Որ ժամին ձեր սիրտը կուզի,
Իմ դուոը բաց է։
Մի նայեք, որ պատուհանիս
Լույսը հանգած է։
Քուն ու արթուն մի հարցրեք,
Ներս եկեք, տուն է։
Մինչև անգամ հույսն էլ քնի,
Հոգսը արթուն է։
* * *
Երկարեր գիշերն այս աշնանային,
Երկինքն արտասվեր ու հանգստանար:
Հղացումներս երգեր դառնային,
Եվ սրտիս աչքը սիրուց կշտանար։
Լքված օրերս դառնային հանկարծ
Ու զարկերակս լուռ շոշափեին...
Եվ հոգ չէ, հետո գալիս էր, թող գար
Նորին Մեծություն անխուսափելին։
* * *
ՈՂՈՐՄԻ ՏՎԵՔ
Հող ու ջուր չեմ ուզում ձեզնից,
Երեսիս հողով մի տվեք,
Ճյուղերս մի տարեք շուկա,
Ծաղիկս փողով մի տվեք։
Ստվերս քաշեք ձեզ վրա,
Նստեցեք, հով անեմ շոգին,
Մրգերս քաղեցեք մեկ-մեկ,
Տնկողիս ողորմի տվեք։
ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈԻՄ
Նստել, նորից միտք եմ անում,
Թե ի՞նչ տվի և ի՞նչ աոա,
Թե հողի տակ ի՞նչ եմ տանում,
Ի՞նչ եմ թողնում հողի վրա։
Նստել այսպես միտք եմ անում
Իմ մտքի հետ չարչարակից,
Ու ոչ մի բան չեմ հասկանում
Ոչ թողածից, ոչ տարածից։
* * *
Ինչ-որ խորհուրդ կա մի անպատմելի
Լուրթ ալիքների լաբիրինթոսում.
Գետը ներքևից վերև է հոսում,
Ձվադրումն է կարմրախայտերի։
Նայում եմ գետին ու խորհում եմ ես.
Հղացումներս էլ, լինում է մի պահ,
Գնում են դեպի ակունքները պարզ,
Կարմրախայտերի վտառների պես:
«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԻմ բլոգը