Տեղեր. կոշտ հողից վեր՝ դեռ երկինք չհասած

Jan 22, 2014 10:58

Էս գյուղը 2012-իս հայտնությունն էր…
Մի քանի տարիների երազս, որ սիրուն շոյեց ու անցավ գնաց… Նույնքան սիրուն ու քնքուշ, որքան՝ ինքն է…
Նրա մասին շատերը գուցե չեն էլ լսել… Այնտեղ միջհամայնքային ավտոբուսներ չեն գնում, այն քաղաքակիրթ աշխարհին շատ մոտ ու այդ նույն աշխարհից աննկարագրելի կտրված է /թվում…
Տեղե՜ր…
Անվան ծագումնաբանության մեջ խորանալու դեպքում գուցե շատ ու շատ հետաքրքիր վարկածների հանդիպեմ... Բայց ե՛ս հո գիտեմ, որ Տեղերն իմ հավատի, սրտի ու հոգու ներդաշնակության տեղերն է… Կոշտ հողից վեր՝ դեռ երկինք չհասած… Ու դեռ չընկած…
Տեղերն իր գիրկն եկած ցանկացած ոքի հպարտ է դիմավորում. վանքի մուգ մոխրագույն, երկինք սլացող պատերով ու դրանցում դաջված փամփուշտների հետքերով, որ լուռ հիշեցնում են գյուղի հերոսական անցյալը…


Զարմանալի տեղ է Տեղերը… Մի տեսակ առասպելական… Վեհի, հպարտի, անկոտրումի ոգին այդ գյուղում ամենուր է… Ու ամենուր է նաև խոնարհվածությունը՝ ժամանակներին, իրադարձություններին, դիպվածներին, իրականությանը… Պարադո՞քս… Գուցե…
Վանքից ոչ շատ հեռու մի հուշարձան կա՝ Հայրենական Մեծ պատերազմում ու Արցախյան գոյամարտում զոհված տեղերցիների հիշատակին հուշարձան… Եթե կուզեք՝ վանքի հերթական մի մատուռը… Ու 36 անուն.  34-ը զոհվել են Հայրենական Մեծ պատերազմում, 2-ը՝ Պետոն ու Ազատը, Ղարաբաղում…


36 անուն… 36 ճրագ… Էն դեպքում, որ 40-ականների սկզբին գյուղի բնակչությունը շուրջ 600 մարդ է եղել, 90-ականներից՝ 90 մարդ…
Հա՛, ժամանակին գյուղը փակել են, հա՛, դատարկել… Բայց հիմա էլի նույն Տեղերն է՝ ազատ, երկինք սլացող… ու դատարկ:
Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է. «Գյուղն ունի առկա 117 տնտեսություն»… ու հավելվում՝ բնակչությունը՝ 90 հոգի…


Երբ քայլում էի գյուղի փողոցներով, թվում էր, թե  «Արեգնազանի» քարե քաղաքում եմ ու միայն բնությունն է էստեղ շնչում… Ամենուր՝ կողպեքներ, փակ դռներ-պատուհաններ ու՝ գյուղի այդ կիսատությունը խորհրդանշող էս ծառը. համատարած գարունի մեջ գարունը կյանքի անցյալում թողած…


Բայց իր գարունը Տեղերն ունի՝ օգոստոսին է, օգոստոսի երկրորդ կիրակին՝ հայտնի Դղրա ուխտի օրը, երբ ոչ միայն վանքում ու վանքի մերձակայքում, այլ՝ ողջ գյուղում ասեղ գցելու տեղ չի լինում… Տեղերն այդ օրը նմանվում է մի մեղվաբնի, որի մեղուները նեկտար բերելու փոխարեն հավատ են քաղում՝ դրանով մի ամբողջ տարի ապրելով…
Էդ հավատից ես էլ եմ քաղել. արտասովոր, մի քիչ մոգական, մի քիչ՝ վերերկրային, փոքր ինչ երկրայինացված, կատարյալ ներդաշնակ ու կատարյալ նվիրված…
Նվիրվածությունն ու ներդաշնակությունը, վստահ եմ, Տեղերի հիմքում են եղել…
Գավթի շքամուտքին Տեղերի վանքի շինարարությունը հանձնարարած Մամախաթունը՝ իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը, ժամանակին փորագրել է. «Ես՝ Մամախաթունս, շինեցի զեկեղեցիքս զմեծ և զփոքր և զժամատունս յիշատակ ինձ և առն իմոյ Վաչեի...»… Վանքը կառուցվել է տարիներ շարունակ ու պատրաստ եղել Վաչեի մահից հետո միայն…
Ուրեմն՝ ի հիշատա՞կ…
Հանո՛ւն սիրո, հենց դրա՛ նվիրվածության…           
Տարին 365 օր՝ այն 1-ը, միակը մտքում… Ու այդ մեկը՝ 365-ին թիկունք…
Էս էլ ի՛մ Տեղերը… Իմ տեսած, զգացած, ապրած, վեր թռած ու երբեմն ընկած, վերերկրային ու խիստ հողե…
Հ.Գ.
Գուցե ավելորդ է ու գրվածիս հետ կապ չունի... Բայց ... Տեղերից ֆոտոպատառիկներ... Ի՛մ բաժին Տեղերից...















կատարսիս, ես, սևագիր, անձնական

Previous post Next post
Up