Որ ժամին ձեր սիրտը կուզի,
Իմ դուոը բաց է։
Մի նայեք, որ պատուհանիս
Լույսը հանգած է։
Քուն ու արթուն մի հարցրեք,
Ներս եկեք, տուն է։
Մինչև անգամ հույսն էլ քնի,
Հոգսը արթուն է։
* * *
Երկարեր գիշերն այս աշնանային,
Երկինքն արտասվեր ու հանգստանար:
Հղացումներս երգեր դառնային,
Եվ սրտիս աչքը սիրուց կշտանար։
Լքված օրերս դառնային հանկարծ
Ու զարկերակս լուռ շոշափեին
(
Read more... )
Comments 4
Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:
Շապիկիս փեշքից
Ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…
Խաշամ, ի՜նչ խաշամ,
Թեժաթուխ լավաշ,
Տավարն ուտում է,
Ու չի կշտանում:
Ես լուռ նստել եմ
Կապույտ մի քարի,
Կապտել եմ ես էլ,
Եվ կապույտ քարից
Տարբերվում եմ ես
Այնքանով միայն,
Որ ես դողում եմ,
Քարը չի դողում:
Գյուղ տանող ճամփով
Անցնում է հայրս,
Ցախը շալակին:
-Ցո՞ւրտ է,- հարցնում է:
-Տաք է,- ասում եմ:
-Քարին մի նստիր,
Վեր կաց,- ասում է:
-Տավարն,- ասում է,-
Լույսով չբերես:
Ասում է, գնում…
Անցել է ուղիղ
Քառասուն տարի…
Հիշեցրի երեկ,
Հայրս լաց եղավ:
Ինչո՞ւ հիշեցրի:
Reply
Շնորհակալ եմ:
Ողորմի նրանց, ովքեր գնացին...
Reply
Կարելի է և կամք, տղամարդկություն,
Ամեն մեկի բռունցքը յուր սրտի չափն է,
Ճջմարտությոան չափն է բռունցքը` սրտին խփելիս,
Վրեժի երդման սպառնալիքը` սեղմվելիս,
Իսկ եթե բացես բռունցքը, պարզես մատները - ճակատագիրդ է, կյանքիդ ընթացքը,
Ձեռքիդ մեջ ձեռք կա` հոգատարություն է, սեր է,
Իսկ ափիդ մեջ համայն աշխարհ կա. գիտելիքներդ, այն, ինչ հասկացել ես ճիշտ, նրանք, ում ճանաչել ես,
Ձեռքի ափով նաև ամոթն են ծածկում, վիշտը, անպատշաճ ծիծաղը,
Քնելիս կարող ես դնել այտիդ տակ,
Նորից ես ծալում մատներդ` քո բուռն է, խղճիդ ամենափոքր չափը,
Միայն ափիդ մեծությունը կարող է խիղճդ լայնացնել, ասել է թե` գիտելիքդ, խելքդ:
Բուռը հացի համար է, ջրի, կրակի, հողի, ծաղիկների...
Սիրտը բռունցքի չափ, ճամփան` ափի, կյանքը` մի բուռ:
Reply
Reply
Leave a comment