Նիցցան մի քանի օր առաջ աշխարհը լացացրեց...
Նիցցան ուղիղ 1 տարի առաջ լացացրեց ինձ...
Ստեփան Սարգսյանի մրցաշարի 1-ին օրն էր: Առավոտյան հասա «Միկա», արձանագրություններս ստացա, միացրեցի համակարգիչս…
Հետոյից հիշում եմ միայն լացակումած աչքերով գոտեմարտերը նայելս/չտեսնելս ու եզրափակիչներից առաջ «Արմենիայի»՝ Ավետիսյան Գրիգորի գրկելը. «Գայ, ցավակցում եմ»…
Նիցցայի հոսպիտալում խախտվել էր F1-ի 21-ամյա լիակատար հանդարտ-անմահ դարաշրջանը՝ F1-ի աշխարհին տալով 35-րդ զոհը:
***
286 օր ավտոսպորտի աշխարհը հրաշք էր ակնկալում երիտասարդ արշավորդի համար, նրա անվան ցանկացած հիշատակում զուգակցվում էր #ForzaJules հեշթեգ-աղոթք-կոչով: Այդ խոսքերն էին նրա ընկերների բոլիդներին ու սաղավարտներին, նրա հոր՝ Ֆիլիպպի ձեռքին…Բայց հրաշքը տեղի չունեցավ:
286 օր ձգված պայքարից հետո Marussia-ի արշավորդ Ժյուլ Բյանկին հանձնվեց:
Նման ելքը անխուսափելի էր թվում բոլորի համար՝ բժիշկների, ընտանիքի, երկրպագուների ու ընկերների, բայց միևնույն է՝ արշավորդի մահը շոկ դարձավ բոլորի համար, բո-լո-րի... Նման բանին պատրաստ լինելը պարզապես հնարավոր չէ/ր:
Click to view
Վայրի, վայրենի, անիմաստ վթարը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Բյանկին վերելք էր ապրում՝ F1-ում նրա լավագույն արդյունքը դեպքից միայն մի քանի ամիս առաջ էր գրանցվել: Manor-ում չեն թաքցնում՝ թիմի այսօրվա գոյությունը է հենց այն՝ մայիսիյան P9-ի շնորհիվ է մեծապես... Անգամ այդ՝ ողբերգական մրցաշրջանում Բյանկին կարողացավ գլխից վեր թռնել ու խորտակված Marussia-ին Manor-ի կյանք տալ:
Ճապոնական վթարը շոկ էր... Թաց մրցուղի, վատ տեսանելիություն, շատ բարձր արագություն շրջադարձում, անվտանգության գոտի, որը զբաղեցրել էր էվակուատոր-տրակտորը:
Հեռարձակման ռեժիսորը չէր կողմնորոշվում՝ ինչպես ցույց տալ միջադեպը, մեկնաբանները շփոթվել էին ու շվարել, բացարձակ շփոթված էր նաև Ադրիան Սուտիլը, ում մեքենան էվակուացնելու նպատակով էր այդ չարաբաստիկ շրջադարձում գտնվում ոչ պակաս չարաբաստիկ տրակտոր-էվակուատորը...
F1-ի խաղաղ դարաշրջանում պարզապես չգիտեին՝ ինչպես արձագանքել այդ սարսափելի վթարին…
Այրթոն Սեննան ժամանակին ասել է. «Երբ մենք հիշում ենք նրանց, ում մենք կորցրել ենք, մենք նրանց կյանքի մասնիկ ենք տալիս, անմահության շշունջ…»
Ժյուլին կհիշեն, կյանքի մասնիկ ու անմահությանն շշունջ կտան դեռ երկար…
Կհիշեն, ինչպես չեն մոռանում նախորդ 34-ին:
Կհիշեն նաև նրա ժպիտը, կյանքի համար մղվող երկարատև ու միաժամանակ դատապարտված պայքարը, կհիշեն 2014թ-ի Մոնակոյի գրան-պրիում Ժյուլ Բյանկիի արարած փոքրիկ հրաշքը՝ այն, ինչ ամենից շատ Ժյուլը կուզեր հիշեն՝ իր արագությունը…
Ու կհիշեն նաև այն վերջին լուսավոր ու պարզ կադրերը՝ վթարից շրջաններ առաջ, երբ կարմիր դրոշներով սեսսիան ընդհատված էր, բոլորն այս ու այն կողմ էին վազվում՝ օպերատորները ֆիքսել էին Ժյուլին՝ սաղավարտի վիզորը մաքրելիս՝ պարզ, մաքուր, կենտրոնացած ու մե՜ծ ապագան աչքի առաջ...
* * *
Ե՛ս ԵՐԲԵՔ չեմ մոռանա էդ կադրը... 3-րդ շրջանում... Կարմիր դրոշների ժամանակ...
Ու էդ գրան-պրին չեմ մոռանա... ու միշտ կհիշեմ Բյանկիի ժպիտը...