Երբ ամուսիններով կռվում էին, ամուսինը ձեռքն ընկած իրը գոռուն գոչյունով , հայհոյանքներով շպրտում էր կնոջ վրա:
Կնոջ ռեակցիան արդեն էնքան ուժեղացել էր, որ ոչ մի իր , որոնց մեջ նաև թանկարժեք սպասք էլ կար՝ ճենապակյա ափսեներ, հախճապակե վազեր ու չեխական խրուստալից տարբեր իրեր, արձանիկներ, որոնք խնամքով ցուցադրվում էին կոմոդի վրա, չէր թողնում ընկնեն գետնին փշրվեն: Կյանքի գնով օդում բռնում էր, հատակին դնում:
Կռիվները թեժ էին լինում, հիմնականում ամուսնու հերթական դավաճանությունից հետո: Ամուսինը կնոջը դավաճանում էր ամուսնացած կանանց հետ ու էն հարցին, թե՝ բա որ ամուսինդ իմանա, կանայք հիմնականում հանգիստ պատասխանում էին, երբեք չի իմանա....Ու էս պահը մի թունավոր որդ էր գցում ամուսնու ուղեղի մեջ, թե գուցե ինչ որ մեկն էլ իր կնոջ հետ է հանդիպում.... Ու նախորոք, առանց ապացույց, հենց գինովացած էր լինում, արյունը գլխովն էր տալիս....
Սկեսուրը չէր խառնվում, մտածում էր, առանց կրակ ծուխ չի լինում, համ էլ եթե չկա նման բան, թող իմանա, բա որ լինի, ոնց գլուխը կջարդի իր նամուսի գերի տղեն....Միայն ամենաթեժ պահերին սկեսուրը գնում իր սիրած անտիկվար իրերը տղայի տեսադաշտից հավաքում էր, չնայած տղան գիտեր ինչը շպրտեր, ինչը ոչ:
Մի անգամ էլ երբ հերթական կռվի ժամանակ հարսը օդերում ափսեի ու արձանիկների կյանքն էր փրկում, աչքով ընկավ, որ սմուսինը սկեսուրի սիրած արձանիկն է ձեռքը վերցրել, շատ վստահ լինելով, որ կինը չի թողնի, որ գնա կպնի պատին, հազար կտոր լինի: Բայց ավաղ, էս մի անգամ կինը ոչ թե բռնեց, այլ գլուխը թեքեց, որ իրեն չկպնի, ականջի մոտով սուրալով արձանիկը գնաց դիպավ պատին ու փշուր, փշուր եղավ:
Տղայի մայրը առաջին անգամ ռեալ վատացավ, ճվաց, ճչչաց, ծղրտաց, թե՝ ո՞նց կարող էիր, ո՞ոոոոոնց...Դու դիտմամբ արեցիր, դիտմամբ չբռնեցիր, որ փշրվի երկուհարյուր տարվա հնություն ունեցող արձանիկը....Դու դաժան կին ես, դու իմ մահն ես ուզում:
Մեկ էլ սիրտը բռնեց, ընկավ գետնին, մինչ հարսը կարծում էր, որ սուտ է անում, տղան ուզում էր ճշտել, թե իրո՞ք մայրը վատ է, մայրը արդեն հոգին փչել էր....
Ոստիկանությունում հարցաքննեցին նաև հարևաններին, ու պարզվեց, որ խեղճ տղեն ամեն օր սրտահան է եղել կնոջ դավաճանությունների պատճառով, ասացին իրենց լսած խոսքերը, որ ՛՛մեկ ա ես քեզ կբռնացնեմ, վիզդ կկտրեմ, որ ես թասիբի մեռած, շրջապատով տղա եմ, դու դարձի արի և այլն, և այլն՛՛....
Կինը բոլորի համար անսպասելի, խոստովանեց, որ հա դավաճանել է ամուսնուն հաճախակի, բայց սկեսուրը մահացել է արձանիկը պատով տալու պատճառով:
Իսկ արձանիկը ամուսինն է պատով խփել:
Ամուսինը լսելով կնոջ խոստովանությունը, որ գիտեր հազար տոկոս սուտ է, ոստիկանությունում վրա բերց, թե աղջի դու հո աննորմալ չե՞ս, էդ ի՞նչ ես ասում....Կինն էլ թե,հա, ճիշտ եմ ասում, ես միշտ քեզ դավաճանել եմ, դա կհաստատեն բոլորը, ողջ ողջ թաղը քաղաքը ու....
Ամուսինը չէր սպասում էսպիսի խայտառակ շրջադարձի, վստահ էր, որ կինը երբեք չի դավաճանել, որ կինը իր նամուսի խաթեր ամեն ինչ կանի, որ մաքուր դուրս գա....Ու արի տես, անամոթաբար ստում ա, որ իրեն խայտառակ անի, կոտոշներ սարքի, վրեժ լուծի էդպիսով: Ու էդպես էլ եղավ, ընկերների աչքին ամուսնու կոտոշները մինչ երկինք էին հասնում, ամեն հանդիպելիս քչփչում էին իրենց ընկերոջից, ով էդքան նամուսի մեռած էր...
Ոստիկանությունում ամուսինը սովորության համաձայն, հեռսից վերցրեց դեմի ջրով լի կուժը, ու մի ակնթարթում շպրտեց կնոջ վրա, կինը սովորության համաձայն, վայրկյանապես որսաց կուժը, դրեց տեղը: Ու բոլորը մեկ անգամ ևս համոզվեցին, որ կինը արձանիկին միտումնավոր չի փրկել, սկեսուրի մահը իր խղճի վրա է,բայց ապացույց չկար, որ սպանություն է եղել....
Տղամարդը բոլորովին չէր ցանկանում բաժանվեր իր կնոջից, որին իրոք, շատ էր սիրում , բայց հասարակությունն ու շրջապատը լու՜ռ ու անխոս , ուրիշ բան էին պահանջում...
Իսկ հասարակությաը շատ քչերն են, որ չեն ենթարկվում:
Ու ամուսիններով բաժանվեցին, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, կողքից հանկարծ սխալ բան չֆիքսեն մարդիկ, ընկերները, ինքը ճշտով ապրող տղա է....
Կինը ուրախ էր, որ էլ ոչ մեկին , երբեք չի ապացուցելու իր նամուսով լինելը , Ամուսիննն էլ...
Դե ի՞նչ ամուսինը.....Ի՞նչ կար իր ձեռքում այլևս... Սուս ու փուս իր սարքած շիլան պիտի տարիներով ուտեր, դուր էր գալիս իրեն, թե ոչ, դա արդեն շրջապատը չէր քննարկում: