Ես էլ չե՜մ ուզում կոտրվող մարդու «ճարճատյունը» լսել...

Jul 28, 2016 16:47


Ես աշխարհում 2 սարսափելի, մղձավանջային-չմոռացվող ձայն եմ լսել՝ դագաղին թափվող հողի աղմուկն ու առողջ ծառի կոտրվելու ճարճատյունը /չէ՜, գիտեմ, ավելին էլ կա... ուղղակի Ճակատագիրն իմ հանդեպ բարեհաճ է...գոնե՝ դեռ...:) /...
Էսօր արթնացա երկրորդից...


Երեւանի էն հատվածը, որտեղ ես եմ ապրում, խոպան են կոչում... Երբ 2009թ-ին նախարար Օհանյանը հանձնում էր շենքի՝ բնակարանների բանալիները, ես սարսափում էի. շուրջբոլորը միայն քար էր ու չմշակված հող,ոչ մի կենդանի շունչ, ու միայն քիչ հեռվում՝ Շահումյանի գերեզմանոցը... Ա-մա-յութ-յուն...





7 տարվա ընթացքում շենքի բնակիչների ջանքերով մեր բակում ծառեր հայտնվեցին, որոնք արդեն պտուղ են տալիս, անմշակ հողը մշակվեց, կանաչը՝ շատացավ...Ծառերի շվաքին էլ նստում ու զրուցում էին...


Էսօր ծառի շվաքին 3 բանվոր էին հանգստանում... «Մեծ» գործ էին արել՝ բակի բոլոր ծառերն ավիրել էին՝ որն արմատախիլ արել, որը՝ կոտրել, որն էլ՝  ճխլել... բերքատու՝ վրան լի՜քը պտուղ՝ թզից մինչեւ բալ...
Բակի կանաչապատման հարցում ամենամեծ ներդրում ունեցած, հետինսուլտային վիճակում գտնվող Ամալյա տատիկի վախեցած հայացք-հարցին էլ հպարտ ասեցին՝ էստեղ եմ ինչ պիտի հողին հավասարեցնենք:
Նե՜նց հպարտ ասեցին:
Էն, ինչ էս երկրում բացարձակ բոլորի մոտ ամենալավն է ստացվում. հողին հավասարեցնել:


էդ վերջին ծառն էլ թողել են, որ մինչ հավասարեցնելը մի բանի տակ հովանան...
***
Չէ՜, ես չեմ ասում ապօրինի է...
Ամենայն հավանականությամբ բակի ոչ մի բնակիչ հողի ոչ մի կտորի իրավունք չունի ու չուներ: Ուղղակի մարդիկ սրտացավ էին, խոպանը հերկեցին, դարձրին բերրի /ապօրինի, երեւի.../, բակը կանաչապատեցին, թռչուններ եկան մեզ հյուր, մինչդեռ 6-7 տարի առաջ մեր միակ շնչող հարեւաններն ու «հյուրերը» կարիճներն ու օձերն էին...
Ու միակ բանը, որ ինձ մեջից խեղդում է, էն է, որ ոչինչ շնորհքով չեն անում: Որ թողնում են՝ մարդ երեխա մեծացնի. հետո գլխին խփում են, որ թողնում են փոիսց բարձրանաս-թթվածին զգաս ու կապույտ երկինքը նշմարես, հետո բրդում-գցում են փոսը, ավելի խորը. որ կայք ես սարքում, օր ու գիշեր չես քնում, քեզ ես դնում էդ ամենի մեջ, հոգիդ, բառիս բուն իմաստով՝ կյանքդ,իսկ հետո խլում են ձեռքիցդ... Ու նույնն էլ էստեղ...
Ցավացնում է, որ մարդիկ՝ զինվորականները, ծառայությունից հետո երեկոյան գալու են տուն, ու տեսնեն իրենց բակը, իրենց տնկածը, իրենց թափած քրտինքի արդյունքը ա-վի-րած... Մի՞թե հնարավոր չէր ամեն ինչ քաղաքակիրթ անել, առանց ավիրելու, ոչ թե քանդելու, այլ՝ ստեղծելու ոգով...
Հա՛, էստեղ շենք են սարքելու... կամ շենքեր... Հա, գուցե 200 ընտանիք վերջապես բնակարան ունենա /ոնց որ հայրս ունեցավ՝ 4 հոգուն 1 պստիկ սենյակ/... Ու հա՝ էդ հրաշալի է... Բայց ոնց որ մաման է սիրում կրկնել. «էնքան կարեւոր չէ, թե ինչ ես ասում, որքան՝ ինչ տոնով ես դա ասում...»... Մի՞թե տոնը փոխել հնարավոր չէր...


Թե՞ քանդողի հոգեբանությունն գերեզմանաչափ խորությամբ բույն է դրել մեզանում: Ա-մե-նուր...
Ես աշխարհում 2 սարսափելի, մղձավանջային-չմոռացվող ձայն եմ լսել՝ դագաղին թափվող հողի աղմուկն ու առողջ ծառի կոտրվելու ճարճատյունը...

Ես էլ չեմ ուզում կոտրվող մարդու «ճարճատյունը» լսել...

մարդատյաց apasionade, թեւերս, sos, մենք, no comment, ընդվզում, ճիչ

Previous post Next post
Up