մի քիչ կարճ ոտքերը, մի քիչ սապատավոր քիթը, մի քիչ լայն կզակը...
Ինքներդ ձեզ տղամարդ, որձ համարող իմ ընթերցողներ, դուք պարզապես իրավունք չունեք չսիրելու, չերջանկացնելու, չտալու. կպատժվեք ու շատ դաժանաբար: Իմ կողմից չէ, երեւի հասկանում եք: Չասեք, թե չեմ զգուշացրել:
Ու ասեմ նաեւ, թե ինչից է պետք սկսել, որը պետք է լինի ձեր առաջին քայլը. սիրել ինքներդ ձեզ: Իսկապե՛ս սիրել, անկեղծորեն, ինքնահարգանքով ու ինքնաքննադատությամբ, բայց սիրել ու ցանկանալ, տենչալ շարունակվել:
Այսօր այսքանը :)
11.10.2012
* * *
Հղումը facebook-ում.
https://www.facebook.com/notes/407466385962047/